Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի երգահան ԱրթուրԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
- Պրն. Գրիգորյան, Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն
է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
- Իմ մասին ասեկոսեներ իրականում երբեմն-երբեմն լսում եմ: Երիտասարդ տարիներին նման անհիմն խոսակցությունները ինձ շատ էին զայրացնում, իսկ հիմա միայն զվարճացնում են: Ես դադարել են դրանց լուրջ վերաբերվել:
- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:
- Իմ մանկության ամենամեծ սարսափը սև գույնի դագաղներն էին: Կարծում եմ` մարդիկ վախենում են դագաղներից, որովհետև դրանք խորհրդանշում են մահը:
-Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
Բնավորությանս գծերից ինձ ամենից շատ խանգարում է այն, որ ես միշտ մարդու երեսին ճշմարտությունն եմ ասում: Քիչ մարդիկ են սիրում իրենց մասին ճիշտը լսել: Երևի, հենց այդ իմ հատկանիշն էլ կնվիրեի թշնամուս:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:
- Այդպիսի մարդկանց հանդեպ ես որևէ վերաբերմունք ուենալ չեմ ցանկանում: Ես նրանց ընդհնրապես որևէ կերպ չեմ վերաբերվում:
- Ի՞նչ է Ձեզ համար փողը:
- Փողը իհարկե լավ բան է, սակայն լավ է այնքան ժամանակ, քանի դեռ մարդը փողի գերին չի դառնում: Այդ ժամանակ փողը մարդու համար դառնում է չարիք:
- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
- Եթե հնարավորություն ունենայի, սեփական կյանքով ես փրկագին կվճարեի հայ զինվորի համար, քանի-որ անգնահատելի է այն զինվորի կյանքը, ով կանգնած է իր հայրենիքի սահմանին:
- Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:
- Ծնողի կորուստը… Դա այն հիշողությունն է, որ կարծում եմ խոր հետք է թողնում յուրաքանչյուրի հոգում: Դա իմ կյանքի ամենացավալի հիշողությունն է:
- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:
- Իրականում այդպիսի դեպքերը շատ են, և դրանք ամուր նստած են իմ հիշողության մեջ ու երբեք չեն ջնջվելու:
- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
- Իմ կյանքում և կարծում եմ, որ յուրաքանչյուր ծնողի կյանքում ամենակենտրոնական տեղում են երեխաները: Ես առանց իմ զավակների չեմ պատկերացնում կյանքս: Ի դեպ, ես չեմ պատկերացնում իմ կյանքը հիմա արդեն նաև առանց իմ շատ սիրելի թոռնիկի:
- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
- Իրականում մարդու ճակատագիրը Աստծո ձեռքերում է և ես չէ, որ պիտի որոշեմ, թե ով պիտի լինեմ իմ հաջորդ կյանքում, և ինչպես պիտի դասավորվի իմ կյանքը:
- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:
- Ինձ համար կարևոր են այս երկուսն էլ, քանի-որ դրանք փոխլրացնում են միմյանց: Առանց մեկը մյուսի այս երկու որակները իրենց նպատակին չեն կարող ծառայել:
- Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
- «Ամեն ինչ քո ձեռքերում է»… Ես այս խոսքերն եմ ընտրել` որպես իմ կյանքի նշանաբան և փորձում եմ ապրել հենց այս կերպ:
- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
- Եթե Ռեփեր լինեի, հաստատ չէի բողոքի: Ես ընդհանրապես բողոքել չեմ սիրում:
Հեղինակ` Քրիստինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ