Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի առջև, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել: «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նախօրեին իշխող ուժի պատգամավորների պահվածքին. «Գիտեք, շատ հեշտ է թաքնվել Ազգային ժողովի պատերի ու ոստիկանական պատնեշների ետևում և հոխորտալ. ես արդեն երրորդ օրն է՝ ասում եմ՝ հարգելի՛ պատգամավորներ, մենք ամեն օր Ազգային ժողովի առջև ենք, դուրս եկե՛ք՝ դեմ առ դեմ խոսեք, լա՛վ, ձեր մեջ մի տղամարդ չկա՞՝ իմ դիմաց կանգնի և ասի՝ Կարին Տոնոյա՛ն, դու ես ժողովրդին խանգարում միավորվել, զայրույթը պարպել: Իրենց ամբիոններից հոխորտում են, թպրտում են և ոչ ոք չի գալիս: Դուրս եկեք, ինձ հետ մի՛ խոսեք, ձեր ժողովրդին ասե՛ք՝ ինչ է կատարվում: Դուք արդեն քանի տարի է՝ մեզ խաբում եք, ստում եք, մեր երկիրը հանձնում եք, մեր զավակներին սպանում եք, ժողովրդին անընդհատ պահում եք վախի, անհավատության, իրար նկատմամբ ատելության մթնոլորտում: Ձեզ ընտրել է ժողովուրդը, ինչու եք ժողովրդից էդպես վախենում: Մենք կոչ ենք արել նրանց այսօր գալ, բայց տասը ավտոբուս ոստիկան է միայն եկել, նրանք էլ են հայի զավակ, բայց մենք գիտենք՝ ինչու են եկել»: Լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մինչ այժմ զոհված զինծառայողների անունների ցանկը չհրապարակելը, Կարին Տոնոյանն ասել է, որ դա այս իշխանության ձեռագիրն է. ժողովրդին անընդհատ խաբելով և թաքցնելով ճշմարտությունը՝ մանիպուլացնել: Դիտեք նաև՝ |