▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցնող տարին ուղենիշային կլինի գալիքի համար. «Ժողովուրդ»

Մի քանի օրից Հայաստանը կթեւակոխի 2015թ.՝ ետեւում թողնելով 2014-ն ու դրա մատուցած ամբողջ թոհուբոհը: Հատկանշական է, որ անցնող տարին մեր պետության համար որեւէ իրական առաջընթաց չբերեց, ինչը ներկայումս տեղի ունեցող միտումների համատեքստում խիստ վրդովեցուցիչ հանգամանք է: Ըստ երեւույթին՝ 2014 թվականին սկսված գործընթացներն իրենց հաստատումին են սպասելու գալիք տարի, եւ վերջինս է առարկայականորեն գնահատելու նրա նշանակությունը եւ կանխորոշելու պատմության առաջ նրա պատասխանատվության աստիճանը:

 

Վարչապե՞տն էր մեղավոր

2014թ. հիշարժան իրադարձություններից առաջինը վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի ազատումն էր: Վերջին տարիներին ակտուալ թեմաներից մեկը համարվում է Սերժ Սարգսյանի իրավահաջորդների հիմնահարցը, որոնց շարքում հիշվում էր նաեւ Տիգրան Սարգսյանը՝ որպես «նորօրյա Խրուշչյով»: Այդուհանդերձ, կյանքը ցույց տվեց, որ նախկին ԱԺՄ-ականին նախագահ դառնալու բախտ վիճակված չէր, եւ ով Սերժ Սարգսյանի կողմից «զոհաբերվեց» ներքաղաքական հարցերում դիվիդենտներ վաստակելու համար: Պատահական չէ, որ Տիգրան Սարգսյանի հեռացումը տեղի ունեցավ բավականին դյուրին, ինչի արդյունքում թվաց, թե դա ձեռնտու էր քաղաքական գրեթե բոլոր խաղացողներին: Նորընծա դեսպանը երկրի ներսում սոցիալական ոչ մի հենարան չուներ եւ հաճախ էր ինքնանպատակ գործողություններով հարվածում քրեաօլիգարխիկ համակարգի զանազան ներկայացուցիչներին:

Այս իրավիճակում, ըստ էության, գրեթե բոլորը շահող դուրս եկան. Սերժ Սարգսյանը զոհեց վարչապետին եռյակ/քառյակի դեմ վարվող շախմատում՝ վերջինիս կանգնեցնելով «ցուգցվանգի» առաջ, ԲՀԿ-ն վարչապետի աթոռում իրեն անհաճո Տիգրան Սարգսյանին փոխարինեց խնամի Աբրահամյանով, իսկ վերջինս էլ վերջապես ստացավ Կառավարության ղեկավարի՝ իր կողմից տարիներով երազած պաշտոնը՝ ակամայից կանգնելով ապագայում զոհաբերման հարմար ֆիգուր դառնալու վտանգի առաջ: Իսկ, ահա, ժողովուրդը կրկին մնաց ձեռնունայն՝ խաղարկվելով «վարչապետափոխության» արարում: Քչերը հարցրին՝ ի՞նչ էր իրենից ներկայացնում քաղաքական անհիմն ամբիցիաներ ունեցող, սակայն գործնական պոտենցիա չունեցող Տիգրան Սարգսյանը, երբ փաստ է, որ Հայաստանում իրականում մի հոգի է հարց լուծողը:

 

Իշխանափոխությո՞ւն, թե՞ ...

2014թ. գործնական դարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը եւ հանրահավաքային համատեղ գործողություններ տեղի ունեցան ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն ֆորմատով: Որքան էլ սույն դաշինքը բնութագրվեց որպես անբնական միավորում, այն փաստացիորեն կարողացավ երկու բազմահազարանոց հանրահավաք անցկացնել Երեւանում, իսկ մի քանի ամիս առաջ նպաստել Տ. Սարգսյանի պաշտոնանկությանը: Այսուհանդերձ, այս միավորումը համաժողովրդական գործին առայժմ որեւիցե նպաստ չի բերել: Միաժամանակ հարկ է նկատել, որ իրական իշխանափոխությանը միտված գործողությունների անցնելու հարցում միավորումը պայմանավորվել չկարողացավ՝ սահմանափակվելով ոչինչ չասող շտաբների բացման գործողություններով: Իրականում տարօրինակ է, որ ողջ հանրապետությունով սփռվող հեռուստաընկերություն ունենալու եւ ինֆորմացիան տեղ հասցնելու խնդիր չունեցող դաշինքն առաջնորդվում է 20-րդ դարում մնացած մեթոդներով: Նման իրավիճակը հուշում է, որ դաշինքի հանգրվանը կա՛մ իշխանափոխությունը չէ, կա՛մ էլ դա ձգձգվում է ինչ-ինչ ներքին կամ արտաքին շրջանակների ձեռամբ: Ըստ էության, ակնհայտ է, որ այս համախմբումը խոստանում է զարգացումներ արձանագրել 2015թ., եւ այդ ժամանակ միայն պարզ կլինի՝ դաշինքը կպառակտվի, թե կհաղթի: Որքան էլ ԲՀԿ-ն հանդարտ գործողությունների քարոզ հնչեցնի, այդուհանդերձ, հազիվ թե հնարավոր կլինի, ամիսը մեկ հանրահավաք անելով, նույն հռետորաբանությամբ հասնել 2017թ.:

 

ԵՏՄ. դարավոր երազանք

2013թ.-ին Սերժ Սարգսյանը հռչակեց հայ ազգի «դարավոր երազանքը»՝ հայտարարելով ԵՏՄ-ին միանալու մասին: Ամիսներ տեւած ձգձգումներից հետո՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, վերջապես ստորագրվեց չարչրկված այդ պայմանագիրը: Այլեւս կայացած համարելով Հայաստանի անդամակցությունն այդ միությանը՝ հիշարժան է, որ դրան միանալ-չմիանալու հետ կապված բազամթիվ հրապարակումներ ու բանավեճեր եղան, սակայն այդպես էլ բաց մնաց հարցը՝ ո՞րն էր այլընտրանքը: ԵՏՄ-ին իրավիճակի դրդմամբ դեմ չեղածների համոզմամբ՝ իրավիճակն ասոցացվում էր 1920թ. հետ, երբ Հայաստանը կառավարող դաշնակցական էլիտան ճիշտ չգնահատեց պահը եւ ստացավ Ալեքսանդրապոլի, դրա հիմամբ՝ Մոսկվայի եւ Կարսի նվաստացուցիչ պայմանագրերը: Այսօր իշխանության տարբեր ներկայացուցիչներն էլ, սկզբում կողմ լինելով եվրաասոցացմանը, Սերժ Սարգսյանի խոսքերից հետո հիշեցին, որ դեռ օրորոցային փափագ են ունեցել ԵՏՄ-ին միանալու շուրջ: Ցավոք սրտի, ԵՏՄ-ին միանալ չցանկացողներն այդպես էլ ի վիճակի չեղան թեկուզ 100 հոգանոց մի ակցիա իրականացնել: Իրականում սա բավականին տխուր պարագա է, քանզի նման պայմաններում խախտվում է արեւմուտքի եւ հյուսիսի տեղական միտվածության հավասարակշռությունը՝ իր աղետալի հնարավոր հետեւանքներով: Հենց միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանը վերջին շրջանում ակնհայտորեն արհամարհում է Հայաստանն ու նրա ղեկավարությանը, ներում այլոց ահռելի պարտքերը, Ղրղզստանին մեծ արտոնություններով միացնում ԵՏՄ-ին, իսկ Հայաստանին անգամ չի էլ հիշում որպես իր ռազմաբազան տեղակայող երկրի, ապացուցում է, որ մեր պետությունը դիմադրելու ոչ միայն ռեսուրս չունի, այլեւ նույնիսկ լուրջ չի ընկալվում «ոխերիմ» դաշնակցի կողմից:

Փաստենք, որ 2014թ. ՀՀ-ի համար եղավ լիովին անորոշ, իսկ արդեն ավարտին՝ ռեգրեսիվ տարի: 2014թ. իր ողջ տրամաբանությամբ պիտի լիներ հեղափոխության ու իշխանափոխության տարի՝ ելնելով իշխանության ապաշնորհ գործողություններից, արտաքին դրությունից եւ ժողովրդական ծայրահեղ դժգոհությունից: Այսուհանդերձ, հեղափոխությունը վիժեց, մինչդեռ ժողովրդական հիասթափությունը բազմապատկվեց՝ էլ ավելի ամրապնդելով արտագաղթողների մտադրությունը, գործազուրկների անմխիթար վիճակը եւ իշխանավորների հարստացումը:

Բայց ամեն դեպքում, լավատեսությամբ զինված, մտնում ենք 2015 թվական:

Հեղինակ` ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more