«Վստահեցնում եմ՝ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջովին արել է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
«Հայաստանը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով որևիցե գնում չկատարենք»,-ասել է Ալեն Սիմոնյանն ու հավելել, որ Ազատ գյուղում տեղի ունեցած դեպքով ամենամեծ խնդիրը եղել է անվտանգության կանոնների չպահպանումը.
«Պատուհաններին եղել են ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։
Վստահեցնում եմ, եթե այս փոփոխությունները չլինեին, նման դեպքեր, պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել։ Բայց դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել մտցնել քաղաքական օրակարգ, անտեղի եմ համարում», - ասել է Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք քաղաքական շաղկապ չէ, որ զինվորը հայտնվել է այդ իրավիճակում, ոչ թե զորամասում է, ոչ թե խամատում է կամ բունկերում, այլ գտնվում է ինչ որ խրճիթներում, ԱԺ նախագահն ասել է. «Խրճիթ չէ, տներ են։ Ապահովված են ամեն ինչով, բացի անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։
Հարցին, թե ինչո՞ւ 15 զինծառայողի զոհվելու դեպքի կապակցությամբ սգո օր չի հայտարարվում, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, նման որոշում չկա։ Այդ որոշումն Ազգային ժողովը չի կայացնում»։