▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բառերով մարդկանց չես կերակրի»... Կարեն Կարապետյան.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը հարցազրույց ունի ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ. 

 

-Վերջին օրերին փոքր և միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ են կազմակերպումԱզգային ժողովի մոտ: «Շրջանառության հարկի մասին»  ՀՀ օրենքի՝ այսօրվանից կիրառվելիք փոփոխությունները բողոքի ալիք են բարձրացրել: Ձեր կարծիքով՝ արդարացվա՞ծ են այդ դժգոհությունները, չէ որ կարծես թե նվազեցվել է գանձվելիք տոկոսադրույքը:

 

-Ակնհայտ է, որ կա խնդիր և այն անպայման պետք է քննարկել ու լուծումներ գտնել: Արտաքուստ, իսկապես օրենքը, կարծես, լավն է, քանզի հարկային բեռը 3.5 տոկոսից նվազեցվել է 1 տոկոսի: Շատ գովելի է նաև ձգտումը՝ հարկային դաշտ բերել ստվերում գտնվող խոշոր ձեռներեցներին: Սակայն անթույլատրելի է այդ հարցը լուծել  փոքր ու միջին բիզնեսի միջոցով: Օրենքի այս փոփոխությամբ, ըստ էության,  կոնֆլիկտ ենք հրահրում փոքր ու խոշոր բիզնեսի միջև՝ փաստացի հիմնական բեռը թողնելով փոքր ու միջին բիզնեսի վրա: Եթե դիտարկենք վերջին տասը տարիների դինամիկան, ապա ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ ուղղակի կուլ գնացին խոշորներին: Ավելին, որոշ ոլորտներում ձևավորվեցին անթույլատրելի մենաշնորհներ: Հիմա հնարավոր է նոր <մսաղացի> մեջ հայտնվեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Վերջնարդյունքում փոքր բիզնեսով զբաղվողներին կանգնեցնում ենք ունեցած սուղ հնարավորություններն էլ կորցնելու վտանգի առջև: Շատ բնական է, որ օբյեկտիվորեն այս մարդիկ չեն ուզում մեխանիկորեն վերածվել հարկային գործակալների: Մի՞թե իսկապես պետությունը չգիտի խոշոր գործարարների տեղը և նրանց գործունեության ծավալները: Այդ դեպքում ինչի՞ համար են համապատասխան մարմիններն ու դրանցում ներգրավված հազարավոր աշխատողները: Մյուս կողմից, չանդրադառնալով տեխնիկական բազմաթիվ խնդիրներին, որոնք այսօր բարձրացնում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, նախ և առաջ պետք է հաշվի առնենք, որ առևտրով զբաղվող այդ մարդկանց կրթական ցենզը չափազանց տարբեր է և, մեղմ ասած, բոլորը չեն, որ ի վիճակի են գլուխ հանել առաջարկվող պահանջներից: Իսկ լրացուցիչ աշխատող պահել, որը կվարի այդ ամբողջ թղթարարությունը, շատ քչերը կարող են իրենց թույլ տալ, քանի որ նրանց գերակշիռ մասը հազիվ կարողանում է իր օրահացի խնդիրները լուծել:

 

-Կառավարությունը, սակայն, համաձայն չէ նման մոտեցման հետ և կարծում է, որ դեռ մի բան էլ լավություն է արվել այդ մարդկանց:

 

- Որևէ խնդիր ծածկելով կամ միակողմանի մեկնաբանություններ տալով հնարավոր չէ լուծել: Արդեն նշեցի, որ արտաքուստ իսկապես կարծես հարկային բեռի նվազեցում է կատարվում: Սակայն վերը բերված հանգամանքները էականորեն վնասում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանք պատրաստ են նույնիսկ փոքր-ինչ ավել վճարել, միայն թե համապատասխան մարմինները անընդհատ չզզվեցնեն իրենց տարաբնույթ ստուգումներով ու փաստաթղթային քաշքշուկներով: Այնինչ, օրենքի այս փոփոխությամբ հարկային մարմնին տրվում են սուբյեկտիվ հնարավորություններ, ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է սպասվում տասնյակ հազարավոր այդ մարդկանց, որոնց գերակշիռ մասը օբյեկտիվորեն տարրական պատկերացում չունի օրենսդրության նրբությունների ու խութերի մասին: Ի վերջո նրանք չեն կարող բոլորը իրավաբան կամ տնտեսագետ լինել: Ուստի հարկավոր է կոնկրետ լուծումներ գտնել, մասնավորաբար ցուցաբերել դիֆերենցված մոտեցում և որոշակի ոլորտներ տեղափոխել հաստատագրված հարկի դաշտ՝ խուսափելու ավելորդ քաշքշուկներից: Այդ դեպքում մարդը հստակ կիմանա՝ որքան է վճարելու պետությանը և ըստ այդմ կիրականացնի իր գործունեությունը: Հակառակ պարագայում այսօր մենք կանգնած ենք գործազուրկների առանց այդ էլ մեծ բանակն էլ ավելի մեծացնելու վտանգի առջև: Ի վերջո, այդ մարդիկ այսօր կարողանում են իրենց հանապազօրյա հացը վաստակել՝ բեռ չդառնալով պետության համար: Եթե նրանք էլ ձեռքները թափ տվեցին ու չկարողացան շարունակել իրենց գործունեությունը, պետությունը կարողանալո ՞ւ է տեր կանգնել նրանց: Արդյո՞ք պետությունը շահելու է գործազուրկների կամ սոցիալական նպաստի հույսին մնացողների քանակի ավելացումից, առավել ևս, որ եղածների խնդիրները չեն կարգավորվում:

 

-Բայց չէ՞ որ պետությունը բյուջե լցնելու խնդիր ունի:

 

-Իհարկե, ունի: Բայց դա պետք է արվի առաջին հերթին խոշորների հաշվին, այլ ոչ թե փոքր ու միջին ձեռներեցության միջոցով: Անընդհատ շեշտում ենք բիզնես մթնոլորտի բարելավման մասին, փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին: Սակայն բառերով մարդկանց չես կերակրի: Փոխանակ իրապես աջակցելու այդ մարդկանց, մասնավորաբար էժան վարկերի և այլ միջոցներով, դեռ մի բան էլ նման քայլերով ապականում ենք գործարար մթնոլորտը՝ ձևավորելով առավել խորացված անվստահություն: Մյուս կողմից, հարցի ֆիսկալ կողմը չպետք է գերակշռի բարոյական ու սոցիալական կողմին: Անշուշտ, շատ կարևոր է ֆիսկալ քաղաքականությունը, բայց նման քայլերով վաղը գուցե դա էլ չունենանք: Այն մարդկանց համար, ովքեր իրենց հնարավորություններով այսօր կարողանում են իրենց հացը վաստակել, ռիսկայնությունը պետք է նվազագույնի հասցնել: Գուցե տարիներ անց, երբ խոշոր բիզնեսն ամբողջությամբ կհայտնվի հարկային դաշտում, նման փոփոխությունները արդյունավետ և քիչ ցավոտ լինեն: Բայց այսօր վերոնշյալ միջոցներն ուղղակիորեն հարվածում են հազարավոր մարդկանց, ովքեր առանց պետության աջակցության և օգնության փորձում են հոգալ իրենց ընտանիքների առօրյա հոգսերը և ոչ ավելին: Այնպես որ, խորապես համոզված եմ, որ ամենակարճ ժամկետներում հարկավոր է համակարգված քննարկումներ կազմակերպել և փոխզիջումային լուծումներ գտնել, որպեսզի մի կողմից չտուժի կառավարության՝ ստվերի դեմ պայքարելու գովելի քաղաքականությունը, մյուս կողմից փոթորկի բերան չընկնեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more