▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղդասարովը նոր տնօրեն է փնտրում. «Ժողովուրդ»

Դեռեւս հուլիսի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: Նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը սկսել է մեծ թափով գործունեություն ծավալել այնտեղ եւ որ այսուհետ հենց նա է ղեկավարելու գործարանը: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ցեմենտի գործարանի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը վերջին պահին փոշմանել է ու չի ցանկանում գործարանի վաճառքն իրականացնել: Մեր տեղեկություններով՝ այժմ Մ. Բաղդասարովը նոր տնօրեն է փնտրում: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը միայն տեղեկություն ունի, որ գործարանի վաճառքի գործարքը ձգձգում են, իսկ մյուս հարցերը պետք է ուղղել Մ. Բաղդասարովին. «Իմ ընկերները փաստաթղթային գործընթացի մեջ են, ուղղակի այդ փաստաթղթերը կարծես թե ձգձգվում են: Ես չգիտեմ, թե Մ. Բաղդասարովն ինչ է ուզում անի կամ չանի, ես որեւէ ինֆորմացիա չունեմ»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ նաև ստորև.

«ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ Է «ՓՆՏՐՈՒՄ»

 

Դեռեւս հուլիսի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: Նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը սկսել է մեծ թափով գործունեություն ծավալել այնտեղ եւ որ այսուհետ  հենց նա է ղեկավարելու գործարանը: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ցեմենտի գործարանի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը վերջին պահին փոշմանել է ու որեւէ կերպ չի ցանկանում գործարանի վաճառքն իրականացնել: Մեր տեղեկություններով՝ այժմ Մ. Բաղդասարովը նոր տնօրեն է փնտրում:

 

Եվ այսպես, «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերության շուրջ օր օրի կրքերը թեժանում են. ընկերության` սնանկ ճանաչվելուց հետո այդպես էլ անհասկանալի է մնում, թե ե՞րբ է սկսելու գործել գործարանը, ովքե՞ր են վճարելու գործարանի աշխատակիցների աշխատավարձերը եւ, ի վերջո, գործարանի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ինչո՞ւ է լռում ու որեւէ կերպ չի արձագանքում գործարանի շուրջ կատարվող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ ցեմենտի գործարանը 2013թ. սնանկ ճանաչվելուց հետո գրավադրվել է, այնուհետեւ անցել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի կառավարմանը՝ վերանվանվելով «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ: Այդ ամենից հետո գործարանը ցանկացել էր գնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, թեեւ նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե  գնողն ինքը չէ, այլ իր մոսկվաբնակ ընկերները, ովքեր մեծ ցանկություն են հայտնել աշխատեցնել գործարանը, իսկ ինքն էլ ընդամենը նրանց օգնում  է գործարանի գնման եւ փաստաթղթերի կարգավորման հարցում: «Նախ՝ ցեմենտի գործարանի գնման գործընթացը դեռեւս չի ավարտվել, իսկ գործարանն էլ գնել են իմ ընկերները Մոսկվայից, ուղղակի ես պետք է իրենց օգնեմ, որպեսզի աշխատի այդ զավոդը։ Դեռեւս գործընթացը կանգնած է, դեռեւս անհամաձայնություն կա մեջները, երկու կողմի մեջ էլ կան անհամաձայնություններ, որոնք, ըստ իս, շուտով հարթվելու են»,-նշել էր Գ. Մեքոնյանը` հույս հայտնելով, որ գործարանը շուտով կվերագործարկվի. «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի ու գործարանն էլ կսկսի նորմալ աշխատել, որովհետեւ արդեն երկու ամիս է՝ իրենք աշխատում են այդ ուղղությամբ։ Հսկայական գումարներ են ներդրել գործարանի նորոգման վրա։ Իրենց պայմանավորվածությունից մնացել է ընդամենը մի էտապ։ Վերջնական էտապն է, որ դեռեւս պետք է պայմանավորվեն, որպեսզի արդեն միանգամից գործարկվի զավոդը։ Կարելի է ասել՝ մնացել է լուցկին վառեն քցեն, որ ինքն աշխատի։ Ամեն ինչ արված է»,-վստահեցրել էր Մելքոնյանը: Սակայն պարզվում է` «լուցկին վառելն» այդքան էլ հեշտ չի եղել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մ. Բաղդասարովն այլեւս չի ցանկանում գործարանը վաճառել ու որեւէ գործարք կնքել գործարանը գնողների հետ: Անգամ հայտարարել է, թե գործարանի համար նոր տնօրեն է փնտրում: Երեկ  «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչու չի կայացել գործարանի վաճառքի գործարքը ու ինչու է Մ. Բաղդասարովը փոշմանել:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր հարցերի հետ կապված գործարանի աշխատակիցները պետք է դիմեն Միխայիլ Բաղդասարովին ու «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին: Իսկ հարցին՝ այլեւս իր ընկերները որեւէ առնչություն չունե՞ն գործարանի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ ընկերները փաստաթղթային գործընթացի մեջ են, ուղղակի այդ փաստաթղթերը կարծես թե ձգձգվում են: Ես չգիտեմ, թե Մ. Բաղդասարովն ինչ է ուզում անի կամ չանի, ես որեւէ ինֆորմացիա չունեմ: Ես գնացել եմ Գերմանիա, եկել եմ ու որեւէ բանից տեղյակ չեմ: Ուղղակի իմ ընկերներին հարցնում եմ, ասում են՝ ձգձգվում է»:

Հարցին՝ արդյոք գործարանի վաճառքի ձգձգման պատճառն այն չէ՞, որ Մ. Բաղդասարովն այլեւս չի ցանկանում գործարանը վաճառել՝ Գ. Մելքոնյանն ասաց. «Չգիտեմ, ես Մ. Բաղդասարովի հետ չեմ խոսել, որպեսզի այդ հարցին պատասխանեմ, ես ոչ մի ինֆորմացիա չունեմ»:

«Ժողովուրդ»-ը փորձեց այս առիթով զրուցել Մ. Բաղդասարովի հետ, սակայն վերջինիս հեռախոսը ողջ օրվա ընթացքում անջատված էր: Իսկ  «ՎՏԲ» բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հեռախոսազանգերին պատասխանեց մի կին` Նորա անունով,  ու հայտարարեց, որ «Միկա ցեմենտ»-ին առնչվող բոլոր հարցերն ուղղենք գործարանին:

Տեղեկացնենք, որ երեկ Հրազդանի «Ցեմենտ Սերվիս» ընկերության շուրջ 100 աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի բակում՝ պահանջելով իրենց 4 ամսվա աշխատավարձը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն մի քանի շաբաթ շարունակ գործարանի աշխատակիցներին խոստանում են նրանց աշխատավարձերը վճարել, սակայն մինչեւ այսօր, փաստորեն, խաբում են:

Գործարանի աշխատակիցները նշում են, որ մշտապես իրենց հետ հանդիպում է գործարանի փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանն ու խոստանում, որ մինչեւ շաբաթվա վերջ նրանք կստանան իրենց աշխատավարձերը, սակայն այդ խոստումը մնում է «օդում կախված»:

Հեղինակ` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more