Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս՛ տիկին Ավանեսյանին
Ամենայն հարգանքով՝ որպես զինվորի մայր, բառեր չկան ներկայացնելու, թե որքան ուրախ եմ Ձեր զինվորի վերադարձով։ Նա փառքով պաշտպանել է մեր բոլորի հայրենիքը և փառքով վերադարձել տուն։ Ես ամբողջ սրտով ուրախանում եմ յուրաքանչյուր զինվորի վերադարձով և նորից մահանում եմ ամեն մի զինվորի մահվան բոթը լսելիս։
Բայց, տիկին Ավանեսյան, կարող էիք պարզապես ուրախանալ Ձեր որդու վերադարձով։ Չէի՞ք մտածում, որ այդ հուզիչ ու ջերմ տեսանյութը հանրայնացնելով կարող եք ցավեցնել այն մայրերին, որոնք իրենց որդիներին այդպես էլ չդիմավորեցին։
Ձեր որդու վերադարձի այդ ջերմ գրկախառնությունը, մայր ու որդի այդ հուզիչ հանդիպումը տեսնելիս՝ ոչ մի րոպե Ձեր աչքի առաջ չեկան այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան։ Չեկա՞ն այն մայրերը, որոնք երազել էին հենց այդ պահին գրկել իրենց որդուն ու զգալ այդ անասելի երանությունը, բայց այդ օրը երբեք չեկավ։
Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին։ Դուք ինքներդ եք ասել, որ Ձեր իշխանությունը կարող էր ունենալ նույն արդյունքը՝ առանց զոհերի։ Բայց մենք ունենք այն, ինչ ունենք։ Եվ Ձեր սխալների հետևանքով շատ մայրեր այսօր իրենց որդիների փոխարեն միայն սառը քարն են գրկում։
Ուստի, եթե այդ տեսանյութը հրապարակելիս ոչ մի պահ չզգացիք այդ ծնողների ցավը, ապա Ձեր խոսույթից հանեք «խոնարհվում եմ» բառը։ Խոնարհվելը միայն բառ չէ․ խոնարհվել նշանակում է նաև զգալ այն ծնողների ցավը, որոնց որդիները տուն չվերադարձան։
Եվ հարգելի՛ հերոսածին մայրեր, երբ ինձ վերջին բառերով վիրավորում էիք դիահերձարանի լուսանկարը հրապարակելու համար՝ ասելով, թե դրանով Ձեր ցավն եմ կրկին թարմացնում, հիմա մի հարց ունեմ․ բա հիմա ինչո՞ւ չեք խոսում։
Եթե իմ տեղադրած նկարը թարմացնում է Ձեր ցավը, ապա այս վերադարձի պահը, այս ջերմ գրկախառնությունը, մայր ու որդի այս հուզիչ հանդիպումը չե՞ն թարմացնում ձեր ցավը, որ ձեր որդիներին այդպես էլ չդիմավորեցիք որ այս տեսարանը կարող է հիշեցնել մեզ այն երազանքը, որին այդքան սպասեցինք, բայց երբեք չապրեցինքը։
Տիկին Ավանեսյան կարող էիք ուրախանալ, բայց ձեր ուրախությունը չհայնրացնել ։
Իմ գրածը ոչ մի ծնողի դեմ չէ։ Ես ոչ մեկի ուրախությունը չեմ խլում և ոչ մեկին չեմ մեղադրում իր որդու վերադարձով ուրախանալու համար։ Ես պարզապես խոսքս ուղում եմ նախարարին՝ որպես այս իշխանության ներկայացուցչի, և այն ցավի մասին, որը մենք՝ մեր որդիներին կորցրած մայրերս, ամեն օր կրում ենք մեր մեջ։
Բարի վերադարձ բոլոր մեր զինվորներին։
Թող յուրաքանչյուր զինվոր տուն վերադառնա իր մոր գիրկը, և թող այլևս ոչ մի մայր չզգա այն ցավն ու ապրումը, որի միջով մենք անցանք։
Ինձ վիրավորող մայրեր դե ուշադիր այս նկարին նայեք դրանից ձեր ցավը չի թարմանում»։
Դիտեք նաև՝


