Աննա Վարդապետյանը ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագիրը. Ինչու՞մ է նա մեղադրվում
Դիտեք նաև՝
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը:
Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի հուլիսի 11-ի 34 և 35 որոշումներով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով Պաշտպանության նախարարությանն են տրամադրվել Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 1,2 հա մակերեսով և նույն խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասերը: Դրանցից առաջինի՝ «Երասխ 1» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա, առկա են եղել զորամասի շտաբը՝ 252,8 քմ մակերեսով, զորանոցը՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարանը՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկը, ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, հսկիչ անցագրային կետերը, իսկ երկրորդի՝ «Երասխ 2» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա՝ զորամասի շտաբը՝ 212,7 քմ մակերեսով և 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկերը, ճաշարանը, պահեստը, սանհանգույցը:
Նախաքննության արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը, իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, իրավասու լինելով կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ, ինչպես նաև իրավասու լինելով տալ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ հիմքով պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ (երկու դրվագ):
Սեյրան Օհանյանը, օգտագործելով նաև պաշտոնեական դիրքը, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք (երկու դրվագ):
Մասնավորապես՝
Սեյրան Օհանյանը, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ համաձայն որոնց արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և դրանց վրա կառուցված շենքերը կամ շինությունները, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի հուլիսի 11-ի 34 որոշումով Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված, նույն համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքը՝ 1,2 հա մակերեսով հողամասը և դրա վրա առկա շինությունները:
Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252,8 քմ մակերեսով, զորանոց՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:
Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերությունում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:
Բացի այդ՝ Սեյրան Օհանյանը, կրկին խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դիտավորությամբ, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել նաև Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի հուլիսի 11-ի 35 որոշմամբ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված, նույն համայնքի Երևանյան խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը՝ 0,9 հա մակերեսով, և դրա վրա առկա շինությունները:
Նշված անշարժ գույքի օտարումն իրականացնելու համար 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Սեյրան Օհանյանը, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից: Լիազորագրի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձ Նորայր Կարապետյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 1 մլն 998 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 5 մլն 583 հազար 400 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 212,7 քմ մակերեսով, 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկեր, ճաշարան, պահեստ, սանհանգույց), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 2 մլն 500 հազար դրամով փաստացի վաճառվել է Արմեն Գևորգյանին: Սակայն նշված պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Նորայր Կարապետյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:
Այսպիսով՝ Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 2 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ))։
ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:
Մասնավորապես՝
Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 11.07.2005 թվականի թիվ 34 և 35 որոշումներով.
Կադաստրի կոմիտեից առգրավված կադաստրային թիվ 12010452 և 12058124 գործերի զննությամբ.
Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական տարածքից առգրավված «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերի հողատարածքների և դրանց վրա առկա շենք-շինությունների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերում առկա փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ.
դեպքի վայրի զննության արձանագրություններով, Կադաստրի կոմիտեից ստացված գրությամբ և դրան կից տեղեկանքով.
վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով:
Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց։