▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Մկրտումյան` միստր 20 տոկո՞ս, կամ` Հայաստանում իմ ներդրումների պատմությունը

Հեղինակ` Ալեքսեյ Կորեպանով

Աղբյուր` hayacq.am

Որպես օտարերկրյա գործարար, ցավոք, համոզվեցի, որ Հայաստանում իմ և իմ նմանների ներդրումները պաշտպանված չեն: Դրանք կարող են կորսվել տեղացի ընկերոջ ինչ-ինչ ինտրիգների, խորամանկությունների արդյունքում, եթե նա ազնիվ չէ և, միաժամանակ, ունի դատական իշխանության հովանավորությունը: Ցավոք, շատ մարդկանց, այդ թվում նաև պաշտոնյաների համար փողն անձնական համբավից և արդարությունից կարևոր է:

Հայաստանում իմ ներդրումային գործունեությունը սկսել եմ 2005 թ. վերջից: Ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար ներդրել եմ գյուղատնտեսական արտադրության ոլորտում (արտահանման մեծ ներուժով գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում և իրացում): Մի քանի հարյուր հազար դոլար ներդրել եմ շինտեխնիկայի հետ կապված նախագծերում (այս ծրագիրը ես, ցավոք, աստիճանաբար սկսեցի փակել): Կատարել եմ նաև այլ ներդրումներ: Հայտնաբերելով, որ Հայաստանում ինձ «քցել» են, ես դադարեցրի Կասկադի հարևանությամբ, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի մոտ Երևանի գեղեցիկ շենքերից մեկի շինարարությունը:

2005-2012 թթ. ժամանակաընթացքում Հայաստանում, ընդհանուր առմամբ, ներդրել եմ շուրջ 5200000 ԱՄՆ դոլար և ամբողջությամբ կորցրել այն, այսինքն` եկամուտ կամ օգուտ ստանալու փոխարեն, ստացել վնաս: Միևնույն ժամանակ իմ երբեմնի ընկերը` ժամանակին ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդին` Վիկտոր Տեր-Հովսեփյանը, որը բիզնեսում իմ գործընկերն էր նաև, ստացել է 1,5-2 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ (իսկ ըստ էության` պարզապես յուրացրել) և, ընդհանուր առմամբ, մոտ 3 մլն դոլար էլ` վճիռներով և որոշումներով ՀՀ տարբեր դատարանների, որոնք գործնականում պատկանում են Արման Մկրտումյանին:

Չէի ցանկանա այս մասին հիշեցնել, բայց որպեսզի մեզ և գործին անծանոթ ընթերցողը պատկերացում կազմի, թե ով ով է, ստիպված եմ նշել, որ նույն ժամանակաընթացքում 97000 ԱՄՆ դոլար և 1230000 դրամ հատկացրել եմ բարեգործությանը, ավելի քան 33 մլն դրամի աշխատավարձ, ավելի քան 84 մլն դրամի հարկեր եմ վճարել, իսկ Օսիպյանների ընտանիքը` գրեթե զրո: Վճարել եմ նաև ավելի քան 23 մլն դրամի տուրք, ավելի քան 112000 ԱՄՆ դոլարի էլ դեռ պետք է վճարեմ, իսկ Օսիպյանների ընտանիքը` գրեթե զրո:

Ինչպես արդեն առիթ ունեցել եմ հրապարակայնորեն ասելու, իմ և իմ գործով այլոց ելույթներին Վիկտոր Տեր-Հովսեփյանի պատասխանը գեբելսյան քարոզչության դասական օրինակ է, քանի որ նա իմ մամուլի ասուլիսից հետո իր պատասխանում օգտագործել է բառեր և արտահայտություններ, որոնք իմ կողմից առաջադրված հարցերի հետ որևէ կապ չունեն, բայց ունեն խիստ երանգավորված զգացմունքային ենթատեքստ: Այդ նույն բացասական հուզական արտահայտությունների և իմ անվան օգտագործմամբ Վիկտոր Տեր- Հովսեփյանը ցանկացել է ստեղծել չարագործի կերպար: Ահավասիկ այդ արտահայտություններից մի քանիսը. «Կեղծ ու էժանագին ֆարս», «Հերթական կեղտոտ պատվերի կեղծարարներ և կատարողներ», «Միմյանց հետ կազմելով ռեյդերային դավադրություն` Վիկտոր Տեր-Հովսեփյանի և նրա ընտանիքի սեփականության նկատմամբ», «Ցանկացած անօրինական միջոցներով», «Անբարեխիղճ լրագրողների օգնությամբ», «Օրենքին չհամապատասխանող հայց»...Ցանկանում եմ ընդգծել, որ այս կապակցությամբ իմ հրապարակային հարցերին Վիկտոր Տեր-Հովսեփյանն այդպես էլ չպատասխանեց, և հավանաբար, այն պատճառով, որ վայելում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հովանավորությունը: Գուցե պարոն Արման Մկրտումյանն ի՞նքը Վիկտոր Տեր- Հովսեփյանի փոխարեն պատասխանի.

1. Ինչո՞ւմն է կեղծիքն ու ֆարսը, նրանո՞ւմ, որ մենք «Անսուր Ինվեստ»-ում 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ենք արել, իսկ նա` ոչ մի դրամի... Ինչո՞վ է արտահայտվել մեր կեղծարարությունը: Նրանո՞վ, որ ես, ռուսաստանյան գործարար լինելով հանդերձ, գումար եմ ուղարկել բարեգործությանը և վճարել եմ հարկերի այն գումարը, որի մասին նշել եմ մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ նա և նրա ընտանիքը չունենալով որևէ բիզնես, հանկարծ դարձել են միլիոնատեր, և որևէ մեկը չի հարցրել` իսկ հայրենիքին հարկեր վճարե՞լ են...

2. Ինչո՞վ է դրսևորվել մեր ռեյդերությունը... Նրանո՞վ է արտահայտվել, որ ներդրել ենք հսկայական գումարներ, իսկ ինքը` Վիկտոր Տեր-Հովսեփյանը, ինչպես նաև նրա ընտանիքը ոչինչ չեն ներդրել, բայց այժմ ձեր օգնությամբ փորձում են մեզանից ամեն ինչ խլել: Ռեյդերը նա է, ով չի ներդրել ոչինչ, կամ ներդրել է շատ քիչ, բայց փորձում է վերցնել ամեն ինչ: Այսպիսով ո՞վ է մեզանից ռեյդերը` ե՞ս, թե նրա ընտանիքը` ձեր «արդարադատությամբ»:

3. Որոշակի ի՞նչ անօրինական միջոցներով... Մի՞ թե Անսուր Ինվեստից համաձայնագրով վերցված 8175000 դրամ պարտքը ձեր «արդարադատության օրենքներով» է վերցվել ու չպետք է մեզ վերադարձվի: Արդյոք ձեր «արդարադատության օրենքներո՞վ» է նա մեզանից գնել հողատարածք 111 մլն դրամով, ու չպետք է վերադարձնի ոչ այդ հողատարածքը, ոչ էլ փողերը, որոնք չի վճարել ձեր որոշմամբ: Մի՞ թե ձեր «արդարադատության օրենքներով» «Անսուր Ինվեստը» նրան պետք է 900000 ԱՄՆ դոլար և տոկոսներ վճարի այն պայմանագրի համաձայն, որը ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Մի՞ թե Վ. Տեր-Հովսեփյանը համաձայնագրով պարտք վերցրած 450000 ԱՄՆ դոլարը չպետք է վերադարձնի ձեր «արդարադատության օրենքներով» կամ «ձեր դատարանի» որոշմամբ:

4. Ինչո՞ւմն է կայանում լրագրողների անբարեխղճությունը, նրանո՞ւմ, որ ինձ թույլ տվեցին բացահայտ ասել, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում օտարերկրյա մասնավոր ներդրողներին, և թե ինչպես է վերջնահաշվում տվյալ գործով մեկ ուղղությամբ` նախկին ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի ընտանիքի ուղղությամբ աշխատում ձեր կողմից մեծապես ազդված դատական համակարգը: Իդեպ, Սուրեն Օսիպյանը «լեգենդար» անձնավորություն է: Որքա՜ն ստոր ու նողկալի արարքներ է նա գործել իր ընկերների նկատմամբ, որոնք բառացիորեն նայում էին նրա բերանին, և ինչպես են նրանք ներկայում արտահայտվում իր մասին. ավելի երեսպաշտ, ավելի ագահ, ավելի անազնիվ, ավելի նախանձ, ավելի անշնորհակալ մարդ գոյություն չունի: Սրանք բնավ բոլոր մակդիրները չեն, որ նրանք արտաբերեցին Սուրեն Օսիպյանի հասցեին, բայց, փառք Աստծո, ես բարեկիրթ մարդ եմ և չեմ կարող մեջբերել դրանք այստեղ: Որդին հայրիկից հեռու չի գնացել...

5. Իմ հայցն ինչո՞վ չի համապատասխանում օրենքին...

Դատելով ամենից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ցավոք, չի անհանգստացնում Հայաստանի բիզնես հեղինակությունը միջազգային ասպարեզում: Դա, անշուշտ, չի կարող չխանգարել Հայաստանի տնտեսության զարգացմանը և այս երկրում նոր աշխատատեղերի բացմանը: Ավելին. ՀՀ արդարադատության համակարգի չբարելավվող, հակառակը` գնալով վատացող համբավն ավելի մեծ հիասթափություն են պատճառում Հայաստանի քաղաքացիներին և մեծապես խթանում առանց այն էլ տագնապալի մասշտաբների հասած արտագաղթը:

Ի դեպ, ես այստեղ մի առիթով լսեցի, թե ինչպես են դատավորները Հայաստանում կայացնում «իրենց» վճիռները: Դա անչափ հետաքրքիր Է. Մկրտումյանի (Արմանի) պահարանում դրված են նկատողություններ (նախազգուշացումներ) գործնականում յուրաքանչյուր դատավորին: Երեքական` ամեն դատավորի համար: Այնուհետ, եթե Արմանին (Մկրտումյանին) պետք լինի ինչ-որ որոշում ընդունել, ապա նա ասում է դատավորին. «Ուզո՞ւմ ես մնալ դատավոր, թե՞ ուզում ես, որ հեռացնեմ քեզ (հավանաբար գոյություն ունի այդպիսի կանոն` Երեք տույժերի կանոնը), չէ՞ որ ես ունեմ քեզ արված երեք նկատողություն: Ուրեմն կընդունես այն որոշումը, որը ե՛ս քեզ կասեմ»: Եվ էլի, հավելեց խորհրդավոր անծանոթը, «Որպեսզի շահես դատը, դու պետք է դատական համակարգի գործող անձանց, այսինքն` Արման Մկրտումյանին, վճարես 20%»: Կարծում եմ, սա նման է ճշմարտության: Կարծում եմ նաև, որ դա տեղի է ունենում ինչ-որ միջնորդների և վստահյալ անձանց օգնությամբ, կարծում եմ և, որ որոշ դեպքերում արտաբերվում է նախագահի անունը` այնպես, համենայն դեպս... Այլապես ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ այն, ինչը կատարվեց իմ և շատ ուրիշների հետ: Բայց Հայաստանում, բարեբախտաբար, կան նաև ազնիվ դատավորներ: Դա, ի դեպ, շատ հեշտ է ստուգել. չէ՞ որ բոլորն են կարդացել Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը»...

Ավելորդ չեմ համարում հիշեցնել 2011 թ. ապրիլի 20-ին դատաիրավական ոլորտում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածը. «Մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, որ այս կամ այն վճիռ կամ որոշում շեղվել են ընդհանուր պրակտիկայից: Երբ մարդիկ տեսնում են, որ կան շեղումներ, բնականաբար, այդ երևույթները չեն կարող նպաստել դատարանների և այլ կառույցների հեղինակության բարձրացմանը»: Շատ ճիշտ է ասված, բայց մինչև ե՞րբ պետք է հասկանալ...

«Բազմիցս և՛ ես, և՛ դուք նշել ենք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ 2011թ. դեկտեմբերի 22-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում, որին տվյալ ոլորտի բարձրաստիճան այլ պաշտոնյաների թվում մասնակցել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:- Կարծես, այստեղ մենք տարակարծություններ չենք ունեցել: Եվ ճանապարհն այն էր, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք կան, և որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը: Իսկ հանրային վստահությունը երևակայական բան չէ. այն չափելի է, հանգիստ կարելի է ուսումնասիրել և եզրակացությունների գալ: Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը: Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, և մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում: Ընդ որում, այսպիսի գնահատական տալու համար հիմք են հանդիսացել ոչ միայն ձեր հաշվետվությունները, այլ նաև իմ հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները»:

Անբավարար է` ասաց ՀՀ նախագահը: Իմ խոսքի ավելի ծանրակշիռ հաստատում պետք էլ չէ:

Միանգամայն օբյեկտիվ գնահատական է, բայց անցել է ևս երկու տարի, ո՞ւր է արդյունքը: Նախագահը հրաշալի գիտակցում է խնդիրները, ներկայացրել է որոշակի առաջարկներ: Ահավասիկ. նույն խորհրդակցության ընթացքում կարևորելով ապօրինի որոշումների վերանայումը և անձանց խախտված իրավունքների վերականգնումը, պարոն Սարգսյանն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու պարագայում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Եվս մեկ մեջբերում ՀՀ նախագահի խոսքից. «Ոչ մի դատավոր չպետք է գտնվի արտոնյալ դիրքում, և դատավորների կողմից թույլ տրված խախտումներն առանց հետևանքների չպետք է մնան»: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է ՀՀ վճռաբեկ դատարանի, Արդարադատության խորհրդի անդամների ներկայությամբ, 31.08.2012 օգոստոսի վերջին կազմակերպված սեմինարի ընթացքում: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում... Դատաիրավական համակարգում օրինականության և արդարության ապահովման առումով կա՞ որևէ էական առաջընթաց, եթե չասեմ` առաջընթաց ընդհանրապես: Հայաստանյան շատ փաստաբաններ, ցավոք, նույնիսկ հակառակի` հետընթացի մասին են խոսում: Անկեղծ ասած, չէի ցանկանա այն տպավորությունը ստանալ, որ նախագահը պարզապես անզոր է երկրին օդի և ջրի նման անհրաժեշտ օրինականության և արդարության ապահովմանը հասցնելու առումով:

Անշուշտ, շարունակելու եմ պայքարը մինչև արդարադատության հաղթանակ, սակայն եթե Հայաստանում, ի վերջո, հնարավոր չլինի արդարադատության հասնել, բնականաբար, դիմելու եմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այդ առումով կարող եմ վստահեցնել, որ մենք Երևանում լավ, բանիմաց ու բարեխիղճ փաստաբաններ ունենք: Եթե ոչ Հայաստանում, ապա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում արդարությունն այս գործով, ուշ թե շուտ, հաղթանակելու է, բայց այդ դեպքում, որքան էլ ցավալի է, համապատասխան գումարները վճարվելու են ոչ թե Արման Մկրտումյանի կամ մեկ այլ դատավորի գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեից, այսինքն` այս երկրի քաղաքացիների հաշվին: Իհարկե, դա բնավ չէի ցանկանա, բայց այդպիսին է կարգը` Եվրոպական դատարանը պետությանն է տուգանում: Դրա համար արդեն տևական ժամանակ փորձել ու հիմա էլ փորձում եմ այս աղաղակող անարդարության վրա հրավիրել երկրի ղեկավարության, պատկան մարմինների ու լայն հասարակության ուշադրությունը:

 

Աղբյուր` hayacq.am

Հեղինակի համաձայնությամբ հոդվածն  Asekose.am-ում հրապարակվել է ամբողջությամբ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more