Ավելի շատ հիշեցնում էր «սատանայի հետ գործարքի» գնալու ակտի ստորագրում․․․
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամանորյա խումհարից դուրս գալուց հետո՝ երեկ երեկոյան մենք ականատես դարձանք մի հակաքրիստոնեական պերֆորմանսի, որն ավելի շատ հիշեցնում էր «սատանայի հետ գործարքի» գնալու ակտի ստորագրում։
Նիկոլ Փաշինյանը բացահայտ քաղաքական դեմարշ է սկսել եկեղեցու և Վեհափառի դեմ՝ ակնհայտորեն չարաշահելով իրեն օրենքով տրված լիազորությունները։
Այս ամենից բացի՝ ակնհայտ է, որ Փաշինյանը փակուղում է․ նրա գործողություններն ու քայլերի հաջորդականությունը ոչ մի տրամաբանություն ու շաղկապվածություն չունեն։
Բացատրեմ։
Ի սկզբանե այս պիղծ գործընթացը սկսվել էր այն պնդմամբ, թե իբր Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը», ինչը, ըստ օկուպանտների, լրջագույն պատճառ էր, որ նա հեռացվի Լուսավորչի գահից։ Կարճ ժամանակ անց այս թեզը շատ «պլավնո» դուրս եկավ օրակարգից։ Այս դատարկ պնդմանը, որը շատ արագ մոռացվեց, սկսեց փոխարինել մեկ այլ՝ էլ ավելի մարազմատիկ և լկտի ցինիզմով համեմված մոտիվ․ իբր 1999 թվականի Կաթողիկոսի ընտրությունը կեղծվել է։
Սրան զուգահեռ Նիկոլն ու տասը տիրադավներն առաջ են տանում գաղափարազուրկ մի թեզ, թե «Կաթողիկոսը պետք է հանգստի կոչվի», սակայն չկա ոչ մի հիմնավոր պատճառ, թե ինչո՞ւ։
Իրականում այս ամենը նիկոլական մանևրում է, կապրիզ, որով փորձ է արվում վերջնականապես պառակտել ու ապականել եկեղեցին։
Ի դեպ, ևս մի կարևոր նկատառում․ Փաշինյանն ինքնամոռաց շտապում է վերջնականապես «փակել» եկեղեցու հարցը, քանի որ մինչև ընտրական գործընթացների մեկնարկը նրան անհրաժեշտ է ապահովել որոշակի «հաղթանակներ»։ Ուստի նա շնչակտուր կերպով ձեռնարկելու է հնարավոր ու անհնար, անտրամաբանական ու հակազգային քայլեր, այլ բան է, որ փաստացի ողջ գործընթացը տապալված է և մնացել է «պրիոմի» տակ»։
Դիտեք նաև՝
***
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նայում էի, թե ինչպես են մի շարք տիրադավներ ինչ-որ քաղաքական կործանարար տեքստի տակ իրենց ստորագրությունները դնում և ակամայից ուշադրությունս գրավեց դեմքերի արտահայտությունները:
Այնպիսի տպավորություն էր, կարծես իրենք գիտակցում են, որ իրենք այլևս վերջացած են` դարձի ու ներման ճանապարհ չունեն թե ժողովրդի և թե Աստծո առաջ, և շուտով օգտագործման պիտանելիությունը կավարտվի ու դեն կնետվեն:
Վերջում մտքովս անցավ` կարող է՞ հանկարծ խաչակնքվելու փոխարեն էլ «սրտիկ» անեն պատկերն ամբողջանա, էն էլ չֆայմեցին, շեֆին գոհացնեն:
Երբ հոգևորականը կանգնում է ոչ թե խղճի, այլ իշխանական սեղանի շուրջ, աղոթքը վերածվում է ձևական ժեստի, իսկ լռությունը՝ մեղսակցության, որտեղ խաչը դարձրել են զարդ, իսկ հավատքը՝ արարողակարգային ֆոն։ Սակայն պատմությունը միշտ դաժան է եղել նման պահվածքի հանդեպ:
Մնում է հիշել, որ Եկեղեցին անձանցից մեծ է։ Եվ որքան էլ իշխանական քարոզչությունը փորձի նորմալացնել տիրադավությունը, իրականությունը մնում է անփոփոխ․ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Կաթողիկոսի գլխավորությամբ շատ ամուր է կանգնած իր տեղում։
Այս «քամին» էլ կանցնի»:
***
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկեղծ ասած՝ ես անիմաստ եմ համարում անդրադառնալ բարոյազուրկ քաղաքական ու իրենց հոգևորական համարող կերպարներին ու նրանց քայլերին։ Ինձ համար շատ ավելի հատկանշական է տեսնել դրականը, լուսավորը՝ համատարած թվացող անտրամաբանության մեջ։
Այս իսկ պատճառով ես՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ու քրիստոնյա, ի սրտե շնորհակալ եմ բոլոր այն հոգևորականներին՝ քահանայից սկսած մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս, որոնք այս բարդ պայմաններում շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը, չեն ընկճվում, չեն ուրանում, սկզբունքներին չեն դավաճանում, շարունակում են ծառայել Աստծուն ու ժողովրդին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ելույթում ինձ համար առնվազն ակնհայտ էր, որ նա լիովին գիտակցում է իրեն բաժին հասած առաքելության բարդությունն ու կարևորությունը. նա դեպքերին նայում է թե՛ անցյալի, թե՛ ներկայի, թե՛ ապագայի պատմության տեսանկյունից, դրա համար էլ Աստծո կամոք՝ զինվել է համբերատարությամբ, ուժով, համառությամբ, շրջահայացությամբ և խոհեմությամբ։
Չարի մասին կարելի է շարունակ խոսել, դրանից բարկանալ, խռովահույզ լինել, բայց կարծում եմ՝ հատկապես գալիք Սուրբ Ծննդյան օրվա շրջանակներում լավագույն լուծումը դրականը տեսնելն ու արժևորելն է՝ դրանով իսկ այն շատացնելով։ Իսկ այդ դրականը կա, և այն շատ է։ Այն, որ մեկ մարդու կրկեսն ընդամենը տաս հոգու կարողացավ իրենով անել մոտ ինն ամսվա մոլեռանդ ու բարոյազուրկ արշավի ընթացքում, դրա վառ ապացույցն է։
Ու եղիցի լույս․․․»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet