▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեխերն ուզում են «Զապ»-ին. «Ժողովուրդ»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չեխիայի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Վիտ Շորմը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը կցանկանար, որպեսզի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, նույն ինքը՝ «Զապը», արտահանձնվի իրենց երկրի իրավապահներին եւ իր պատիժը կրի Չեխիայի Հանրապետությունում: «Զապը» Չեխիայի դատարանի կողմից դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Իհարկե, Վիտ Շորմը հնարավոր է համարում, որ «Զապը» մնա Հայաստանում եւ այստեղ պատասխանատվության ենթարկվի Չեխիայում կատարած հանցանքների համար, սակայն նրա պատասխանի ենթատեքստը` Հայաստանի արդարադատության ոլորտում առկա իրավիճակի մասով, հնարավոր չէ չնկատել: Նա կասկածներ ունի: Հիշեցնենք, որ «Զապը» ոստիկանության կողմից ձերբակալվել է այս տարվա հոկտեմբերի 28-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Նա ձերբակալվել է չեխ իրավապահների կողմից հայտարարված միջազգային հետախուզման հիման վրա:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ նաև ստորև. 

ՉԵԽԻԱՅԻ ՄԻԵԴ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ԶԱՊԻ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չեխիայի Հանրապետության կառավարության լիազոր  ներկայացուցիչ Վիտ Շորմը, անդրադառնալով օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի արտահանձմանը, ասաց, թե իրենք կցանկանային, որ Անդրանիկ Սողոյանն իր պատիժը կրեր Չեխիայի Հանրապետությունում:

 

Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, դեռեւս շարունակում է մնալ կալանքի տակ: Չնայած նրա պաշտպանը դիմեց ՀՀ Վերաքննիչ դատարան, որպեսզի Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվի ստորագրությամբ չհեռանալու մասին, սակայն դատարանը մերժեց պաշտպանի պահանջը:

Հիշեցնենք, որ հայ «օրենքով գողի» նկատմամբ հոկտեմբեր ամսին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հայտարարվել էր միջազգային հետախուզում, քանի որ Անդրանիկ Սողոյանը սպանության պատվեր կատարելու համար Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Նշենք, որ Չեխիայում Անդրանիկ Սողոյանի նկատմամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, քանի որ դատական երեք ատյանով նա արդարացվել է, մեկով փոփոխվել է որոշումը, ընտրվել է ազատազրկում, ինչն էլ այժմ Չեխիայի փաստաբանները բողոքարկել են: Ավելին՝ հայ «օրենքով գողի» հարցով դատական նիստը Չեխիայում նախատեսված է հունվարին: Իսկ ահա Հայաստանում ՀՀ արդարադատության նախարարությունն այս օրերին քննարկում է Զապին Չեխիայի իրավապահներին արտահանձնելու կամ վերջնականապես Հայաստանում պահելու հարցը:

 «Ժողովուրդ»-ը Հայաստանի եւ Չեխիայի Հանրապետության իրավական համակարգում առաջացած անհամապատասխանության մասին զրուցեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չեխիայի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Վիտ Շորմի հետ:

-Պարո՛ն Շորմ, Հայաստանի եւ Չեխիայի Հանրապետության օրենքները հակասում են իրար եւ այն անդրադարձել է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի վրա: Դուք տեղյա՞կ եք:

-Անկեղծ ասած՝ գործի մանրամասներին ծանոթ չեմ, բայց տեղյակ եմ խնդրի մասին: Իհարկե, մենք նրան կցանկանայինք տեսնել Չեխիայի քրեակատարողական հիմնարկում, քանի որ նա դատապարտվել է հանցագործությունների համար: Բայց ինչքան հասկացա՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կա սկզբունք, որով Հայաստանի քաղաքացիների արտահանձման հարցը մեկ այլ երկիր արգելվում է: Իհարկե, այս սկզբունքը տարածված սկզբունք է եւ շատ երկրների սահմանադրության մեջ կա, ուստի այս ամենը կարող է խոչընդոտ հանդիսանալ, որ Անդրանիկ Սողոյանին արտահանձնեն Չեխիայի իրավապահներին:

-Որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չեխիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ, ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:

-Պետք է նշեմ, որ գործի մանրամասներին ծանոթ չեմ. միայն կարող եմ ասել այն, ինչ գրվել է Չեխիայի թերթերում հայ Անդրանիկ Սողոյանի մասին:

-Հասկանալի է, որ գործի մանրամասներին չեք տիրապետում, բայց ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը: Օրինակ՝ ինչ ճանապարհով Չեխիայի Հանրապետությունը կարող է պարտադրել Հայաստանի Հանրապետությանը, որ նա իր երկրի քաղաքացուն, որը օտար երկրում հանցագործություն է  իրականացրել, արտահանձնի:

-Ինձ համար շատ դժվար է որեւէ կարծիք հայտնել այս մասին: Ինչ էլ որ ասեմ, չի ներկայացնում իմ պետության կամ իմ նախարարության կարծիքը: Ասեմ, որ Չեխիայի արդարադատության նախարարությունն է զբաղվում այս գործով, իսկ ես իրենց ներկայացուցիչը չեմ այդ հարցով: Բայց թույլ տվեք ասել, որ չնչին հույսեր կան, որ գոնե պատիժը կկրի Հայաստանում:

-Դեռ չնչին հույս ունեք, որ Հայաստանում մնալով՝ Անդրանիկ Սողոյանը կկրի իր պատիժը. նա արդեն ազատազրկված է:

-Չեմ կարող որեւէ կարծիք հայտնել այս մասին: Գտնում եմ, որ սկզբունքորեն հնարավոր է:

 -Հետաքրքիր է՝ այս խնդրի մասին ի՞նչ քննարկումներ են իրականացրել Հայաստանի եւ Չեխիայի իրավապահները:

-Տեղյակ չեմ, եւ թույլ տվեք եւս մեկ անգամ կրկնել, որ սա իմ հարցը չէ: Ի վիճակի չեմ ավելի խորը մեկնաբանություն տալու:

 

Նյութը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more