▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղկաքաղ Դոնոր Ռուբոյից. «Ժողովուրդ»

Երդվյալ ազատամարտիկների միության (ԵԱՄ) նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն  Գեւորգյանը  իրենց  հիմնադիր համագումարում մի այնպիսի ելույթի տեքստ էր կարդացել, որ լսողը փշաքաղվում էր: Արնածոր եւ արնաշաղախ այդ տեքստը վերստին հիշեցրեց նրա չտարածված, բայց դիպուկ մականունը՝ Դոնոր Ռուբո: Հավանաբար, նա մինչեւ օրս հպարտանում է, որ մամուլում տպագրվել է իր ելույթը՝ առանց դիպչելու դասականի քերականական սխալներին եւ մտքի «ծաղիկներին»:

 

Երգիծաբանի համար ֆելետիոնի ավելի լավ նյութ, քան պատգամավոր Գեւորգյանի ելույթներն են, ուղղակի դժվար է գտնել: Հիմնավորելով ԵԱՄ ստեղծելու անհրաժեշտությունը՝  Դոնոր Ռուբոն հայտարարում էր, որ «այսօրվա թշնամին իշխանությունների ծնած հիվանդ հասարակությունն է, որի մեջ մոլեգնում է ժողովրդի ոտնահարված արժանապատվությունը, երկրում տիրող սոցիալական ծանր վիճակը եւ նրանց մեջ արդեն իսկ բուն դրած ապագայի հանդեպ կորցրած հավատի սարսափը»: Մտքի ինչպիսի խորքեր... Էքզիստենցիալիզմ, սյուրռեալիզմ... ասենք՝ ինչու ոչ՝ դոնորռուբոյիզմ: 

Անասելի ուրախությամբ կարդում ես բանական մի  միտք. «...պատերազմում անմիջական մասնակցություն ունեցած մեր ազատամարտիկների ընտանիքներն այսօր գտնվում են սոցիալական ծանր կացության մեջ, այնինչ նրանք այսօր իրենց իսկ հաղթանակած երկրում պետք է ապրեին հպարտ ու արժանավայել»: Սպասում ես, որ դրան կհետեւեն ինքնախարազանումը եւ խոստովանությունը, քանզի դրանում նաեւ իր մեղքի բաժինը կա: Ի վերջո` Ռուբոն իրականում կապ չի ունեցել պատերազմի հետ, եւ նրա «վրայից դեռ վառոդի հոտն է գալիս» այն պարզ պատճառով, որ նա սովորական մարդասպան է, ինչի համար բանտում երկար տարիներ է անցկացրել: Իսկ պատերազմից հետո էլ կատաղի հարստացել է` բոլորին հայտնի եղանակներով: 

Առանձին հետազոտության թեմա կարող է լինել ելույթում հնչեցված արյունաբանության տեսությունը. Դոնոր Ռուբոն գերմանացի դասական փիլիսոփա Ֆիխտեի օրինակով ազգային ինքնության եւ արժանապատվության հիմնադրույթներն է զարգացնում՝ տառասխալներով «... հայրենի հողը արյուն է, հողի տերը արյան տերերն են, Երկրի շունչն է արյունը եւ նրա կենդանությունը, եթե պետությունը չգնահատի այդ ամենաթանկարժեքը, ապա նա վերջնականապես դուրս կգա իր զորության ուղուց»: Արյունաբանության համատեքստում մեր «երկիրը հետ է ընկել միջազգային արժեքներ դառնալու փորձից», բայց «ամեն պարագայում էլ արյամբ ընդգծված սահման ունեցող հայրենի երկիրը» դեռ կարելի է փրկել, քանի որ կան Դոնորի նման «հավիտենական անկոտրումներ»: Նրա մեկ այլ բնորոշմամբ՝ «երկրի ճակատագրականներով համալրված»՝ Երդվյալ ազատամարտիկները, չլինելով քաղաքական կառույց,  «կանգնելու է այն քաղաքական ուժի կողքին, ովքեր ...հանդես կգան իրենց հստակ կազմով, նոր ուժով եւ ծրագրով եւ որով էլ հնարավոր կդարձնեն պաշտպանված, բարեկեցիկ եւ բարգավաճ երկրի կառուցումը»:  Զարմացանք ու չզարմացանք, որ «բարգավաճ»  բառը ճիշտ էր գրել: Դե, իհարկե, այս մասով  դասերը լավ է սովորել: 

Նրա ելույթի տեքստը վերծանելուն զուգահեռ՝ մի քանի հետաքրքիր դրվագներ հիշեցինք: «Անկոտրում ճակատագրական» կերտող դոնոր Ռուբոն արցախյան պատերազմի ամենաթեժ տարիներին իր «ամենաթանկարժեք» կյանքը վտանգից զերծ պահելու 100 արդար եղանակների էր տիրապետում: Այսպես՝ նա մի քանի ամիս պառկեց Հանրապետական հիվանդանոցում՝ բուժվելով հույժ մահացու եւ օրհասական ալերգիայի դեմ:

Իսկ ահա 1995թ. կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռ. Գեւորգյանը երջանկահիշատակ Էդուարդ Եգորյանի մրցակիցն էր եւ աջ ու ձախ դժգոհում էր, թե՝ «էս ով են, արա, պլակատ-մլակատ են բերել դեմս, ես ութը տարի զոն եմ նայել, էս ոնց են պայքարում իմ հետ»: 

Նրա «ազգային-ազատագրական-հոգեւոր-կրոնական» կենսագրության պանծալի էջերից մեկը կգրվեր այն տարիներին, երբ Ալբերտ Բազեյանը Երեւանի քաղաքապետն էր: Թե ինչու` հիշեցնենք, կամ տեղեկացնենք անտեղյակներին. Դոնորը Դավիթաշենում իր հովանավորությամբ կառուցված եկեղեցին սեփականաշնորհելու դիմում էր գրել, եւ Բազեյանը մոտակա քարը Դոնորի գլխովն էր տվել՝ նման հանդգնության համար:   

Հայկական արյունաբանության մտքի գիգանտ Դոնորը տարիների ընթացքում ինքն իրեն այնքան է նույնացրել իր զոհված եղբայր Սամվել Գեւորգյանի հետ, որ, երեւի, երբեմն ինքն իր նկարի առաջ խունկ է ծխում, ինքն իր «մարտական սխրանքների» մասին հուշեր պատմում: Առանց որեւէ կատակի նշույլի՝ Դոնոր-Ծաղիկը արցախյան պատերազմի հետ ունի ճիշտ նույնքան առնչություն, որքան պատերազմի տարիներին հոգով «անարիները», որ թաքնվում ու խուսափում էին զենք վերցնելուց: Պատերազմի մասնակից որեւէ մեկը չի կարող վկայակոչել, թե Ռուբեն Գեւորգյանը կռվել է, մասնակցել որեւէ մարտական գործողության:

Այժմ, սակայն, նա անասելի ոգեւորված է. հավանաբար արժանացել է իր սիրելի «վոինի» կամ նրա տեղապահի ուշադրությանը եւ լիցքավորված անցել գործի: 

Եթե Երդվյալ ազատամարտիկների միության «պրոյեկտը»  տապալվի (իսկ կտապալվի անկասկած, ինչպես ԵԿՄ-ին զուգահեռ  բոլոր արհեստածին կառույցները), Արնածաղիկը մխիթարվելու համար կրկին կանցնի պոեզիային՝ ՀԳՄ պատվավոր անդամի տոմսը կրելու շրջանակներում (որից ունեն մի քանի առանձնակի հարուստ  ու առանձնակի գրամոլները  եւ, կարծեմ, Աբդուլա Օջալանը):

 

Հեղինակ` ՄԱՐԳԱՐԻՏ  ՍԱՐԳՍՅԱՆ

Բելգիա

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more