Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոսել է 2020-ի պատերազմից հետո Արցախի հերոսի կոչումից հրաժարվելու իր դրդապատճառների մասին․ «Ես այդ կոչումը ստացել եմ ազատագրված տարածքների համար, երբ այդ տարածքները հանձնվել են, այլևս այդ կոչումը պահելը անիմաստ է։ Այն, ինչի համար դու ստացել ես, այլևս չկա»։
Բաբայանը նաև պատմել է, թե ինչու 2020-ի պատերազմից անմիջապես հետո հեռացել է Արցախից․ «Ես մեկնել եմ Արցախից նոյեմբերի վեցին՝ անվտանգության խորհրդից հետո, նախագահի խնդրանքով գործուղվել էի բանակցությունների, այլ երկրից պետք է մարդիկ գային, օգտակար լինեին ընդհանուր վիճակին, երկու օրից ստորագրվում է «ղազագիր», այլևս անիմաստ է դառնում նրանց գալը։ Սա է եղել իրականությունը, բայց կան մարդիկ, որոնք ներկայացրին՝ «ինքը թողեց, փախավ», որի նպատակը վարկաբեկելն էր»։
Անդրադառնալով 2020-ի պատերազմի ընթացքում իր մասնակցությամբ որոշ դրվագների՝ Բաբայանը նշել է․ «Նույն անվտանգության խորհրդի նիստում ես հայտարարել եմ կա՛մ Ռուսաստանը մեզ տալիս է զենք, կա՛մ մենք ոչ մի բան չենք ստորագրում և դուրս ենք գալիս Արցախից։ Չհասկացան՝ ինչ նկատի ունեմ, ես բարձրաձայնեցի՝ որևէ փաստաթուղթ մի՛ ստորագրեք, չլսեցին։ Ադրբեջանը չէ՛ր հաղթել, հիսուն-հիսուն էր, հիմա իրենց խորհրդականները, անգամ Ալիևը ինքն է ասում, որ արդեն դժվար օրեր էին, լեռնային մասեր էին մտնում, չէր ստացվում։ Փաստաթղթի ստորագրման մասին ես հեռուստատեսությունից եմ իմացել»։
Լրագրողի հարցին՝ ինքը տեղյա՞կ է եղել Թաղավարդով դեպի Շուշի ադրբեջանցիների առաջխաղացման մասին, Սամվել Բաբայանն ասել է․ «Բացատրել եմ, ասել եմ, թե որտեղ պետք է ականապատել, որտեղ ինչ անել, բայց ադրբեջանցին նոյեմբերի 4-5-ը մտել է Շուշի։ Բոլորդ նոյեմբերի 5-6 եք ասում, բայց 4-5-ն է եղել։ Պետք էր Սղնախով ադրբեջանցիների ճանապարհը կտրել և հարցերը լուծել, սակայն գործող հրամանատարն ասաց՝ «դե դա Բաբայանի գործն է, դա ինքն է ուզում անի, դա մեր հետ կապ չունի, ես գիտեմ ինչ եմ անում»։ Դեմ տվեցին սարին՝ երեք օրում 500-600 զոհ տվեցինք»։
Սամվել Բաբայանը նշեց, որ այս պահին քննություն է ընթանում և իր բոլոր ասածները քննության առարկա են․ «Ե՛վ Հորադիզի ուղղությամբ կատարվածը, և՛ Շուշիի օպերացիան, և՛ դրա թիկունքը փակելը։ Այստեղ մարդիկ կան, որոնք լրատվականներով ասում են, թե հեսա հերթն իմն է․ մի՛ ծիծաղեցրեք։ Խայտառակ վիճակ է եղել։ Դուք պետք է անգամ ամաչեք խոսելուց՝ այդ հրամանատարները, սպայական կազմը»։