▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկները ստացել են աշխատավարձը ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկները ստացել են աշխատավարձը ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր։ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը։

«Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30 տոկոսով ցածր աշխատավարձեր, իսկ պոլիկլինկաներում՝ երբեմն 2-3 անգամ ցածր։ Այս կառույցում շատ ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետերը, քանի որ բժիշկներն ու բուժքույրերը սովորաբար վարձատրվում էին պերկապիտալ (մեկ շնչի հաշվով- խմբ․) սկզբունքով, իրենց աշխատավարձը բավականին իջել է»,- նշեց Պողոսյանը։ 

Ըստ նրա՝ ապահովագրության ներդրման պահին Ապահովագրական հիմնադրամում կար 1 աշխատող՝ տնօրենը։

***

«Մենք բարձրաձայնում ենք ապահովագրության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են բժիշկների մոտ՝ և վարձատրության, և հերթագոյացման առումով: Ես իմ օրինակով էլ եմ տեսել, բայց եթե ուշադիր լինեք, սոցցանցերում բժիշկները շատ են գրում, որ ստացել են 50 հազար դրամ, 25 հազար դրամ»,- ԱԺ-ի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց սոնոգրաֆիստ Կարին Աղալարյանը: «Բժիշկ գիտեմ, որ ստացել է 19 հազար դրամ»,- հավելեց նա:

***

Օրեր առաջ բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր. «Փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին լինելու ենք Ազգային ժողովի մոտ և նամակներ ենք հանձնելու բոլոր խմբակցություններին, ինչպես նաև ԱԺ նախագահին՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով»:

Ակցիայի ժամանակ  Գևորգ Գրիգորյանը լրագրողներին ասել է․ «Ուզում ենք, որ ապահովագրական համակարգը գործի, բայց արդյունավետ գործի, չոտնահարվեն բուժաշխատողների շահերը»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով. «Մեր պահանջն է, որպեսզի փոխեն վճարման կարգը, նվազագույն շեմը փոփոխեն, բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը վերահաշվարկեն, և թող աշխատի ապահովագրական համակարգը, դա իրոք հարց է լուծելու մեր երկրի բնակիչների համար, ուղղակի էդ հարցը պետք է լուծվի պետության կողմից, ոչ թե բուժաշխատողների հաշվին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more