▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտիստները պետք է երջանիկ լինեն, որ երկրպագուները ցանկություն են հայտնում իրենց տեսնել մրցանակաբաշխությունում. Արաքսյա Մուշեղյանը՝ «Խազեր»-ի մասին

«Երկու տարբերակ կա՝ կամ արտիստը ինքն է հայտ ներկայացնում որեւէ անվանակարգում ընդգրկվելու համար, կամ էլ, եթե երկրպագուների ձայները 100-ից ավելի են, դրվում է քվեարկության, եւ արտիստն այդ կերպ է դառնում մասնակից, ներկայացվում «Խազեր» մրցանակի»,-Առավոտ.am-ի հետ զրույցում  «Խազեր» հայկական երաժշտական մրցանակի անվանակարգերում ընդգրկվելու կարգը պարզաբանել է կոմպոզիտոր, երաժշտական ակադեմիայի  խորհրդի անդամ  Արաքսյա Մուշեղյանը: «Դա ամբողջ աշխարհում ընդունված ձեւ է: Ինձ թվում է, որ արտիստները պետք է երջանիկ լինեն, որ ունեն երկրպագուներ, որոնք իրենց համարելով լավ մակարդակի արտիստ՝ ցանկություն են հայտնում, որպեսզի իրենք մասնակից դառնան այն ամենին»,-հավելել է Արաքսյա Մուշեղյանը:
Ինչ վերաբերվում է «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության որակին եւ երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամներին, ի  թիվս այլ պրոֆեսիոնալների, որոնց թվում են նաեւ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, պրոդյուսեր Վազգեն Պողոսյանը, այս մասին էլ Արաքսյա Մուշեղյանը նշել է. «Խորհրդի անդամները պրոֆեսիոնալ երաժիշտներ են կամ այդ ոլորտի ներկայացուցիչներ: Բոլորի ցանկությունն է, որ մեր ոլորտի մակարդակը բարձրացնենք: Բոլորն էլ պրոֆեսիոնալ գնահատական են տալիս մասնակիցներին: Մենք շատ ժամանակ ենք  ծախսում՝ մանրակրկիտ ուսումնասիրելով բոլոր հայտերը:

Միշտ ուրախանում ենք, որ նոր անուններ են հնչում: Անցյալ տարվանից սկսած՝ ես ինձ համար շատ բացահայտումներ եմ արել, ուրախ եմ, որ ոլորտը զարգանում է, եւ կա որակյալ ցուցանիշ: Եվ եթե  բոլորը ցանկություն ունենան աճելու, կունենան որակյալ արիենտիր, որին պետք է ձգտել: Ընդ որում, խոսքը վերաբերվում է բոլոր ժանրերին եւ ոչ միայն փոփին»:

Արաքսյա Մուշեղյանի ձեւակերպմամբ, ով չի ցանկանում աշխատել, գտնում է որեւէ պատճառ, իսկ ով ուզում է, առիթ է ստեղծում դա անելու. «Հիմա սա լավ առիթ է, որ բոլորը ցանկություն ունենան եւ ջանք թափեն, որ մեր ոլորտը զարգանա, ընդհանուր մակարդակը բարձրանա»:

Որպես հայկական « Գրեմմի»  ընկալվող «Խազերի» պարագայում մրցանակաբաշխությունն անցկացվում է 17 անվանակարգերով՝ ընդգրկելով ինչպես ժանրային, այնպես էլ կատարողական, կոմպոզիտորական, հնչյունային եւ տեսահոլովակային անվանակարգեր։ Մրցանակակիրները որոշվում  են Հայկական ազգային-երաժշտական ակադեմիայի շուրջ 200 անդամների գաղտնի քվեարկությամբ, որն իրականացվում է հատուկ մշակված համակարգի միջոցով։

Հեղինակ՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նշենք, որ Արաքսյա Մուշեղյանը թեմայի մասին խոսել է նաև լրագրող Սյուզի Բադոյանի հետ․ Զրույցը կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում։ 



Հավելենք, որ ինչ վերաբերվում է անվանակարգերից իրենց թեկնածությունը հանած արտիստներին, նրանց արձագանքել են իրենց իսկ գործընկերները: Օրինակ` Սոնա Ռուբենյանը փաստել է. «Ի գիտություն բոլորի՝ ոչ նախորդ տարի, ոչ էլ այս տարի ինձ չեմ առաջադրել «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում: Դա արել են քվեարկության միջոցով լսողները, սիրողներն ու այն մարդիկ, որոնք գնահատում են նշված ու կարճ ցուցակ անցած արտիստների աշխատանքը»:

Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանն էլ, անդրադառնալով «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերում ներառվելու մասին  որոշ երգիչների գրառումներին՝ նշել է, որ միայն Հայաստանում են բողոքում առաջադրվելիս՝ լինելով տաղանդավոր ու ակտիվ, ունենալով երգեր ու ալբոմներ:   «Եղեք օրինակ, մոտիվացրեք, որ մի բան փոխվի փոփ երգարվեստում: Անորակը գրավել է շոու բիզնեսը, գոնե դուք ձեր որակյալ երգերով մի մերժեք»,-կոչ է արել նա:

«Խազեր» մրցանակաբաշխության անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգի՝ խազերի անունից։ 

Հայկական ազգային երաժշտական ակադեմիան հայկական և համաշխարհային երաժշտության առանցքային դեմքերի միջև կապ հաստատելու բացառիկ և լիցենզավորված հարթակ է, որը ծառայելու է երաժշտական պրոդյուսերների, գործակալների և կայացած արտիստների գործունեության ընդլայնմանը, միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունների ստեղծմանը։
Միավորելով հայկական երաժշտական ոլորտում նշանակալի ազդեցություն ունեցող մարդկանց` ՀԱԵԱ-ն նոր համագործակցություններ է ստեղծում համաշխարհային շուկայում` դառնալով հայկական և միջազգային երաժշտական ոլորտների միջև կամուրջ և ստեղծելով նոր հնարավորություններ և հարթակներ հայ արտիստների համար:
Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ակտիվ աշխատանքներ է տանում Recording Academy-ի (Grammy’s) հետ համագործակցության ուղղությամբ և շուտով կունենա առնվազն երկու քվեարկող ձայն «Գրեմմի» մրցանակաբաշխության շրջանակում: Ակադեմիան խթանում է որակյալ երաժշտության ստեղծումը, տարածումը և հանրահռչակումը, ստեղծում նոր հարթակներ հետաքրքիր ձեռագիր ունեցող սկսնակ արտիստների, երաժիշտների համար:

2025 թվականին Հայկական ազգային երաժշտական ակադեմիան մեկնարկեց «Խազեր» հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ արտիստները, խմբերը և նախագծերը առաջադրվում են ինչպես սեփական դիմումի համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկությամբ: Դիմումների և քվեարկության արդյունքում ձևավորվում է մեծ ցանկը, որից հետո ՀԱԵԱ խորհրդի անդամների քվեարկությամբ կազմվում է առաջադրված արտիստների ցանկը: Հաղթողները որոշվում են Ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more