▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանությունը «չքաղաքականացնելու» Փաշինյանի առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան դառը զավեշտ. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրել է..

 

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին»։

Այս հայտարարությամբ Ն. Փաշինյանը, փաստորեն, պաշտոնապես որդեգրում է թուրքական ֆաշիստական պետության վաղուց մշակված հակահայկական դրույթներից ու պահանջներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը դիտարկել որպես բացառապես պատմական եղելություն՝ այն անջատելով Հայաստանի Հանրապետության ներկա ծանրագույն իրավիճակից, հայ ժողովրդի կենսական շահերից և միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից։ Եթե այս տրամաբանությունը շարունակվի, ապա շուտով, թուրքավարի, կսկսեն խոսել արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ «1915 թ. իրադարձությունների» մասին։

 

Ցեղասպանությունը «չքաղաքականացնելու» Փաշինյանի առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան դառը զավեշտ։

Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի կառավարության կամ որևէ այլ պետության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ապա նման որոշումը մեզ առանձնապես չպետք է ոգևորի, թեև ընդհանուր առմամբ այն դրական զարգացում է։ Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, խոշոր հաշվով, քիչ արժեք ունի, եթե այն որևէ կերպ չի զսպում թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան և Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, ինչպես նաև չի նպաստում Հայաստանի ներկա աշխարհառազմավարական ծանրագույն դրության բարելավմանը։

Այս առիթով ստիպված եմ կրկնել այն, ինչ տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել եմ։

Փաստն այն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած տասնյակ խոշոր ու ազդեցիկ պետություններն ու միջազգային կազմակերպությունները 2020–2023 թթ. ոչ միայն մատը մատին չխփեցին, այլ նույնիսկ

չդատապարտեցին թուրք-ադրբեջանա-իսրայելա-սալաֆիստական հարձակումը Հայաստանի դեմ։ Նրանք որևէ միջոց չձեռնարկեցին իրենց իսկ ճանաչած ցեղասպանության զոհին օգնելու և ցեղասպան ագրեսորներին պատժելու համար (որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան էր, իսկ մյուսը՝ կոլեկտիվ Արևմուտքի և ԱՄՆ-ի մերձավոր դաշնակից Իսրայելը)։ Ընդհակառակը, նրանք ամեն ինչ արեցին և շարունակում են անել այդ հարձակման ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ամրապնդելու և հավերժացնելու ուղղությամբ։

Դեռևս 2007 թ. հոկտեմբերին ներկայացրել եմ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և հայության դիրքորոշումը նմանատիպ ճանաչումների նկատմամբ։

Ահա (կարդալիս կատարել եմ մի քանի մանր լեզվաոճական և կետադրական շտկումներ).

«Ինչ վերաբերում է տարբեր պետությունների խորհրդարաններում և միջազգային այլ՝ ոչ իրավական ատյաններում Հայոց ցեղասպանության արծարծմանը, ապա վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու հայությունը նման բանաձևերը գնահատեն իրենց չափանիշներով, որոնք համապատասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ հայկական ազգային և պետական շահերին (սրանց միջև հակասություններ չկան, ինչպես տարիներ շարունակ փորձում են մեզ մոլորեցնել)։ Ստորև առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխավոր չափանիշ.

1. ցեղասպանության ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշում՝ 1893–1923 թթ.

2. անհրաժեշտ հիշատակում առ այն, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքում՝ հիմնականում Հայաստանի արևմտյան մասում.

3. Հայոց ցեղասպանությունը կատարած պետության՝ Օսմանյան Թուրքիայի հստակ մատնանշում, ինչպես նաև նրա իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Հայաստանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիվանագիտական հարաբերություններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնություն և այլն) աներկբա դատապարտում.

4. թուրքական պետության պատասխանատվության ընդունում հայկական պետության՝ որպես հայ ժողովրդի շահերի վերջնական ներկայացուցչի, առջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցելու անհրաժեշտության ընդունում (խոսքը նախևառաջ տարածքային փոխհատուցման մասին է).

5. նման բանաձևերում ցեղասպանության հետևանքների և տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական դրության կապակցումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ցեղասպանության բացասական ներազդեցության ճանաչումը։ Ամենից կարևորը հենց դա է՝ որքանով են այդ բանաձևերը նպաստում ամենահրատապ խնդրի՝ Հայաստանի անվտանգության ապահովման լուծմանը։

Հայոց ցեղասպանությունը հայերի գոյատևման համար ստեղծել է կենսատարածքային խնդիր՝ նրանց կենսատարածքը հասցնելով ծայրահեղորեն վտանգավոր չափերի։ Հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել ինչպես Արցախի ազատագրումը (որի շնորհիվ միայն Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակություն և ռազմավարական նվազագույն անհրաժեշտ խորություն), այնպես էլ Ջավախքի հայության անվտանգ զարգացման ապահովումը։

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատման հետ։ Միջազգային համայնքը, ճանաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայ ժողովրդի իրավունքը Արցախի, ներառյալ նրա ամբողջ ազատագրված տարածքի նկատմամբ։

Վերը նշված պատասխանատվության և փոխհատուցման չափանիշերը միջազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում առայժմ չեն արտացոլվել։ Եվ չէին էլ կարող արտացոլվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իր առջև երբեք նման խնդիրներ չի դրել, երբեք նման ծրագրեր մշակելու փորձեր չի արել և, բնականաբար, համապատասխան հիմնավորված պահանջներով հանդես չի եկել»։

Ցավոք, Հայաստանի Հանրապետության ոչ մի նախագահ և ոչ մի կառավարություն չմշակեցին նման քաղաքականություն և չօգտվեցին իմ առաջարկած այս դրույթներից։

Այս խնդրի մասին առայժմ այսքանը։ Եթե առիթ լինի, ավելի հանգամանորեն կանդրադառնամ դրան։

info@asekose.am/095519696
Հասարակություն more