▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ.«Եթե Հին Հռոմի ծաղկուն շրջանում ծնված լինեի, ապա` ՍԵՆԱՏՈՐ ԿԼԻՆԵԻ»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ   հարցերին պատասխանում   է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ:

 

- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

- Ավելի շատ լսում եմ զայրացնող, քան զվարճացնող ասեկոսեներ, ցավոք սրտի: Չեմ ուզում նշել կոնկրետ մեկը, որովհետև դրանք չեն համապատասխանում իրականությանը և եթե ես  դրանց  մասին խոսեմ, կստացվի, որ  բարձրաձայնում եմ սուտը: Իսկ  զվարճալի մի դեպք վերջերս եղավ: Ինձ հարազատ մի մարդ զանգել էր մեր տուն և մայրիկիցս հարցրել էր, թե Արսենը ինչպես է, մայրս էլ ասել էր լավ է, գնացել է հեծանիվ քշելու: Հարցնողը շատ էր զարմացել, քանի որ ես նրան ասել էի, որ Գերմանիայում ոտքի վնասվածքով պառկած եմ հիվանդանոցում:

- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

- 8-9 տարեկանում վախենում էի, որ շատ դժվար է լինելու իրականացնել այն գործերը, որոնք նախապես որոշել էի անել, միայն մտածում էի հանկարծ չսխալվեմ:  Իսկ ավելի փոքր տարիքում վախենում էի մթից, որովհետև մի անգամ շատ ուժեղ ինձ վախեցրել էին մթության մեջ:

- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

- Միգուցե  շատ լուրջ եմ վերաբերվում ամեն ինչին, բայց նույնիսկ բնավորությանս այդ գիծը ինձ դուր է գալիս` ձգտում դեպի իդեալականը: Ուստի, ոչ մի բան չէի նվիրի իմ մրցակցին:

- Ինչպե՞ս եք վերաբերվում  այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը  իրենց  գոհացնի:

- Ամեն ինչ ասվածը կարծում եմ անչափ մեծ հասկացություն է, ուստի`  դժվար թե շատ լինեն մարդիկ, ովքեր պատրաստ լինեն վաճառել ամեն ինչ,   հատկապես`  նորմալ մարդիկ:  Երբեք և ոչ մի գնով, օրինակ, չես վաճառի ընտանիքդ: Իսկ եթե հարցը վերաբերում է առարկաներին, ապա`  միանշանակ չպետք է կապվել դրանց հետ և եթե կա լավ գին` ուրեմն վաճառի:

-Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

- Մեկ անձի չեմ կարող առանձնացնել, ամբողջ ընտանիքիս:

- Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:

- Չեմ կարող բարձրաձայնել այդ հիշողության մասին, շատ անձնական է:

- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:

- Ոչ մի դրական հիշողություն, որ ունեմ գիտակից տարիքում`չի ջնջվում իմ մտքից: Ավելի վառ կցանկանայի հիշել, երևի թե, մինչ դպրոցական տարիքս:

- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

- Կյանքս չեմ պատկերացնում առանց ընտանիքիս:

-Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

- Եթե Հին Հռոմի ծաղկուն շրջանում ծնված լինեի, ապա` սենատոր, իսկ հաջորդ կյանքերում էքստրեմալ սպորտով կուզեի զբաղվել, իհարկե, պրոֆեսիոնալ:

- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

- Քանի որ, արդեն ասացի ձգտում եմ իդեալականին, կարծում եմ` առանց աշխատասիրության և ընդունակության հնարավոր չէ հասնել լավագույն արդյունքի:  Ուստի` երկուսն էլ կարևորում եմ: Կախված նրանից, թե ում մոտ որն է ավելի զարգացած, պետք է դրա վրա էլ հիմնականում շեշտը դնել` զարգացնելով մյուսը:

-Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

- Արա այն ինչ պետք է` կլինի այն ինչ պետք է լինի:

- Ի՞նչ է Ձեզ համար փողը:

- Փողը միջոց է, առանց որի չես կարող կյանքն ապրել կատարյալ ձևով: Կարող ես ապրել, բայց ոչ այնպես` ինչպես ուզում և ձգտում ես:

- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք

- Իհարկե, մեր իրականության բացասական կողմերի և անարդարության մասին:

Հեղինակ` Գոհար ՓԻԼԻՊՈՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more