▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ նախագահը մերժի փոփոխությունների հայեցակարգը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Հարությունյան, սահմանադրական փոփոխությունների հետ կապված նախագահին ի՞նչ տարբերակ է ներկայացվել:

Առայժմ ոչ մի բան չի ներկայացվել, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովի նիստը ամսի 10-ին է: Փարիզում հանդիպում է եղել հանձնաժողովի անդամների հետ, որոշ նկատառումներ ներկայացրել են:

Խորհրդարանական կառավարման տարբերակը մնո՞ւմ է փոփոխությունների նախագծում:

Այնտեղ ներկայացվում է որպես այլընտրանք, շեշտվում է, որ դա առաջին հերթին քաղաքական ընտրություն է: Մասնագիտական հանձնաժողովը ինքն իր վրա չի վերցնում ասելու` սա արեք կամ նա արեք: Ասում է հետեւյալը` եթե քաղաքական ընտրությունը կանգ կառնի այս կամ այն տարբերակի վրա, ապա այս պարագայում հնարավոր լուծումներն ու բարեփոխումները կարող են ընթանալ այս ուղղությամբ: Եվ փարիզյան քննարկումների ժամանակ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքում նույնպես հնչեցվեց այդ գաղափարը, որ կան հարցեր, որոնք քաղաքական բաղադրիչ են պարունակում:

Քաղաքական բաղադրիչ ասելով՝ ի՞նչ նկատի ունեիք:

Վենետիկի հանձնաժողովի անդամները առաջին հերթին շեշտել են, որ կառավարման ձեւի ընտրությունը քաղաքական լուրջ բաղադրիչ է:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների մեծ մասը պետական պաշտոնյաներ են: Նրանք կարո՞ղ են անկախ նախագիծ մշակել եւ չկրել իշխանությունների ազդեցությունը:

Դուք պետք է տարբերեք հայեցակարգն ըստ էության եւ կոնկրետ փոփոխությունները, որոնք կառաջադրվեն: Օրինակ՝ ես կարծում եմ, որ եթե որեւէ տարբերակ ընտրվի եւ հավանություն տրվի՝ ես չեմ բացառում նույնիսկ, որ հանրապետության նախագահն ասի, թե ես ձեր այս հարցադրումները չեմ ընդունում, եւ պետք է հայեցակարգի նոր տարբերակ մշակել, ու ձեւավորվի բոլորովին այլ հանձնաժողով: Ամեն ինչ հնարավոր է: Բայց եթե նույնիսկ այս տարբերակն ընտրվի, ես կառաջարկեի, որ հանձնաժողովի կազմն ընդլայնվի՝ ներգրավվեն շահագրգիռ կազմակերպություններ, ովքեր կմասնակցեն քաղաքական քննարկումներին, մասնագետ մարդիկ»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more