▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը ստիպում է դատարանին անբարոյակա՞ն լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանն անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Հրապարակ» օրաթերթից և «ilur» լրատվական կայքից պահանջվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք երբևէ չեն բացահայտի իրենց տեղեկատվության աղբյուրը:

Հիշեցնենք, որ «ilur»-ը և «Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ մայիսի 7-ին Գյումրիի ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և մարզիկներ Արթուր և Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ ոստիկանության մարզային վարչության պետն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել Արթուրի կրծքավանդակին:

2014թ. մայիսի 30-ին փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, իսկ ավելի ուշ սույն գործով քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հիմնավորմամբ, թե քննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական գործողություններով Վ. Նադարյանի և մարզիկներ Արթուր և Ռաֆայել Ալեքսանյանների միջև որևէ միջադեպի մասին որևէ ապացույց ձեռք չի բերվել, և այս առումով «սպառվել են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Ուստի դատարանից խնդրել էր բավարարել միջնորդությունը՝ պահանջելով լրատվամիջոցներից բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը: Դատարանն էլ բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ միջադեպի վերաբերյալ տեղեկություններ տարածած երկու լրատվամիջոցներից պահանջելով բացահայտել տեղեկատվության աղբյուրները:

Որտեղ է թաղված շան գլուխը

Ինչ է կատարվում իրականում: Պարզ է, որ դատարանի կողմից երկու լրատվամիջոցներին ներկայացված աղբյուրի բացահայտման պահանջն ավելի խորը արմատներ ունի: Ավանդաբար հայրենի դիմազուրկ դատարանները նման ճակատագրական որոշումները կայացնում են կոնկրետ հրահանգի դեպքում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ այս դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունն է ճնշում գործադրել դատարանների վրա: Դատավորներից մեկը մեզ պատմեց, որ իրենք, սովորաբար, երբ դատախազությունից նման «կարևոր միջնորդություն» են ստանում, գերադասում են բավարարել այն՝ ավելորդ «գլխացավանքից» ազատվելու համար: Այսինքն՝ դատավորները խուսափում են իրականում անկախ որոշում կայացնել, քանի որ գիտեն՝ ցանկացած պահի կարող են դառնալ քավության նոխազ:

Պարզվում է՝ դատական համակարգի «ղեկավար ատյանները»՝ այս դեպքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, աղմկահարույց գործերի դեպքում մշտապես կրավորական կեցվածք է ընդունում և մասնագիտական աջակցություն չի ցուցաբերում դատավորներին: Արդյունքում շատ դատավորներ ստիպված են լինում այնպիսի որոշում կայացնել, որ իրենց կարիերայի վրա հետագայում բացասական ազդեցություն չունենա: Տվյալ դեպքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել է «շառից-փորձանքից հեռու» մնալու համար պարտադրել լրատվամիջոցներին` բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Եվ Դարբինյանն էլ շարունակել է տրամաբանությունը:

Ինչո՞ւ է դատախազությունը ստիպում դատարանին, ինչո՞ւ է աշխատում ընդդեմ լրատվամիջոցների` խախտելով ԶԼՄ-ների մասին օրենքը և ինչո՞ւ է, ի վերջո, քննիչների գործը բարդվում լրագրողների գլխին: Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից: Մեր գրավոր հարցադրումներին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը գրել է. «Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ դատական համակարգը հանդիսանում է անկախ մարմին և որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ և չի կարող ճնշում գործադրել, միջամտել դատական ատյանների գործունեությանը: ՀՀ գլխավոր դատախազությունն իր գործառույթներն իրականացնում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, և ըստ այդմ, որևէ իրավասություն չունի միջամտելու կամ ճնշում գործադրելու դատարանների վրա: Ինչ վերաբերում է, Ձեր ձևակերպմամբ, «լրագրողների դեմ» աշխատելուն, ապա վստահեցնում եմ, որ դատախազությունը նման նպատակ կամ խնդիր չունի և չի կարող ունենալ»:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը վստահեցրել է, թե վերը նշված լրատվամիջոցների կողմից տեղեկատվության աղբյուրը բացահայտելու քննիչի միջնորդության իրավական հիմքերը սահմանված են օրենսդրությամբ (Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս): Դե իհարկե՝ արվածը պետք է որևէ կերպ հիմնավորե՞լ, թե՞ ոչ:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more