▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օրն է

ՀԱՀԳԲ-ն(ԱՍԱԼԱ) տեղծվել է 1975-ին`  նպատակ ունենալով  ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։

Կազմակերպությունը ռազմական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975-ի հունվարի 20-ին` ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում` նրան ամբաստանելով իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի (ԱՆՉԱ) գործակցի։ ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստության հայ քաղաքական կազմակերպությունները անզորության հանդեպ։ Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին։

 1975-79-ին կազմակերպությունը ռազմական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր քաղաքներում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրքական դեսապանատանը։ Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը(մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում` ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնևում թուրքական դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991-ին), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրացործել են «Վան» գործողությունը` Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986-ին)։

1980-ական թթ. սկզբին իսրայելական բանակի` Լիբանան ներխուժելու, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի (Սալահ Խալաք) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետախուզությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մարմինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ կրել է ծանր կորուստներ. զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ։

1991-ին ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը` առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։ ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87,1991-ից) հրապարակվել է հինգ լեզուներով` հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն։ 1991-ից միայն հայերեն` «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more