▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոլարը բանկերից «փախել» է.«Ժողովուրդ»

Վերջին օրերին Տավուշի մարզում, ինչպես ամբողջ Հայաստանում,  դոլարի վաճառքի հետ կապված հետաքրքիր վիճակ է: Դեկտեմբերի 2-ին հայաստանյան բանկերի՝ Նոյեմբերյան քաղաքի մասնաճյուղերում դոլարի փոխարժեքի խիստ տատանումներ կային. արտարժույթի վաճառքի գինը եղել է 450-455 դրամ: Որոշ բանկերում մեկ անձին վաճառվող դոլարի առավելագույն քանակի սահմանափակում էր մտցվել՝ 300-500 դոլար:

Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ առեւտրականներից մեկը, ում Վրաստանում առեւտրի համար մեծ քանակի դոլար էր հարկավոր, գտել է այդ արգելքը շրջանցելու ելքը: Նա իր բարեկամ եւ ծանոթ մարդկանց դրամ տալով՝ ուղարկել է բանկեր՝ դոլարով փոխանակելու: Այդ օրվա վերջում, երբ այլեւս տարադրամի փոխանակում չէր կատարվում, դոլարի վաճառքի գինը Նոյեմբերյանի բանկերում սահմանվել է 440-445 դրամ:

Դեկտեմբերի 3-ի առավոտյան «Ժողովուրդ»-ն այցելեց Նոյեմբերյանում գործող բոլոր 3 բանկերի՝ «ՎՏԲ»-ի, «ԱԿԲԱ»-ի եւ «Արդշինինվեստբանկ»-ի  մասնաճյուղեր:  Բոլոր 3-ում  վաճառքի համար դոլար չկար: «ՎՏԲ»-ի  եւ «ԱԿԲԱ»-ի մասնաճյուղերում ասացին, որ նախօրյակին շատ դոլար են վաճառել, այդ պատճառով  այլեւս դոլար չունեն:  3 բանկերում էլ դոլարի առքի գին էր սահմանված 439.5-440.0-ը: Ուշագրավ «զուգադիպությամբ» 3 բանկերում էլ դոլարի վաճառքի գին էր սահմանված  442.5-ը:

Բանկերից մեկում հարցրի, թե ինչո՞ւ են արտարժույթի փոխարժեքի ցուցանակում դոլարի մասին գրառում փակցրել, չէ՞ որ վաճառքում դոլար չկա: Բանկի աշխատողը պատասխանեց՝ փակցրել են, որ գուցե դոլար վաճառողներ լինեն, տեսնեն: Բագրատաշենի մի բնակիչ մեզ հայտնեց, որ այդ պահին Բագրատաշենի մաքսակետի տարադրամի փոխանակման կետում դոլար է վաճառվում 470 դրամով:

Դրամի փոխարժեքի անկման եւս մի վկայություն էլ Նոյեմբերյանի բանկերում ռուսական ռուբլու առքի ցածր գինն է 8.0-8.1: Ռուսաստանից նոր վերադարձած հարյուրավոր «խոպանչիներ» ցավով ասում են, որ աշխատանքային սեզոնի ընթացքում Ռուսաստանում իրենց դառը քրտինքով վաստակածի մի մասը «ջուրն ընկավ»: Դեկտեմբերի 3-ին Նոյեմբերյանի բանկերում եվրոյի առքի գինը 543.5 եւ 542.0 էր, վաճառքի գինը՝ 555.0: Այդ ֆոնի վրա հետաքրքիր էր «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղում եվրոյի առքի եւ վաճառքի թվերի մեծ տարբերությունը: Այդտեղ եվրոն գնվում էր 540.0, վաճառվում 585.0 դրամով: Նման մեծ տարբերությունը կարող է մեկ բացատրություն ունենալ՝ բանկը չի ցանկանում եվրո վաճառել: Եւ այս պատկերն ամբողջ մարզում է:

Մի խոսքով՝ բանկային իսկական քաոս է նաեւ Տավուշի մարզում:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more