▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսիա՝ ՊՆ-ի և «Աշտարակ ձու» ընկերության դե՞մ

«Աշտարակ ձու» ընկերությունն արձագանքել է  «Ինչպե՞ս են ՊՆ հավկիթները հայտնվել վաճառքում» վերնագրով լուրին, որտեղ նշվում էր,որ  Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից երկու քաղաքացի «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, սակայն տուն տանելուց հետո պարզել էին, որ ձվի տուփի մեջ Պաշտպանության նախարարության կնիքով ձվեր են:

168.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է «Աշտարակ ձու» ընկերության փայատերերի ներկայացուցիչ Մանաս Եփրեմյանի հետ, ով նշել է, որ ինքը մի շարք հակասություններ է տեսնում։ Դրանցից մեկն, օրինակ, վերաբերում է մակնշման ամսաթվին (ձվի վրա մակնշված է՝ մարտի 11).  « Զատկի նախօրեին ձվի լուրջ պրոբլեմներ կային, մեր իրավաբանը գնացել է խանութ, ասել են, որ 31-ից ապրանք չի եղել  իրենց խանութում, ինչպե՞ս է դա հայտնվել խանութում»:

Իսկ թե ինչպես են ՊՆ մակնշմամբ հավկիթները հայտնվել իրենց ընկերության տուփի մեջ, վերջինս սեփական վարկածներն ունի. «Ամեն պրոբլեմի մեջ մարդ պետք է երեք վարկած ունենա: Ես ունեմ մի վարկած՝ դա մեր հիմնարկի և Պաշտպանության նախարարության դեմ կազմակերպած, ամպագոռգոռ բառ չասեմ՝ դիվերսիա է: 11.03 ամսաթվով մակնշմամբ ձուն երբեք ապրիլի 4-ին ոչ մի խանութում չի վաճառվում»:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վիրավորական է, երբ իրենց ընկերության տուփի մեջ դրվում են  ՊՆ մակնշմամբ ձվեր: Մ. Եփրեմյանը բացառում է նաև թյուրիմացության հնարավորությունը. «Շփոթմունք չի կարող լինել, որովհետև էդ խանութը մեր եռահարկ օֆիսից ընդամենը 15 մետր հեռավորության վրա է գտնվում, և մեր տրաֆարետները փակցված են, այդ խանութին էլ մենք միշտ թարմ ձու ենք մատակարարում»,- ընդգծել է նա:

Մ. Եփրեմյանի պնդմամբ՝ ընկերությունն անմեղ է ստեղծված իրավիճակում: «Նախ՝ պետք է պարզել, թե ինչպե՞ս են հայտնվել այդ հավկիթները մեր տուփի մեջ: Շատ պարզ օրինակ բերեմ՝ ես վերցնում եմ օգտագործած տուփ, գնում եմ նորմալ հավկիթ, իսկ հետո հավկիթը փոխում եմ, բերում եմ խմբագրություն: Չեմ բացառում դա»,- ասել է Մ. Եփրեմյանը:

 

Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար 168-ը  դիմել է  ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, ում  խոսքերով, պետք է մանրամասն ուսումասիրություն կատարվի։ Եթե պարզվի, որ այդ գործում հանցակազմ կա և մեղավորները կան ՊՆ-ից, ապա վերջինիս հավաստիացմամբ՝ նրանք միանշանակ կպատժվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more