▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անգամ իմ թաղումն եմ պատկերացրել». Արսեն Սաֆարյանը՝ պատերազմի և իր հոգեվիճակի մասին

Երգիչ Արսեն Սաֆարյանը հյուրընկալվել էր «Տեսլական» հաղորդմանը, որի ընթացքում խոսել էր առողջական խնդիրների, բարդ փուլերի և այլ թեմաների մասին։

ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մանրամասները։

Զրույցի ընթացքում Արսեն Սաֆարյանը խոսել էր նաև պատերազմի և դրանից հետո իր մոտ առաջացած հոգեվիճակի մասին՝ ասելով, որ վիրավորանք կա.
«Վիրավորանք կա, որ ինչու այսպես ստացվեց։ Հազարավոր տղաներ ոտքի էին ելել և հավատում էինք, որ տերն ենք լինելու մեր հողի, բայց երբ որ այդպես չստացվեց, քո անձնական խնդիրը չի երևում աչքիդ, որովհետև ինչքան տղաներ հետ չեկան, կիսատ-պռատ եկան։ Ես այդպես եմ նայում և ասում եմ, Փառք Աստծո, լուծում կա և կքայլեմ։ Գուցե սկզբում սկսում ես մի հոգու մեղադրել, երկու հոգու մեղադրել, բայց հետո ավելի շատ ինքդ քեզ հետ ես վիճում և հասկանում ես, որ մենք ենք մեղավոր եղել, որ այսպես ստացվեց։ Եթե մի քիչ շատ սիրեինք, ոչ թե կենացով ու խոսքով, այլ մեր գործողություններով, եթե մի քիչ քիչ էգոիստ լինեինք, գուցե մեր բանակն էլ ավելի մարտունակ լիներ, էլ ավելի պաշտպանված լինեինք։ Չեմ ուզում անձնավորել»։
Արսեն Սաֆարյանն ասել էր նաև, որ ինքը չի հավատացել, որ Շուշին ընկել է.
«Ո՞նց կարար Շուշին ընկներ։ Ես չէի հավատում, որովհետև երբ ես Արցախից դուրս էի գալիս, ես պարտված Արցախ չեմ թողել, ես պայքարող Արցախ եմ թողել։ Վախ կա, որ վաղը թուրքը կարող է մտնի իմ ծննդավայր, իմ գյուղ, ի՞նչ է լինելու, իրար երեսի ո՞նց ենք նայելու։ Անտեր ենք թողել, մենակ ենք թողել, գաղթօջախ ենք սկսել Արցախին նայել ու դու անզոր ես քեզ զգում»։
Դեռ պատերազմի օրերին տեսանյութեր էին տարածվում, որտեղ երևում էր, թե ինչպես է Արսեն Սաֆարյանը կիթառ նվագում և երգում մարտի դաշտում։ Արսենը, խոսելով այդ մասին, ասել էր, որ այդ պահին դեռ չէին էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց.
«Սարսափելի հոտ ունի պատերազմը, զզվելի հոտ ունի։ Հետո, երբ դու քեզ այդ իրականության մեջ տեսնում ես, չգիտես՝ 2 ժամ հետո կամ վաղը ապրելու ես, թե ոչ, այդ ժամանակ սիրում ես ամեն րոպեն։ Ես պետք է երգեի, ես դրա համար էի, որ իրենց կողքին լինեի։ Դու տեսնում էիր, որ քո ամեն երգը, ամեն տողը իրենց հոգին է մտնում և իրենք մտահոգ են։ Ինձ մոտ բաժանվում է 2 մասի՝ մինչև պատերազմ և պատերազմից հետո։ Ես երբեք էլ շատ նյութապաշտ չեմ եղել, բայց պատերազմից հետո դա երևի կրկնապատկվեց։ Մարդկանց եմ սկսել կարևորել, մարդկանց, ընկերներիս, ամեն օրն եմ սկսել կարևորել»։

Երգչի խոսքով՝ պատերազմի սկզբում շատ մեծ էր վախի զգացողությունը, քանի որ պատերազմի մեջ անփորձ ես, բայց, ըստ նրա, հենց այդ փուլը հաղթահարում ես, էլ ոչնչից չես վախենում։
«Մտովի տեսնում ես շատ բաներ՝ նույնիսկ քո թաղումը, մտածում ես ով կգա, ով չի գա։ Անհանգստությունի ամենաշատը ընտանիքիս, երեխաներիս համար էր։ Մտահոգվում էի, որ ինձ մի բան լինի, ի՞նչ է լինելու իրենց հետ»։
Այնուամենայնիվ, պատերազմի շրջանում քիչ չէին նաև կարծիքները, որ Սաֆարյանը պատերազմի դաշտ է գնացել ձևի և փառքի համար։ Թեմայի մասին խոսելիս երգիչը նշել էր.
«Մարդ պետք է մտքով շատ բոբիկ լինի, որ մտածի թե դու կարող ես մարտի դաշտ գնալ սելֆի լինելու համար։ Զայրույթ զգացի, երբ որ դա լսեցի»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more