Ես չեմ հիշում մի դեպք, երբ նախկինում որևէ արտաքին դերակատար ՀՀ–ին ստիպեր փոխել Սահմանադրությունը. քաղաքագետը` «ինքնիշխանության մասին»
Սահմանադրությունը պետության և ժողովրդի միջև պայմանագիր է, որը չի կարող ունենալ արտաքին պարտադրվածություն, ԱրմենիաSputnik մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Եթե իշխանությունները լոյալ են այդ պարտադրանքի նկատմամբ, սա խոսում է այն մասին, որ լեգիտիմացվում են երկրի ներքին գործերին խառնվելու արտաքին մղումները։ Սա խոսում է այն մասին, որ երկրի ներսում մենք գործ ունենք ինքնիշխանության էական նվազման հետ»,–ասաց նա։
***
Քաղաքագետ Արա Պողոսյանը նաև ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Ինչքան շատ են իշխանության քարոզիչները խոսում անկախության և ինքնիշխանության մասին, այնքան արագ Հայաստանը ընկղմվում է իր թշնամիների հետ վասալային հարաբերությունների մեջ։
Ի դեպ` ինքնիշխանության նվազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացվում է ներքին ճակատում ավտորիտար ռեժիմի հաստատմամբ։
Այլ կերպ ասած` Հայաստանը որքան շատ վասալային հարաբերություններ կունենա արտաքին դերակատարներից, այնքան բռի ավտորիտար ռեժիմ կհաստատվի երկրի ներսում։
Միշտ հիշեք` ովքեր ամենաշատն ու ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» անսակարկ արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»:


