▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արվեստագետի ամենաթանկ գնահատականը ծափերն են ,որովհետև երբ քեզ ծափահարում են , ուրեմն՝ իզուր չէ քո գործը

Որտե՞ղ են խաչվում արվեստն ու կյանքը ։ Եվ այն ի՞նչն է ,որ չափվում է ծափերի դժվարին արժեքով ։

Կյանքի ու կռվի մասին այսօր զրուցել ենք դերասան , երաժիշտ Պապ Իսպիրյանի հետ .

-Թատրոնի և կինոյի ոլորտն ընտրելը բոլոր ժամանակներում դժվարին ընտրություն է ։ Ի՞նչն էր ,որ քեզ տարավ դեպի արվեստը ։

-Անկեղծ լինեմ ,դժվար ոլորտ է ,դժվար արվեստ է , այն կերպարները որոնք դու կերտում ես, որոնցով ներկայանում ես հանդիսատեսին ,սկսում է քայլել քեզ հետ , և կերպարների ապրումները քեզ ստիպում են հասկանալ մարդկանց տարբեր հոգեվիճակները ։Դրա համար ինձ կարևոր է բեմը, նա անկեղծության կիզակետն է ինձ համար։ Ես տեսակով էլ եմ այդպիսին ,սիրում եմ պարզություն և անկեղծություն։ Ինձ թվում է նաև դա ստիպեց քայլել թատերարվեստի ճանապարհով, խաղալ բեմում , գտնել ինձ հոգեհարազատ կերպարներին։Այսօր մարդիկ հենց այդ անկեղծության ու պարզության բացակայության պատճառով չեն կարողանում գտնել հաշտության զուգահեռները ։ 

֊Երբ ավարտում էիր ինստիտուտը արդեն հեռանկարում կար երգի ուղղությունը , թե՞ թատրոնը ավելի էր ձգում ։ 

֊ Երգարվեստով զբաղվելու հնարավորություն ավելի վաղ եմ ունեցել , քանզի ավարտել եմ Երևանի Ջազային արվեստի պետական քոլեջը։ Հրաշալի մանկավարժների ձեռամբ եմ կայացել ,բայց բեմական ինչ֊որ պակաս կար ,որը ինձ ստիպեց գնալ Թատերական ինստիտուտ , որ ավելի խորը ուսումնասիրեմ բեմը , բեմի էությունը և այդ ցանկությունը կյանքի կոչելու հնարավորություն ընձեռվեց հենց Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին ։ Երգ թե՞ բեմ ընտրության առանցքում ինձ համար արտիստիզմն էր կանգնած ,և դրանց միաձուլման արդյունքը ինձ թվում էր հենց երկունքն է արտիստի ։ 

 

֊ Ես գիտեմ , որ դու նաև ներկայացումներում ես խաղացել , բեմը քեզ ո՞ր կերպարում է դուր գալիս։

֊ Շատ դերեր եմ կերտել ,բայց ինքս ինձ համար առանձնացրել էի Շեքսպիրի Ռիչարդ 3րդ թագավորի կերպարը ։ Ինչո՞ւ է առանձնանում, քանզի ողբերգության մեջ այդ կերպարը առանձնանում է որպես ամենաբացասական կերպար , ու ինձ հարազատ էր նրանով, որ այդ կերպարը իմ այցեքարտն էր դեպի թատրոն ,դեպի բեմ ։ Այդ կերպարը ինքնին մեծ ուժի և էներգիայի հանրագումար էր։ Ի դեպ այդ շրջանում ես Թատերականի երկրորդ կուրսում արժանացա "Արտավազդ" մրցանակի ,որն ավելի պարտավորեցնող էր բեմի նկատմամբ պատասխանատվության բարձրացման համար։ 

֊ 44֊օրյա պատերազմին մասնակցելու որոշումիցդ խոսենք ։ Ինչպե՞ս ստացվեց, որ արվեստի մարդը որոշեց կռվի դաշտ գնալ։ 

֊Այս թեման ես քիչ եմ մեկնաբանում, չնայած բազմաթիվ առիթների են հրավիրել այս թեմայով խոսելու ։ 

Յուրաքանչյուր արվեստագետի համար արվեստը սկսում է իր երկրից ,իր պետականությունից ։Ես այդպես եմ միշտ պատկերացրել, և դա էր ,որ 44֊օրյա պատերազմին ինձ կամավոր հիմունքներով տարավ կռվի դաշտ ։Որովհետև ես միշտ պատրաստ եմ յուրաքանչյուր վայրկյան պայքարել իմ հայրենիքի ,իմ հող ու ջրի համար ,կանգնել զինվորի կողքին ։Իհարկե այդ օրերին եղան նաև շատ դժվարություններ, բայց մեր մարտական ոգին այնքան բարձր էր ,որ մենք հստակ գնում էինք մեկ գաղափարի հետևից և դա ուներ "հայրենիքի պաշտպանություն" անունը։ Ես որպես արվեստի ներկայացուցիչ այդ օրերին ևս միշտ բարձրաձայնում էի ,որ եթե ոչ մենք ապա ո՞վ պետք է կանգնի հանուն հայրենիքի։ 

֊Վիրավորում ստացած վերադարձար ,միտքդ թողնելով ընկերներիդ հետ ։ Ի՞նչ էիր զգում այդ օրերին ։ Ապրումներից խոսիր խնդրում եմ։

֊Դժվար հարց էր ։ Ներքին ապրումներս տակնուվրա եղան . երբ վիրավորում ստացա և արդեն գտնվում էի Երևանում` հիվանդանոցում, կռիվ էի տալիս բժիշկների հետ, որ արագ ավարտեք բուժումը ,ինձ կռվի դաշտում սպասում են ընկերներս ։ Հիվանդանոցի առաստաղը ինձ տանջում էր , երբ գիտեի ,որ ընկերներս բաց երկնքի տակ կռիվ են տալիս և ես նրանց մենակ եմ թողել ։Մեղքի զգացում կար նաև ։ Այդ օրերին դժվար էր , վիրավոր վիճակում պառկել և անզորությունից չիմանալ ի՞նչ անել ։ Իսկ ամեն րոպե հասնող տեղեկատվությունն ավելի էր խորացնում ապրումները ։ Ներսից ինքս ինձ ուտում էի ։ Խառն են ապրումները , սկզբում էլ ասեցի , չեմ սիրում պատերազմի թեման ,այդ թեման բաց վերքի նման է ինձ համար։ Իհարկե պետք է խոսել զինվորների մասին, պետք է խոսել այն մարդկանց մասին ովքեր համեստորեն իրենց ուսերին տանում են կռվի ծանրությունը ,պետք է խոսել բոլոր իմ ընկերների մասին ..... (լռում է, հոգոց հանում )։

 

֊ Երգարվեստին վերադառնալու որոշումը հեշտ տրվեց՞ ։ 

֊Պատերազմից հետո ներսումս ամեն ինչ ջախջախված էր ,կոտրված , հնարավոր չէր հավաքել բեկորները որոնք իմ ներսում ցիրուցան էին եղել. բեմ բարձրանալու միտքն անգամ վանում էր ։ Երկուս ու կես տարի որևէ միջոցառման չեմ մասնակցել , ինքս չէի կարողանում ինձ տրամադրել ,գտնել ինքս ինձ հետ հաշտության ուղին. ասում էին երգեմ , բայց ինչի՞ մասին... 

Որովհետև այն երգերը ,որոնք մենք երգում էինք նախ և առաջ հայրենիք էին ,իսկ այդ երգերի ամեն տողի տակ իմ ընկերներն էին կռվի դաշտում ։

.... Երգը կարևոր է, այո , ես դա գիտակցում էի , ես գիտեի ,որ մեր պապերը կռիվ են գնացել երգը շուրթերին ,մեր հայրերը Արցախյան կռվում հաղթել են երգով , ես գիտեմ ,որ Սասնա երգն ու պարը մի ողջ ռազմարվեստի պատմություն են ։Եվ այդ գործը շարունակելու պատասխանատվությունը դարձավ գիտակցություն ։ Երգը պետք է դառնա բալասան և իմ կատարումներով ես պետք է մարդկանց այդ հնարավորությունը տամ ։ 

Դա էր երևի ,որ ինձ նորից խաղաղեցրեց ներսից և բերեց բեմ ։

֊ Ընկերներից ովքե՞ր եղան խթան , որ նորից վերադարձար բեմ։

֊Հիանալի հարց , ես ընկերների առումով հարուստ եմ ( ժպտում է ) ։ Ես ունեմ հազարավոր, չէ ավելին, բազմահազարանոց ընկերներ ,ովքեր ամեն պահի կանգնած են իմ կողքին , թե արվեստում ,թե դրսում ։Չեմ ուզի անվանական առանձնացնել , որովհետև բոլորն էլ ինձ օգնել են ,որ ես վերադառնամ դեպի բնականոն հուն ,որ վերգտնեմ ինձ ։ Ինձ հաջողվեց հաղթահարել փորձությունների մի հսկա շղթա և անգամ ձեռնափայտով վերադառնալ բեմ ,նույնիսկ ներկայացման եմ խաղացել ձեռնափայտով , երգել եմ տարբեր միջոցառումների ժամանակ ։ Եվ հանդիսատեսը ինձ հասկացրեց ,որ իմ ներկայացմամբ երգի ու դերի կարիքն ինքն ունի ։Եվ այո այդ գործում իմ ընկերների և հարազատների ավանդը մեծ է։ 

֊Հանդիսատեսն ի՞նչ նորությունների սպասի առաջիկայում ։

֊Առաջիկայում հանդիսատեսը ,բացի վերակատարումներից ,լսելու է նոր երգեր իմ առաջնային կատարմամբ։ Սպասվում են նոր տեսահոլովակներ, որոնց կայացման գործում թատերական կրթության ընդգծուն դերը կտեսնի հանդիսատեսը ։ Նոր ու նորովի մատուցմամբ երգեր են սպասվում ` տարբեր ոճերի մեջ ։ Նոր ձեռագիր եմ հրապարակ բերելու . չորս երգ միաժամանակ կհրապարակվի տեսահոլովակի տեսքով , և կուզեմ ,որ հանդիսատեսը ակտիվ լինի գնահատական հնչեցնելու մեջ ։ Ես ուզում եմ ,որ երգը իմ ու հանդիսատեսի կապող կամուրջը լինի և այդ կամուրջի ամեն քարը ուզում եմ փոխադարձ վստահությամբ շարվի ։ Ինձ յուրաքանչյուր հանդիսատեսի կարծիք կարևոր է , չէ որ երգի մատուցման վերջնական հանգրվանը դա հանդիսատեսի սիրտն է ։ Եթե կարողացար գրավել այդ սիրտը ուրեմն քո գործը ճիշտ ես կատարել ։ 

Շուտով հանդիսատեսի դատին կհանձնեմ իմ երգերից մեկը ,որի հեղինակը ԱՄՆ֊ում բնակվող Մարինե Հարությունյանն է. միասին մենք ստեղծել ենք մի երգ ,որը նվիրված է պատերազմում զոհված մեր բոլոր տղաներին։ Մենք որոշեցինք երգը կոչել "Ողջ ենք" , քանզի բոլոր ընկած տղաները ապրել են , ապրում են և շարունակելու են ապրել մեր սրտերում ։ Մարինա Հարությունյանը ճիշտ է նշում, որ այդ տղաների մասին չի կարելի խոսել անցյալ ժամանակով ,նրանք միշտ ներկա են նրանք միշտ ՈՂՋ են ...  

Վարպետներից մեկն ասում էր արվեստագետի ամենաթանկ գնահատականը ծափերն են ,որովհետև երբ քեզ ծափահարում են ,ուրեմն իզուր չէ քո գործը ,ուրեմն դու պետք է զբաղվես քո գործով ։

Զրուցեց Արմինե Մելքոնյանը 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more