▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաթիվ համախոհներ և ուժեղացված ոստիկանական ծառայություն․ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստն է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Միջնորդել են 1 ամսով երկարացնել տնային կալանքը. սա քաղաքական հետապնդում է, ուղիղ միջամտություն քաղաքական գործընթացներին, դատարանի բակում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ հավելելով՝ այս պահին ընդմիջում է հայտարարված 12.00 -ից քննվող նիստին, քննությունը կշարունակվի 20.00-ին:

«Վերջին հարցումներից հետո, մարդկանց կարծիքի ուսումնասիրությունից հետո, իշխանության վախն ավելացել է. ամեն ինչ անելու են, որ Սամվել Կարապետյանը մնա տնային կալանքի տակ, չշփվի ժողովրդի հետ»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօրվա նիստից ակնկալիքներն:

Հիշեցնենք՝ ընթանում է գործարարի կալանքի հարցով դատական նիստը:

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս դատարանի բակում է, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննության դատական նիստը

Կարեն Կարապետյանը, որը գլխավորել է ՀՀ կառավարությունը մինչև 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը», հազվադեպ է հայտնվում հանրության առջև։

***

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ հավատում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակին 

Սամվել Կարապետյանին սատարելու եկած քաղաքական գործիչը հավելել է, որ ինքը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին:

***

«Հունիսի 8-ին սկիզբ է դրվելու ուժեղ առաջնորդով, վարչապետ Սամվել Կարապետյանով ուժեղ Հայաստանին: Այդ օրվանից սկսած՝ ամեն ինչ լինելու է իր տեղին: ՀՀ-ում լինելու է անկախ դատարան, իրավական համակարգ, որը կորոշի՝ ով, ինչպես կպատժվի»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում, համոզմունք հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին:

Բազմաթիվ համախոհներ և ուժեղացված ոստիկանական ծառայություն. Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստն է։

Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի  բազմաթիվ համախոհներ են հավաքվել դատարանի բակում, իսկ իշխանություններն այնտեղ են տեղափոխել մեծաքանակ ոստիկանական ուժեր։

Նախօրեին հայտնի դարձավ, որ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Որոշումն ինչպե՞ս տրվեց ձեզ, ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով միացաք կուսակցությանը հարցին՝ ասաց. «Ես 2020-ից մասնակից եմ ընդդիմադիր բոլոր շարժումներին, ամենօրյա հասարակական ակտիվ գործունեություն եմ ծավալում, ամեն ինչ շատ բնական ճանապարհով....»: Դիտարկմանը՝ դուք Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող անձ եք ու այդ հանգամանքով պայմանավորված քննադատվեց այս փոփոխությունը, ասաց՝ անմիտ քննադատություն է:

***

«Զանգովի արդարադատությունը, բնականաբար, պետք է գործեր: Քանի գնում՝ մեր դատական ատյանների հետ կապված հույսս մարում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀԷՑ ՓԲԸ նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը: «Հետաքրքիր է՝ ինչու են իրավաբանները, դատավորներն այդքան կարճ մտածում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը երեկ հայտարարություն էր տարածել ու նշել․ «10.03.2026թ. Սահմանադրական դատարանն ավարտեց «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.1-ԻՆ ՄԱՍԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» գործով քննությունը, և Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու համար: Այսօր հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը, որի եզրափակիչ մասում նշվում է.

Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց .

1. «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
4․ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է:
Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more