▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ հատուկ ներկայացուցիչը փորձում է հավասարության նշա՞ն դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է, որ իրեն ուղարկել են մի քանի տեսանյութ, որոնք, ըստ նրա, իբր ցույց են տալիս «ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները»։ «Նաև դրանք պետք է հետաքննվեն, և եթե իրական են, հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հակամարտությունը երկու կողմերին էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն»,- գրել է Կլաարը:

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ այսօր մի քանի տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին: Նա ընդգծել է, որ դեռ դրանք հաստատման և քննության կարիք ունեն, որ այդ ամենի իրական կատարողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև նշել է, որ հակամարտությունն ակնհայտ խորը վերքեր է թողել երկու կողմերի համար:

Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերզմական հանցագործություններ:

Դրանից հետո շատ արագ զոհի և հանցագործի միջև դրվում է հավասարության նշան (իբր երկու կողմերն էլ նույնն են արել):

Ավելին, փորձել լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Վստահ եմ, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում:

Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more