▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիարբեքիրում հայ երգչուհուն մահացած են հանել փլատակներից

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թվին ավելացավ նաև հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը։ Դիարբեքիրում նրան և ամուսնուն մահացած են գտել փլատակներից։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը հիմնվելով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառման վրա։

Աղբյուրի համաձայն՝ հայ երաժիշտն իր էջում մասնավորապես նշել է․ «Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար կորցրեցինք մեր թանկագին քրոջը՝ Զիլան Տիգրիսին և իր ամուսնուն։ Ցավակցում եմ Դիարբեքիրում նրան սիրողներին։ Կորցրեցինք մեր ձայներից մեկը։ Նրա հետ մի շաբաթ առաջ էի երկար զրուցել Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Անպատմելի վիշտ եմ ապրում»։

Ինչպես մինչ այդ հաղորդել էր Akunq.net-ը, Զիլան Տիգրիսը ծնվել էր 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ ստացել էր թե՛ տարրական, թե՛ միջնակարգ եւ թե՛ բարձրագոյն կրթությունը: Նա հայկական ծագում ուներ ե՛ւ մորական, ե՛ւ հորական կողմից։ Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը ցավակցություն է հայտնում հայ երգչուհու հարազատներին, ընկերներին և բոլոր երկրպագուներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more