▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը որոշել է թողնել բռնցքամարտը

Օրերս Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի և նրա մրցակից 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը:

12 ռաունդ տևած մարտում Արթուր Աբրահամը միավորների առավելությամբ (115:112, 112:115,116:111) հաղթեց մրցակցին` տոնելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 44-րդ հաղթանակը:

«Մրցակիցն ուժեղ էր, բայց կարողացա հաղթել.դե մենք էլ թույլ չէինք,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը՝ շարունակելով.

«Իմ տակտիկան այսպիսին է.հանգիստ եմ սկսում, առաջին մի քանի ռաունդում այսպես ասած «տաքանում եմ», 5-6 ռաունդից հետո հունի մեջ եմ ընկնում: Չեմ սիրում միանգամից կռիվ անել. հետևում եմ հակառակորդին, տեսնում՝ ինչ տակտիկա է ընտրել, ապա նոր անցնում եմ գործի»:

Բռնցքամարտիկը տեղեկացրեց, որ հաջորդ մարտը 2016 թվականի մարտ ամսին է.

«Մրցակիցը մեքսիկացի է, ով 25 մարտ անընդմեջ պարտություն չի կրել: Դեռևս մարտի մասին չեմ մտածում, թե չէ գիշերները չեմ կարողնում քնել: Հիմա եկել եմ հանգստանալու, իսկ երբ սկսում եմ մարզվել, այն ժամանակ էլ դիտում եմ հակառակորդիս բոլոր մարտերը,-նշեց Արթուր Աբրահամը:

Հարցին, թե ժամանակը չէ՞ թողնել մեծ բռնցքամարտը,  WBO վարկածով աշխարհի չեմպիոնը պատասխանեց.

«Երևի թե երկու տարի հետո թողնեմ մեծ բռնցքամարտը. պայմանագիրը երկարացվել է մինչև 37 տարեկանը: Կթողնեմ ու կապրեմ նորմալ կյանքով: Ես տանը շատ եմ կարոտում»:

Անդրադառնալով Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցաքամարտը զարգացնելու հնարավորությանը՝Արթուր Աբրահամը կարևորեց հեռուստաընկերության անհրաժեշտությունը.

«Որովհետև ոչ ոք չի կարող անընդհատ գումար ներդնել: Կարելի է որոշակի հովանավորներով փոքր մենամարտեր անցկացնել, բայց անընդհատ չես կարող: Օրինակ Գերմանիայում մեր հեռուստանընկերությունը այդ գումարները ստանում է պետությունից, իսկ ամեն մարդ այդ ալիքի համար 17 եվրո է վճարում»:

Նշենք, որ Արթուր Աբրահամը Հայաստան է եկել երեկ և այստեղ անցկացնելու է շուրջ 4 շաբաթ.

«Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ»,-հայտնեց նա:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Արթուր Աբրահամն ամուսնացել է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more