Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը: Ողջույնի խոսքում վարչապետը նշել է. «Ես հիշում եմ, երբ 2018 թվականին այստեղ քննարկում էինք համահարթ եկամտային հարկ ունենալու հարցը, և դա շատ լուրջ բանավեճ էր, կային շատ մեծ կասկածներ, դեմ և կողմ կարծիքներ: Ի վերջո, քաղաքական որոշում կայացվեց, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և համահարթ եկամտահարկ կսահմանենք՝ մի քանի տարվա ընթացքում հասնելով 20 տոկոսի: Այն ժամանակ երկու ակնկալիք ունեինք այդ որոշումից. առաջինը՝ ակնկալում էինք, որ աշխատատեղերը ստվերից դուրս կգան, և երկրորդը՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկային եկամուտներ կապահովենք եկամտային հարկի գծով: Այդ կանխատեսումները, ըստ էության, այսօր իրականություն են դարձել. մենք շարունակական վճարվող և գրանցված աշխատատեղերի աճ ենք ունենում, եկամտային հարկի առումով՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկեր ենք հավաքում, և այդ պրոցեսը շարունակական է: Սա ընդամենը մեկ օրինակ է։ Սա ինչի՞ համար եմ ասում: Անկեղծ ասած, ես շատ գոհ եմ, որ մենք այդ որոշումը կայացրել ենք, որովհետև քաղաքական իշխանությունը կամ գոնե ես, որ մասնագիտությամբ տնտեսագետ չեմ, լսում եմ տնտեսագետներին և փորձում եմ որևէ եզրակացության գալ՝ իհարկե, Կառավարության ձևաչափով, խորհրդարանական մեծամասնության հետ համատեղ: Հույս ունեմ՝ որոշ ժամանակ անց կհիշենք այսպիսի քննարկման արդյունքում կայացված որոշումները, որոնց առնչությամբ գոհունակություն կհայտնենք»: |
«Անկեղծ ասած, ես շատ գոհ եմ». Նիկոլ Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet