Իրավունք թերթը գրում է․ «Ըստ մամուլում տարածված լուրերի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի եղբայր, երգիչ դերասան Հայկ Դուրգարյանին ձերբակալել էին ու նախաձեռնել քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով՝ թմրանյութի իրացում: Նրա մեքենայից «Կրիստալ» էին են հայտնաբերել։ Ավելի ուշ Հայկ Դուրգարյանը ազատ էր արձակվել:
Իսկ Կարեն Դուրգարյանի մյուս եղբայրը՝ Վրեժ Դուրգարյանը (այս դեպքում՝ ոչ հարազատ) սոցցանցերում ուշադրության կենտրոնում էր հայտնվել՝ այն տեղեկություններից հետո, որ լինելով Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի օգնական՝ զբաղվում է ամեն ինչով, բացի իրեն պատկանող անմիջական պարտականություններից: Նույնիսկ գրել էին, թե վերջինս անպարկեշտ առաջարկներ է անում թատրոնում աշխատող կանանց, փոխարենը՝ խոստանում լավ եւ գլխավոր դերեր: Ինչպես նաեւ նույն աղբյուրի տեղեկությամբ՝ Վրեժ Դուրգարյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս սեփականաշնորհում է թատրոնի գույքը եւ տեղափոխում իր տուն:
Ո՞րն է իրականությունը, ինչո՞ւ են Դուրգարյան եղբայրները հայտնվել այսպիսի պատմությունների մեջ, «Իրավունք»-ը փորձեց պարզել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանից: Սակայն, նա գերնյարդային վիճակում պատասխանեց, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս: Թե սա ինչ նոր ֆոբիա է մաեստրոյի մոտ, այդպես էլ մնաց անհասկանալի: Այնուհանդերձ, վերջինս առաջարկեց այլ ֆորմատով զրուցել, քանի որ անհանգստացած էր, որ լրագրողն իր աշխատանքը կատարում է հեռախոսազրույցի միջոցով: Դե, կներեք, որ լրագրողը բալետ չի պարում: Իսկ այ թե ինչու են Դուրգարյան եղբայրները հայտնվում սկանդալի կենտրոնում եւ ի՞նչ օրինակ է նրանց ծառայում օպերային թատրոնի տնօրենը շարունակում է մնալ անպատասխան: Համենայնդեպս, վերոնշյալի վերաբերյալ որեւէ հերքում չի եղել, Կարեն Դուրգարյանն էլ, ըստ էության, խուսանավելով պատասխանից՝ ի ցույց դրեց, որ ինչ-որ մի բան այն չէ, ոչ միայն իր ղեկավարած թատրոնում, այլեւ՝ ընտանիքում:
Ի դեպ, մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ երգիչ Հայկ Դուրգարյանի հետ, սակայն նույնքան համառորեն նա եւս անպատասխան է թողնում մեր բազմաթիվ զանգերը»:
Հեղինակ՝ Նանա Սարգսյան