▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանը նոր տարում նոր եռանդով ու նոր իմիջով է ներկայանալու

Հայկական ամենաաղմկահարույց պոռնոսկանդալի հերոսուհին` դերասանուհի Անժելա Սարգսյանը ներկայացրել է 2012 թվականին իր կյանքում տեղի ունեցած ամենանշանակալի իրադարձություններն ու 2013-ից իր սպասելիքները:

168.am-ին Անժելա Սարգսյանի  տված հարցազույցը  ներկայացնում ենք նաև Asekose.am-ի ընթերցողների ուշադրությանը:

 

- Որտե՞ղ եք նշելու Ամանորը:

- Տանը՝ նեղ ընտանեկան շրջապատում, ինձ համար ամենահարազատ մարդկանց հետ:

- Ի՞նչ տվեց 2012 թվականը, ո՞րն էր այս տարվա ամենանշանակալի իրադարձությունը, ի՞նչ տվեց այն Ձեր դերասանական կարիերայում:
- Բեղուն աշխատանքային տարի էր… Եղան նաև հյուրախաղեր: Իսկ ամենագլխավոր իրադարձությունը ձագուկիս դպրոց գնալն էր: Իհարկե, միայն դպրոցով չենք բավարարվել, նաև` պար, կիթառ և դաշնամուր:

- Որքան գիտենք` թատրոնում Ձեր դերերն ավելացել են, իսկ կինոյում այլևս չեք նկարահանվում, ինչո՞ւ:
- Այո, թատրոնը, իմ կարծիքով, ավելի մոտ է արվեստին… Բացի այդ, զբաղվածությունս բավականին շատ էր այս տարի, կարևորել եմ կարևորը…

-Ո՞րն է Ձեր երազած դերը:
- Յուրաքանչյուր դեր, որտեղ դերասանը աշխատելու տեղ ունի, կարելի է ասել` ցանկալի է: Իսկ ինձ համար գայթակղիչ են լուրջ հոգեբանական վերլուծություն պահանջող դերերը:
-Կա՞ որևէ դեր, որը Ձեզ համար անընդունելի է:
- Այո, անբարոյական մարդու… ամեն սրբությունից զուրկ մարդու կերպարը:

- Ձեր խաղացած դերերում փորձում եք մարմնավորել հայ կնոջ կերպարը, թե՞, այնուամենայնիվ, արվեստը ազգություն չի ճանաչում:
- Կան դերեր, որոնցում մեծ հպարտությամբ մարմնավորել եմ հայ կնոջ կերպարը, սակայն, եթե ավելի գլոբալ նայենք` մարդը նույնն է ամենուր…
- Ճանաչվածությունը Ձեզ համար բե՞ռ է թե՞… Այն Ձեզ օգնո՞ւմ է թե՞ խանգարում:
- Միշտ հաճելի է իմանալ, որ սիրված ես ժողովրդի կողմից: Ես փոխադարձ սիրով եմ լցված մարդկանց նկատմաբ և չեմ հասկանում, թե ինչպես կարող է ճանաչվածությունը խանգարել:

- Ի՞նչ է ազատությունը Ձեզ համար:
- Ազատությունը դա ոճ է, ջազ, մտածելակերպ… թռչունի պես սավառնել…
- Ինչպե՞ս եք վերաբերում քաղաքացիական հասարակությանը, ովքեր պայքարում են հիմնարար ազատությունների համար:


- Ես դերասանուհի եմ և ասում եմ, որ իմ գործը վատ չեմ կատարում: Քաղաքականությունը թող մնա քաղաքական գործիչներին…

- Ո՞րն է հայ մարդու հերոսի և հակահերոսի կերպարը:
- Իմ հերոսի կերպարը հորեղբայրս է` Քաջիկ Սարգսյանը (ով զոհվել է Լաչինի ազատագրման ժամանակ` 1992թ.), Մոնթե Մելքոնյանն է… Հակահերոսներին աշխատում եմ չհիշել: Չեմ համարում, որ նրանք արժանի են պատմության հիշողությանը:
- Պատրաստվո՞ւմ եք կրկին ամուսնանալ:
- Կյանքը ցույց կտա: Այսօր իմ առօրյան, ապրելակերպը և ամբողջ կյանքը լցնում է իմ դուստրը՝ ամենաթանկ ու ամենասուրբ մարդն իմ կյանքում: Իսկ թե ապագայում ի՞նչ կլինի՝ կյանքը ցույց կտա:

- Ձեր աղջիկը ցանկանում է դերասանուհի դառնալ: Դուք կօգնե՞ք նրան, թե՞…
- Սա նույնպես ժամանակի խնդիր է: Կարծում եմ, որ նրա նախասիրությունները բազում անգամներ դեռ կփոխվեն, սակայն եթե… ապա, իհարկե, կօգնեմ:

- Դերասանի կյանքում ընտանիքը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է:
- Ընտանիքը ամենակարևոր և սուրբ բանն է մարդու կյանքում, որի կոնտեքստում էլ կատարվում է աշխարհի ամենամեծ հրաշքը՝ երեխայի ծնունդը: Կարծում եմ, որ ընտանիքը ոչ մի դեպքում խանգարող չի կարող լինել, ուղղակի այդ ընտանքը պետք է ի սկզբանե կառուցված լինի լուրջ արժեքների վրա…
- Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:
- Սենեկայի, Էպիկուրի, Կանտի, Քամյուի փիլիսոփայության հիմքում դրված, բարձր բարոյականությամբ օժտված, մարդու կերպարը…
- Առաջիկայում նախագահական ընտրություններ են: Հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ:
- Ոչ, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի…
- Վերջին շրջանում շատ է խոսվում քաղաքականության և բարոյականության միջև կապի մասին: Որքանո՞վ է բարոյական քաղաքականությունը Հայաստանում:
- Չեմ կարծում, որ իմ համեստ անձը պիտի դատի նման բարձր արժեքների մասին:

- Երբևէ մտածե՞լ եք արտերկրում ապրելու և աշխատելու մասին: Եթե այո, ապա որտե՞ղ:
- Երևի թե իր կյանքում ամեն ոք է մտածել դրա մասին, այստեղ կարևոր է հոգևոր կապը հայրենիքի հետ: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ թատրոնը…

- 2013 թվականին ի՞նչ անակնկալներ ունեք հանդիսատեսի համար:
- Նոր տարում նոր եռանդով ու նոր իմիջով եմ ներկայանալու հանդիսատեսին… մնացածը կուզեի, որ գաղտնիք մնար, որպեսզի ավելի հետաքրքիր լիներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more