▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամ. «Իմ մասին ասեկոսեներից ոչ զարմանում եմ, ոչ էլ` զվարճանում»

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի բացառիկ հարցազրույցը ASEKOSE.am-ին: Այս անգամ զրույցի   թեման բռնցքամարտը  չէ:

 -Բռնցքամարտիկ դառնալը մանկության երազա՞նք է եղել, թե՞

-Ոչ, մանկության երազանք չի եղել, սակայն դեռ վաղ մանկությունից մարզասեր եմ եղել, զբաղվել եմ հեծանվասպորտով: Պատանեկության տարիներին սկսեցի զբաղվել բռնցքամարտով, դա ինձ դուր եկավ, հաջողություններ ունեցա, ինչի արդյունքում բռնցքամարտը դարձավ կյանքիս ուղին: Իմ փորձից ելնելով` բոլորին առաջարկում զբաղվել այն գործով, որը սիրում են: Եթե սիրում ես քո աշխատանքը, արդյունքը  գոհացնող է լինում:

-Մանկության տարիներին կատարած Ձեր ամենամեծ «հանցանքը»:

-Եթե մեծ «հանցանք» չեմ կարողանում հիշել, դա չի՞ նշանակում, որ մեծ «հանցանք» չեմ գործել:

-Ո՞ր առարկայի ժամանակ եք միշտ նայել ժամացույցին` սպասելով դասի ավարտին:

-Իմ դեպքում նման բան չի եղել, սիրով եմ գնացել դպրոց և լավ եմ սովորել:

-Մարդ կամ մարդիկ, ովքեր լուրջ դեր են խաղացել Ձեր մասնագիտության ընտրության հարցում:

-Իմ ընտանիքը և մարզիչս: Թեև մայրս միշտ էլ հոգու խորքում դեմ է եղել մեր` իմ և եղբորս բռնցքամարտով զբաղվելուն և այսօր էլ ինձ հորդորում է թողնել այս ծանր մարզաձևը, այսուհանդերձ ծնողներս մեր մեջ տեսնելով բռնցքամարտիկի ունակություններ, սեր դեպի այդ մարզաձևը, պայմաններ են ստեղծել, որպեսզի կարողանամ զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով: Իսկ մարզիչս` Ուլլի Վեգները, ինձ համար հոր պես է: Նրա խորհուրդներն ինձ առաջնորդում են ոչ միայն բռնցքամարտում, այլև` կյանքում: Մեծ և օրինակելի մարդ է մարզիչս, նա այն ուսուցիչներից է, ովքեր թույլ են տալիս, որ իրենց աշակերտները գերազանցեն իրենց: Ինձ համար նա անգերազանցելի է իր գործում:

-Մենամարտից վայրկյաններ առաջ ի՞նչ եք մտածում:

-Փորձում եմ կենտրոնանալ հաղթելու մտքի վրա և  ուրիշ ոչնչի մասին չմտածել: Ռինգում հաղթելն ինձ համար կարևոր է. դա ոչ միայն մտքիս, այլև սրտիս թելադրանքն է: Իմ յուրաքանչյուր մենամարտին վարաբերվում եմ ծայրահեղ լրջությամբ` երկար ու տքնաջան մարզվելով:

-Կյանքը պայքար է. հանուն ինչի՞ է Ձեր պայքարը:

-Հանուն ճշմարտության, արդարության, հայրենիքի, խաղաղության, սիրո, երջանկության, ընկերության, բարօրության… Այնքան բան կա, հանուն որոնց մենք անընդհատ պայքարում ենք, ոչ միայն ես, այլև բոլորս: Եթե մի օր դադարես պայքարել, մարդիկ կստուգեն զարկերակդ` համոզվելու` բաբախո՞ւմ է այն…

-Քամյուն ասում է, որ ազատությունը առաջին հերթին առավելություն չէ, այլ պարտավորություն: Ի՞նչ եք հասկանում` ազատություն ասելով:

- Իմ կարծիքով, ազատությունը հոգեվիճակ է, որն արտահայտվում է քո աչքերում, մտքերում, գործողություններում, պահվածքում: Ազատությունը հնարավոր չէ տեղավորել  վանդակների, շրջանակների կամ կանոնների մեջ: Ահա թե ինչու ամենուր լղոզված են ազատության և ամենաթողության սահմանները, և ամեն մարդ ըստ իր ընկալումների է անջատում դրանք: Դուք մեջբերեցիք Ալբեր Քամյուի խոսքը` ազատությունը առաջին հերթին պարտավորություն է: Գեղեցիկ է ասված, ինքս փորձում եմ իմ ազատությունն առաջին հերթին օգտագործել որպես պարտավորություն: Իսկ պարտավորությունը` մերկությունը ծածկող հագուստի հետ է համեմատվում` դու ազատ ես այն վրայիցդ դեն նետելու, սակայն կարող ես հայտնվել անհարմար իրավիճակում:

-Որքա՞ն հաճախ եք հիասթափվում և ի՞նչ եք կարծում` ո՞րն է չհիասթափվելու ամենամեծ զենքը:

- Հաճախ չեմ հիասթափվում, բայց պատահում է, հիասթափություններն անխուսափելի են: Բոլոր դեպքերում, ես անուղղելի լավատես եմ: Իմ կարծիքով, չհիասթափվելու ամենամեծ զենքը լավատեսությունն է: Լավատես մարդը սովորաբար  տրամադրված է հասկանալ դիմացինին և ինչ-որ փիլիսոփայությամբ արդարացնել նրան, ինչի արդյունքում հնարավոր է խուսափել հիասթափությունից:

-Եթե կարողանայիք Ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:

- Անհնար բան եք ասում, բայց նաև ուրախացա, որ դեռ այն տարիքում չեմ, երբ ուղեղից ինչ-որ բաներ անվերադարձ ջնջվում են: Ամեն դեպքում, փորձեմ պատասխանել` կցանկանայի բռնցքամարտում ունեցած պարտություններս մոռանալ: Բայց գիտեմ, դա հնարավոր չէ: Հետևաբար պետք է փորձեմ նոր հաղթանակներով ինչ-որ տեղ մոռացության տալ այդ պարտությունները:

-Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

-Իմ մասին ասեկոսեներ, բամբասանքներ շատ-շատ եմ լսում: Դրանք ինձ ոչ զայրացնում են, ոչ էլ զվարճացնում: Եթե լուրջ կամ վիրավորական բան չի լինում դրանցում, թեթև եմ տանում:

-Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

-Կարծում եմ` անհատ թշնամիներ չունեմ, իսկ եթե կան այդպիսիք, ուրեմն պետք է նախ ճանաչեմ նրանց, հասկանամ, թե ինչու եմ դարձել իրենց թշնամին, որից հետո որոշեմ, թե բնավորությանս որ գիծը տամ: Ամեն դեպքում, հանդուրժողականությունն ու հարգալից վերաբերմունքը վարակիչ են, և ես ոչինչ չեմ խնայում ուրիշներին դրանցով վարակելու համար:

-Ինչի՞ է պատրաստ Արթուր Աբրահամը` իր երազանքին հասնելու համար:

-Պայքարի: Ոչինչ հենց այնպես չի տրվում, բացի պանիրը` թակարդում: Որևէ նպատակի կամ երազանքի հասնելու համար սիրում եմ այնպիսի  ճանապարհներով անցնել, որ ոչ ոքի չտրորեմ այդ ընթացքում, որ հարգանք-պատիվս հեռու պահեմ ոտնահարվելուց, որ ընթացքն էլ հաճելի և հետաքրքիր լինի, որ հարազատներս, ընկերներս կողքիս լինեն…

-Ասում են` մարդկանց խանգարող թերությունն այն է, որ նրանք չեն զգում, թե ինչի են ընդունակ: Ունեցե՞լ եք կամ ունե՞ք նման թերություն:

-Անշուշտ: Բոլորս էլ երբ նայում ենք մեր անցյալին, տեսնում ենք, որ ընդունակ էինք ավելիին, սակայն թերացել ենք, ալարել ենք, ուշացել ենք: Կրկին լավատեսության դաշտ  վերադառնալով` նշեմ, որ թեեւ կյանքը դեպի անցյալ տանող ետդարձի տոմսեր չի տալիս, ամեն դեպքում բացթողումներդ շտկելու փոքրիկ հնարավորություններ նվիրում  է:

-Մի բան, որ կցանկանայիք ասել երկրպագուներին, բայց չեք հասցրել ասել:

- Իմ մարտարվեստի երկրպագուներին այնքան լավ խոսքեր եմ ասել, որ կարելի է ասել` նրանց ամեն լավ բան արդեն ասել եմ: Ոչինչ, կրկնեմ: Հարգելի երկրպագուներ, դուք լույսեր եւ գույներ են տալիս իմ կյանքին: Ես ռինգում և ամենուր զգում եմ ձեր քաջալերանքը, բոլորիդ սիրում եմ և անսահման սեր եմ մաղթում, լա'վ եղեք:

Հարցազրույցը` Սեդա Հերգնյանի

 

72157633477554867

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more