▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ մարզիչը լինի գերմանացի… չկառչեք, ասեք, թե իմ մականունի հետ եմ կապում

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Ստորեւ ներկայացնում ենք հիմնական հարցադրումներին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատասխանները:

-Պարոն Հայրապետյան, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին շրջանում ավելի քիչ եք հանդիպում  ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

-Դուք ճիշտ եք նկատել: Ցանկալի չէ ուշ-ուշ հանդիպել: Հաճախակի հանդիպելը, իմ կարծիքով, մեր հասարակությանն ավելի է ինֆորմացնում, բայց, ցավոք սրտի, այսօրվա լրատվամիջոցները, իմ անձնական կարծիքով, չեն ծառայում հասարակությանը կամ քաղաքական ուժերին, այլ ուղղակի  անձնական, առանձին մարդկանց շահեր են հետապնդում: Խոսքս, իհարկե, բոլորին չի վերաբերվում: Ամեն մեկը  լրատվամիջոց է բացել և աղավաղում է, ինչպես ցանկանում է: Ես հայտարարում եմ կամ ասում ինչ-որ բան, հետագայում իրենք վերցնում են ինչ-որ հատվածներ և մեկնաբանում իրենց ուզած ձևով: Լրատվամիջոցները, ես կարծում եմ, պետք է ծառայեն մեր հասարակությանը եւ մեր ժողովրդին եւ ավելի հաճելի կլինի, ավելի օգտակար կլինի իրենց գործունեությունը: Դա է հիմնական պատճառը, որ ես սկսել եմ ավելի քիչ հանդիպել:

-Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս կգնահատեք անցած ընտրական փուլը մեր հավաքականի համար և գլխավոր մարզչի հեռանալը:

-Քանի որ մենք մեր առջև խնդիր էինք դրել աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերել, բայց դա չի ստացվել, ես այն կհամարեմ ձախողված: Ինչ վերաբերում է մեր մարզչի հրաժարականին, ես շատ ափսոսում եմ: Այսօր լրանում է մարզչի պայմանագրի ժամկետը, բայց ես շատ կուզեի Վարդան Մինասյանի հետ աշխատել, քանի որ ես շատ ավելի լավ գիտեմ նրա ունակությունները, կարողությունները և նվիրվածությունը մեր ազգային հավաքականին և առհասարակ հայկական ֆուտբոլին: Ես գտնում եմ, որ նա շատ անելիք ուներ հայկական ֆուտբոլում, հատկապես հավաքականների հետ: Ես չկարողացա համոզել նրան մնալ, բայց, այնուամենայնիվ, ես կուզեի, որ Վարդան Մինասյանը մնա եւ ես դա դեռ փորձելու եմ: Ես երկու անգամ զրուցել եմ Վարդան Մինասյանի հետ եւ փորձել եմ համոզել, որ նա մնա, բայց կարծում եմ, որ նրա որոշումը վերջնական է, որովհետեւ եթե երկու անգամ Վարդանն ինձ մերժել է, ես չեմ կարծում, որ կլինի մարդ, ով ինձանից ավելի լավ կհամոզի նրան: Ես սրտանց կցանկանայի, որ Վարդանը մնար հավաքականի մարզիչ, որովհետև ներսից ես ավելի լավ գիտեմ, թե Վարդանն ինչ պոտենցիալ ունի: Վարդանն այսօր միջազգային բարձր կարգի մարզիչ է: Ես հպարտանում եմ, որ ունենք այդպիսի որակով, ինտելեկտուալ մարզիչ:

-Իսկ արդեն կայացրե՞լ եք որոշում նոր մարզչի վերաբերյալ:

-Հիմա ընթանում են բանակցություններ մի քանի մարզիչների հետ, որոնց անուններն այս պահին չեմ ոզում հրապարակել: Երբ որ բանակցություններից հետո ինչ որ բան  հստակեցվի, մենք դա կհայտարարենք կամ մամուլի ասուլիսի կամ պաշտոնական կայքի միջոցով, և դուք բոլորդ տեղյակ կլինեք:

-Վարդան Մինասյանը հարցազրույցում նշել էր, որ նոր մարզիչը կլինի իսպանացի կամ իտալացի: Կարո՞ղ եք որոշակի հստակություն մտցնել այդ հարցի մեջ:

-Վարդան Մինասյանն ինձ էլ էր խորհուրդ տվել, որ մարզիչը լինի իսպանացի կամ իտալացի, քանի որ մեր խաղաոճը և մեր ֆուտբոլիստների որակները նման են իսպանացիներին և իտալացիներին: Դրա համար շատ հեշտ կլինի իսպանացի կամ իտալացի մարզչի համար, քանի որ նրան տակտիկապես կամ տեխնիկապես ավելի հեշտ կլինի ընտելանալ մեր ֆուտբոլին: Չի բացառվում, որ մենք ունենանք գերմանացի կամ արգենտինացի մարզիչ, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ: Ես անձամբ սխալվել եմ մի քանի մարզիչների հարցում և ես չեմ ուզում հիմա սխալված լինեմ: Մենք պետք է շատ խորը ուսումնասիրենք, որպեսզի նոր մարզչի խաղային տակտիկան և մտածելակերպը համընկնի մեր հավաքականին, այլ ոչ թե ռեֆորմներ անենք, քանի որ մենք դրա ժամանակը չունենք: Այդ առումով, Վարդան Մինասյանը շատ ավելի լավ էր, քանի որ նա ամեն ինչ գիտեր մեր ֆուտբոլային ներքին խոհանոցի և ֆուտբոլիստների մասին և նրան ավելի հեշտ կլիներ մեր հավաքականին պատրաստել Եվրոպայի առաջնությանը: Պետք է այնպես անենք, որ նոր մարզիչն ու ֆուտբոլիստները շատ արագ ընտելանան միմյանց:

-Հնարավո՞ր է, այդուհանդերձ, ունենանք հայ կամ հայազգի մարզիչ:

-Ես առաջինը սկսել եմ հայազգի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի հետ բանակցություններից, և սրտանց կուզեի, որ Միշելը գար և գլխավորեր մեր հավաքականը, բայց նա ունի գործող պայմանագիր, գուցե նաեւ ընտանեկան խնդիրներ և այս պահին չի կարող գլխավորել մեր հավաքականը: Եթե հիշում եք, 2009 թվականին ես նրան հրավիրել եմ, նա հրաժարվել է, այնուամենայնիվ, ես շարունակելու եմ հետևել նրա աշխատանքին և չեմ հրաժարվելու Միշելին մեր հավաքական հրավիրելու մտքից, որովհետև նա հայ է, ունի հայկական մտածելակերպ և շատ ցանկալի կլիներ, որ նա գլխավորեր մեր հավաքականը: Հայ ուրիշ մարզիչ ես չեմ տեսնում: Մեզ պետք է շատ բարձրորակ մարզիչ, որը կգա՝ խնդիր լուծելու, այլ ոչ թե պարզապես միավորներ հավաքելու: Ես հիմա խոսում եմ մարզչի հետ, որն ասում է, որ կգա միայն այն դեպքում, եթե իր առջև դրվի հստակ խնդիր: Մեզ հենց այդպիսի մարզիչներ են պետք:

-Պարոն Հայրապետյան, մեր հավաքականն անցկացնելո՞ւ է ընկերական խաղեր նոյոմբերին:

-Եթե չունենք գլխավոր մարզիչ, ինչպե՞ս կարող ենք խաղալ ընկերական խաղեր:

-Հաջորդ ընտրական փուլում ի՞նչ խնդիրներ են դրվելու հավաքականի առաջ:

-Եթե այս մահվան խմբում խնդիր էր դրվել մասնակցել աշխարհի առաջնությանը, ինչպե՞ս կարող է հաջորդ ընտրական փուլում լինել ուրիշ խնդիր: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեր հավաքականը հիմա ունի այնպիսի ներուժ, որ մենք իրավունք չունենք ուրիշ խնդիր դնելու: Մեր հավաքականը պետք է մասնակցի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը և դա իմ կյանքի նպատակն է: Ես ամեն գնով պետք է ամեն ինչ անեմ, որ դա ունենանք:

-Ինչպե՞ս եք գնահատում մեր՝ Եվրո-2020-ի հանդիպումներն ընդունելու շանսերը:

-Ինչպես բոլոր այն 32 երկրների շանսերը: Դա կախված է մեզանից, թե մենք, մեր պետությունը որքանով ենք պատրաստ դրան: Ամեն ինչ կախված է  մեզանից, նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի բարի կամքից: Բոլորդ էլ գիտեք, որ դա շատ բարդ գործընթաց է, բայց մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ ստացվի:

-Մինչև 21 տարեկանների մարզչի փոփոխությունը կապված է՞ վերջին խաղերում անհաջողությունների հետ:

-Եթե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը փոխում է մարզչին անհաջող խաղերից հետո, բնականաբար, կապված է:

-Ի՞նչ կասեք մինչև 17 տարեկանների հավաքականի ելույթների մասին

-Մարզիչն աշխատել է նորմալ, արել է այն, ինչ կարող էր անել: Դուք բոլորդ էլ տեսել եք, թե Անգլիայի հավաքականը որքան ուժեղ էր: Այլ հարց է, որ այդ տարիքային խմբից մեր սպասելիքներն ի սկզբանե քիչ էին: Ցավալի է, բայց մենք ունենք տարիքային հավաքականներ, որոնց պոտենցիալը շատ ցածր է: Մինչև 17 տարեկանների հավաքականում տեսնում եմ միայն 2 կամ 3 ֆուտբոլիստ, որոնք լավ պոտենցիալ ունեն:  Բոլորս էլ գիտենք, թե որն է այդ տարիքային խմբում քիչ թվով երեխաներ ունենալու պատճառը: Իսկ օրինակ, եթե նայենք 1999 թ. ծնվածներին, ամեն դպրոց ունի 3-4 թիմ: Այդ քանակից մենք հետագայում կարող ենք ունենալ որակ և ստանալ արդյունք:

-Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակո՞ւմ է աշխատանքներ տանել դրսից հայազգի ֆուտբոլիստներ հրավիրելու ուղղությամբ:

-Դա ֆերացիայի ամենօրյա գործն է, ցանկացած հայազգի ֆուտբոլիստ մեր ուշադրության կենտրոնում  է: Մենք կունենաք գլխավոր մարզիչ, որն էլ արդեն կորոշի որքանով է այս կամ այն ֆուտբոլիստը համապատասխանում ազգային հավաքական հրավիրվելու մակարդակին:

-Անցած շրջափուլում որո՞նք էին մեր ամենահաջող և անհաջող խաղերը:

-Մենք ունեցել ենք շատ տխուր և շատ ցավալի խաղեր: Ես մինչ օրս չեմ կարողանում հասկանալ Մալթայից կրած պարտության պատճառները: Մնացած խաղերում պարտությունները սեփական հարկի տակ ունեցել են օբյեկտիվ պատճառներ: Մենք չունենք պահեստայինների այնպիսի նստարան, որ կարողանանք փոխել ֆուտբոլիստներին և խաղալ նույն ֆուտբոլը: Դուք բոլորդ գիտեք, որ Բուլղարիայի չարաբաստիկ խաղից հետո մենք կորցրեցինք միանգամից 6 ֆուտբոլիստ վնասվածքների և որակազրկումների պատճառով: Դրանից հետո չենք կարողացել հիմնական կազմով մասնակցել խաղերին: Դանիայի խաղին մենք հիմնական կազմով էինք և կարողացանք հաջող խաղալ: Չեխիայի դեմ խաղում նորից 5 ֆուտբոլիստ չկար, իսկ Դանիայի խաղում մարզիչը կատարել է 2 ստիպված փոփոխություն և չի կարողացել կատարել տակտիկական փոփոխություններ: Այնպես որ, այդ խաղերում պարտությունների մեջ մեղավոր չեն ոչ մարզիչները, ոչ էլ ֆուտբոլիստները: Իսկ ինչ վերաբերում է Մալթային, թող վիրավորական չհնչի, բայց Մալթային մենք իրավունք չունեինք պարտվել նույնիսկ 9 հոգով: Եվ եթե ուշադիր լինեք, երկար ժամանակ մենք չէինք կարողանում ուշքի գալ Մալթայի խաղից և հնարավոր է՝ նույնիսկ այդ երեք միավորը մեզ չհերիքեց: Ամենահաջող խաղը ես համարում եմ Բուլղարիայի դեմ հանդիպումը, որովհետև ստացել ենք այն, ինչ ես սրտանց ուզել եմ: Կարծում եմ հասկացաք՝ ինչ նկատի ունեի:

-Կա՞ ինչ-որ խնդիր, որի վրա կոչ եք անելու կենտրոնանալ նոր մարզչին:

-Նոր մարզչին կոչեր չեմ անելու, այլ ցանկանալու եմ հաջողություն և խնդիր եմ դնելու անպայման մասնակցել եզրափակիչ փուլին: Կոչերով ֆուտբոլի հավաքական առաջ չեն տանում:

-Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի հավաքականը բարձրացել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 38-րդ հորիզոնական, Ձեզ համար սպասելի՞ էր Վարդան Մինասյանի հրաժարականը:

-Եթե նայենք այն տեսակետից, որ ՀՖՖ նախագահի կամ ամբողջ հասարակության կողմից խնդիր է դրված եղել մտնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ և այն չի կատարվել, դա ձախողում է: Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանի աշխատանքի գնահատականին, և ձեր նշած ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 38-րդ տեղին, ես այն գնահատում եմ դրական: Նայեք, թե որտեղ էինք մենք, երբ Մինասյանը գլխավորեց հավաքականը և որ տեղում ենք հիմա: Հենց Վարդան Մինասյանն է այն մարզիչը, ով մեր հավաքականին հասցրեց 38-րդ հորիզոնական: Այդ առումով Վարդան Մինասյանը, նորից եմ կրկնում, շատ մեծ գործ է արել հայկական ֆուտբոլի և հավաքականի համար: Եթե հիշում եք, Վարդան Մինասյանը գարնանը նույնպես հրաժարական տվեց, բայց ես կարողացա համոզել նրան, որ հապճեպ որոշումներ չկայացնի, և ինձ թվում էր, որ կկարողանամ համոզել այս անգամ ևս: Վարդան Մինասյանը չհամաձայնվեց, բայց ասաց, որ ցանկացած պահի պատրաստ է օգնել հայկական ֆուտբոլին՝ անկախ նրանից, թե որտեղ կլինի այդ պահին: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողելու մասին նա միգուցե ինքը կտա իր բացատրությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է շնորհակալ լինենք Վարդան Մինասյանին: Բոլորս, այդ թվում և Վարդան Մինասյանը, սխալներ արել ենք, քանի որ աշխատող մարդը միշտ էլ սխալվում է, բայց նա բարձրակարգ մարզիչ է և մեծ ապագա ունի:

 

-Լուրեր են տարածվել, որ Վարդան Մինասյանը կգլխավորի ղազախական ակումբ:

-Վարդան Մինասյանն ինքն է որոշում ուր գնալ և ինչ անել: Ես ի սրտե կուզեի, որ նա մնար Հայաստանում, գլխավորեր բարձրագույն խմբի թիմ, օգուտ տար մեր ֆուտբոլին:

-Իսկ իրեն, որպես մարզչի, կօգնե՞ր Ղազախստան տեղափոխվելը:

-Իհարկե կօգներ: Ավելի բարձր մակարդակի առաջնություն, նոր աուրա:

-Ֆեդերացիան վերահսկո՞ւմ  է, թե ֆինանսապես ինչ վիճակում են մեր ակումբները:

-Բացի «Բանանցից», «Փյունիկից», «Շիրակից» և «Գանձասարից», մնացած թիմերի ֆինանսական վիճակը վատ է:

-Եթե հավաքականը գլխավորի արտասահմանցի մարզիչ, նա բնակվելո՞ւ է Հայաստանում:

-Մենք հրավիրելու ենք ոչ թե տուրիստի, այլ մարզչի: Ես նորմալ չեմ համարում, որ մարզիչն ապրի մի տեղ, բայց աշխատի այլ տեղ: Հավաքականի մարզիչը կբնակվի Հայաստանում: Նրա ճամփորդությունները կապված կլինեն միայն արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին հետևելու հետ:

-Սպորտի նախարարի որդու հետ կապված պատմությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

- Դա ծնողի համար դժբախտ դեպք է, և առաջին հերթին հենց նախարարը չէր ցանկանա, որ իր որդին նման արարք աներ: Որքանով ես եմ տեղյակ, արդեն Յուրի Վարդանյանն ինքն էլ է հոգնել և նույնիսկ փաստաբան չի վարձել: Նրա որդին չափահաս մարդ է,  և Յուրի Վարդանյանը դրա համար պատասխանատու չէ: Պետք չէ դրա պատճառով նսեմացնել մարդուն, առավել ևս Յուրի Վարդանյանին, որը կենդանի լեգենդ է: Դա ծնողի բախտ է, երեխան կարող է լինել լավը կամ վատը: Ես ուղղակի ձեզ բոլորիդ խնդրում եմ չշահարկել և չփորձել քաղաքական նպատակներ հետապնդել: Յուրի Վարդանյանը սպորտի մարդ է, և փորձում է մեր սպորտը ճահճի միջից հանել: Թողնենք, որ նա հանգիստ աշխատի, և ես կարծում եմ՝ նա պետք է կարողանա սպորտը քաղաքական ուղղվածությունից ազատել: Մարզիկներին երբեք պետք չէ քաղաքականացնել: Ես կխնդրեի բոլորիդ աջակցել Յուրի Վարդանյանին: Առողջ քննադատությունը միշտ էլ տեղին է, բայց ես խորհուրդ կտայի քննադատելուց զատ նաև աջակցել մեր սպորտի ղեկավարին, և կտեսնեք, թե ինչ հաջողություն կունենանք: Ես չեմ կարծում, թե դուք չեք ուզում դա անել, քանի որ բոլորդ էլ հայրենասեր մարդիկ եք:

 

 ՞նչ են խոսում հայկական ֆուտբոլի մասին աշխարհում

-Որքանով որ ես եմ լսել ու գիտեմ, շատ լավ կարծիք ունեն հայկական ֆուտբոլի մասին: Նախկինում մենք խնդրում էինք, որ մեզ հետ ընկերական խաղեր խաղան: Այսօր, օրինակ Ճապոնիայի նման հավաքականն է ցանկանում մեզ հետ ընկերական խաղ անցկացնել: Գնահատականները բազմաթիվ են, մեր հավաքականի հետ արդեն բոլորն էլ հաշվի են նստում: Մեր հավաքականն ուժեղ հավաքական է: Մեր հավաքականի իրական արժեքը չեն հասկանում միայն մեր մոտ:  

-Անցյալ տարի որոշում ընդունվեց վերացնել կանանց հավաքականը և ամեն ինչ սկսել զարգացնել զրոյից:  Ի՞նչ է արվում այդ կապակցությամբ և ի՞նչ անելքիներ ունի ֆեդերացիան:

-Մենք կանանց ֆուտբոլում շատ անելիքներ չունենք: Հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի: Դա մտածողության հարց է: Մենք պետք է փորձենք աստիճանաբար քայլեր անենք: Չենք կարող չանել, քանի որ ՈՒԵՖԱ-ն պահանջում է: Բայց անկեղծ ասած, մեր ուշադրության կենտրոնում ավելի շատ տղամարդկանց ֆուտբոլն է: Չարժե գումարներ ծախսել այնպիսի սպորտաձևի վրա, որն ապագա չունի մեր երկրում:

-Տարիներ առաջ հավաքականի գլխավոր մարզչի դերում դիտարկում էիք Սերխիո Մարգարյանին, բայց նշեցիք, որ նա հրաժարվել էր գումարների պատճառով: Կպարզաբանե՞ք այդ հարցը:

-Մենք առհասարակ սովոր ենք հավատալ բոլորին, ովքեր խոսում են օվկիանոսից այն կողմ, և չհավատալ բոլոր նրանց, ովքեր ծնվել են այստեղ և երբեք սուտ չեն խոսում: Ես այդ հարցին բազմիցս պատասխանել եմ: Ինքն էլ գրավոր խնդրել է, որ այլևս չխոսենք այդ մասին: Ես հաճույքով կխոսեի, բայց քանի որ մեր մեջ գրավոր պայմանավորվածություն է եղել, ես այդ մասին այլևս չեմ խոսի:   

-Ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը  խոստացել էր բողոքով դիմել ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Բուլղարիա հանդիպման ժամանակ մեր երկրպագուների պահվածքի վերաբերյալ:

-Բողոքարկելն իր անձնական գործն է: Մեր երկրպագուները Բուլղարիայում ստացել են վատ վերաբերմունք և տվել են ադեկվատ պատասխան, ոչ հայհոյել են և ոչ էլ հակաֆուտբոլային որևէ բան են արել: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more