▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղան փոշմանել ա...«Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամկետների մեջ հնարավոր է՝ արվեն փոփոխություններ:

Հիշեցնենք, որ չնայած մայիսի 29-ին Աստանայում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մնացել է ընդամենը 2-3 չճշտված հարց, եւ արդեն հունիսի 15-ին Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել  անդամակցության համաձայնագիրը, այդուհանդերձ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի կողմից նախանշվել էր այլ ժամկետ` հուլիսի 1-ը:  Սակայն, դատելով Հ. Աբրահամյանի ասածից,  ինչպես նաեւ  հունիսի 23-ին Սոչիում կայացած ԵՏՄ խորհրդի նիստից հետո ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի արած հայտարարությունից՝ «աղան փոշմանելա»: Ընդ որում, ուշագրավ է, որ հիմա, կարծես թե, ավելի շատ խոսքը գնում է ոչ թե Ղազախստանի եւ Բելառուսի, այլ հենց Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության մասին:

ՌԴ փոխվարչապետը, հիշեցնենք, ասել էր. «Եթե Հայաստանը միանա ԵՏՄ ձեւաչափին, ապա ստիպված է լինելու  փոխհատուցումների վերաբերյալ բանակցություններ սկսել Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ»: Բանն այն է, որ որպես ԱՀԿ անդամ, Հայաստանը պարտավորություն ունի մնացած անդամների հետ իր առեւտրային հարաբերությունները ձեւավորել  զգալիորեն ավելի ցածր մաքսատուրքերով, քան  սահմանված է ՄՄ-ում: Ասել է թե` անդամակցելով  ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին, Հայաստանը խնդիր է ունենալու ԱՀԿ անդամ երկրներից տարբեր ապրանքների ներմուծման հարցում, եւ կամ պետք է փոխհատուցի այդ երկրներին, կամ էլ,  պարզապես, դադարեցնի ներմուծումը, ինչը, բնականաբար, անհնար է:

Ամբողջ խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ գրեթե նույնքան անհնար է  նաեւ փոխհատուցելու տարբերակը, ուստի կարելի է ասել, որ  ԵՏՄ  առաջադրած վերը նշված պահանջով Հայաստանին ուղղակի փորձ է արվում կանգնեցնել փակուղու առջեւ։

Իհարկե, արդեն ամիսներ ի վեր հայկական կողմը ԵՏՄ հետ բանակցում էր շուրջ հազար անուն ապրանքատեսակների համար արտոնյալ մաքսատուրքեր ստանալու շուրջ: Սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչպիսի արդյունքների են հանգեցրել այդ բանակցությունները: Դատելով Շուվալովի հայտարարությունից`  առնվազն ոչ գոհացուցիչ:

Եվ այն, որ անդամակցության   հայտարարված ժամկետից ընդամենը մի քանի օր առաջ նման պահանջներ են առաջադրվում, ցույց է տալիս, որ մեր երկիրը մտել է այս գործընթացի մեջ` առանց  մանրակրկիտ հաշվարկի եւ նախապատրաստության: Սակայն, քանի որ Հայաստանի նախագահը մեր երկրի ճակատագրի վերաբերյալ որոշումները կայացնում է միանձնյա` Պուտինի հետ կեսժամանոց  առանձնազրույցի արդյունքում, այս ամենը միանգամայն սպասելի էր:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more