▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից

Դատարանը «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից։ Այս մասին «Տելեգրամում» տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը 2020 թ․ Factor.am կայքին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանին «անհայրենիք» էր անվանել։ Դատարանը համարել է, որ արտահայտությունը վիրավորական է և արատավորել է Արթուր Վանեցյանի պատիվն ու արժանապատվությունը։

Դատարանը վճռել է, պարտավորեցնել Արման Բաբաջանյանին Factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն կայքում 18.09.2020 թվականին հրապարակված «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում Արթուր Վանեցյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները։

Դատարանը վճռել է նաև պարտավորեցնել Արման Բաբաջանյանին Factor.am կայքով տեսանյութի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից նույն հոդվածում նրան «անհայրենիք» անվանելու համար։

Դատարանը նաև վճռել է Արման Բաբաջանյանից հօգուտ Արթուր Վանեցյանի բռնագանձել 500․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 300․000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար, 300.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 24.000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more