▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկներն ու ՔԿՀ աշխատակիցները խոչընդոտել են քննության ընթացքը

-ն  գրում է. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է Աշոտ արգսյանի կողմից խարդախությամբ շուրջ 455.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի հափշտակության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
Գործն ուղարկվել է դատարան, բայց քննչական մարմինն այսքանով չի սահմանափակվել: Բանն այն է, որ Աշոտ Սարգսյանը նախաքննության ընթացքում կալանավորվել էր, և նախաքննության գրեթե ողջ ընթացքում գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
 
Կալանավորը, այս հանգամանքն օգտագործելով և իր առողջական վիճակի մասին բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնելով, պարբերաբար խուսափել է քննչական գործողություններից` ձևանալով ծանր հիվանդ:
 
Ի դեպ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանը Աշոտ Սարգսյանի պաշտպաններին անձամբ է  տեղեկանքներ տրամադրել այն մասին, որ մեղադրյալի առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել քննչական գործողություններին:
 
Քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու նրա իրական առողջական վիճակը, որի արդյուքում  ճիշտ հակառակն է ապացուցվել։ Դրանց համաձայն, Աշոտ Սարգսյանի գիտակցությունը և բանականությունը խոչընդոտ չեն հանդիսանում քննչական գործողություններին մասնակցելուն, իսկ առողջական վիճակը թույլ է տալիս լիարժեք խոսել, լսել, կատարել գրառումներ և ընկալել ուրիշի խոսքը:
 
Փաստորեն, չունենալով համապատասխան մասնագիտական գիտելիքներ՝ ՔԿՀ պետի տեղակալը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տրամադրել՝ շուրջ կես միլիոն դոլար հափշտակելու մեջ մեղադրվող Սարգսյանին աջակցելով քննչական գործողությունների իրականացումը ձախողելու հարցում:
 
Ի դեպ, ձախողումները միայն առողջական վիճակի մասին սխալ տեղեկություններ տրամադրելով չի սահմանափակվել։ Մեր տեղեկություններով՝ առանձին դեպքում քրեակատարողական հիմնարկում տարբեր պատճառաբանություններով  ձգձգել են քննչական գործողությունների կատարումը, անգամ հրաժարվել որպես ընթերակա մասնակցել քննչական գործողություններին, ինչը պարտավոր են անել օրենքով:
 
Այս բոլոր փաստերը հաշվի առնելով` նախաքննական մարմինը դիմել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանին` միջնորդելով քննարկել ՔԿՀ աշխատակիցների արաքն ու մեղավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության:
Մեկ այլ միջնորդագիր էլ ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, քանի որ Աշոտ Սարգսյանը կալանավորի կարգավիճակով շուրջ 6 ամիս՝ գտնվել է թիվ 2 բժշկական միավորման նյարդաբանական բաժանմունքում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների հսկողության տակ:
 
Բայց այդ ընթացքում նրա աշխատասենյակ անարգել մուտք են գործել նրա ազգականները, որոնք միջամտել ու խանգարել են քննչական գործողությունների կատարմանը:
 
Ինչպես հետագայում պարզվել է քննչական մարմնի նախաձեռնությամբ կատարված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքում, հիվանդանոցի տնօրեն Տ.Խաչատրյանը և նյարդաբանական բաժանմունքի վարիչ Ա.Ղազարյանը, կալանավոր Աշոտ Սարգսյանին շուրջ 6 ամիս անհիմն պահել են հիվանդանոցում` պատճառաբանելով,  իբրև թե, նրա վիճակը ծայրահեղ ծանր է և նրան տեղաշարժելու հնարավորությունը գրեթե բացառված է: Իսկ երբ քննիչն այցելել է հիվանդանոց` քննչականն գործողություններ իրականացնելու, բժիշկներն արգելել են` ասելով, թե հիվանդը մահամերձ է: Երբեմն նաև այդ մասին վկայող տեղեկանքներ են գրել:
 
Քննիչը յուրաքանչյուր նման տեղեկանքից հետո ստիպված է եղել Ա.Սարգսյանի առողջական վիճակը պարզելու համար նոր  դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել, և ամեն անգամ հանձնաժողովի փորձագետները եզրակացրել են, որ Աշոտ Սարգսյանի վիճակը թեև ծանր է, բայց ծայրահեղ ծանր կամ մահամերձ չէ, և կարող է մասնակցել քննչական և դատավարական գործողություններին:
 
Կալանավորին շուրջ 6 ամիս բժշկական միավորումում պահելու նախադեպը չունեցող իրավիճակը շտկվել է միայն հրավիրված բժշկական կոնսիլիումով, որի եզրակացության հիմքով Աշոտ Սարգսյանը դարձյալ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ ի վերջո հաջողվել է ավարտին հասցնել անհրաժեշտ քննչական գործողություններն ու ավարտել գործի  նախաքննությունը:
 
Քննությանը խոչընդոտելու` բուժանձնակազմի հանցավոր գործողությունները հետագայում կանխելու միջնորդությամբ  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետը դիմել է Առողջապահության նախարարին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ։
 

 

Հեղինակ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more