Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը տարածքային կառույցների շտաբերի ներկայացուցիչներից ստանում է բազմաթիվ ահազանգեր, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների տարբեր օղակների հարձակումով, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը։
«Մասնավորապես՝ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումով, կալանավորումներով։
Վաղ առավոտից սկսվել է տոտալ հարձակում՝ ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատուների նկատմամբ։ Տարատեսակ շինծու և մտացածին մեղադրանքներով մեր համակիրները, կուսակից ընկերները, մարզերում իրենց գործունեությունն իրականացնող շտաբերի պատասխանատուները մասսայաբար բերման են ենթարկվում»,-ասաց Տոնոյանը։
Նշեց՝ այս իրավիճակը կանխատեսելի էր. նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում նմանատիպ գործելաոճը ավանդական էր դարձել։
***
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը արձագանքեց դեպքին՝ կապված Ադոնց փողոցում ընտրատեղամասերի դիմաց թափված թռուցիկներին, որոնք հակաքարոզչություն են՝ ուղղված ընդդիմադիր ուժերին։
«Այս պահին մեր արագ արձագանքման խմբի մասնագետները գնում են այս ահազանգերի հետքերով։ Ողջ օրվա ընթացքում ԲՀԿ արագ արձագանքման խումբը հավաքագրելու և հետամուտ է լինելու ընտրախախտումների վերաբերյալ հնչած բոլոր հայտարարություններին»,-ասաց նա։
Տոնոյանը կոչ արեց՝ ընտրախախտումներ արձանագրած քաղաքացիներին զանգահարել 010-600-601 հեռախոսահամարով։


