▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է»

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկին՝ պատասխանելով լրագրողի հարցին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ լրագրողը հնչեցրել է հետևյալ հարցը. «Փետրվարի 20-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը սկսում է իր աշխատանքը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին»:

«Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շուրջ, հետևաբար դրան անհրաժեշտ է համապատասխանաբար վերաբերվել: Ավաղ, առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի՝ մեր դաշնակից Հայաստանում ցանկացած կերպ ամրանալու ցանկությունը:

Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի՝ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,-պատասխանել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորման գործում Եվրամիության մասնակցության փորձը միանշանակ չէ։ «Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Օրինակ՝ միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- նշել է նա։

Մարիա Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը մնում է տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը: «Տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակարճ ճանապարհն անցնում է դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,-շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more