▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընթանում է պատերազմի աննկատ, քողարկված, անուղղակի քարոզչություն. «168 ժամ»

Հատվածներ թերթի առաջնորդողից:

 

«Վերջին շաբաթներին Հայաստանում ընթանում է պատերազմի աննկատ, քողարկված, անուղղակի քարոզչություն: Ինտենսիվ քարոզչություն: Քարոզչության բոլոր երևացող ու չերևացող կանոններով ու գործիքներով: Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը, որի հետևանքով երկու հայ երիտասարդ զինվոր սպանվեց, ինչպես պարզվում է արդեն այսօր, ըստ էության, այդ քարոզչական կամպանիայի բաղկացուցիչն էր:


Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմից թույլ տրված «լեզվի սայթաքումն» այն մասին, որ «մենք կրակել ենք, նրանք էլ են կրակել» ոչ այլ ինչ է, քան պատերազմի քարոզչության բացահայտում, չափազանց վտանգավոր բացահայտում: Այն ավելի վտանգավոր է դառնում, երբ ռուսախոս այդ շտաբի պետին նման հայտարարությունից հետո ոչ թե պաշտոնանկ են անում, այլ ուղղակի հերքում են: Խաչատուրովը նման հայտարարություններ է անում այն օրերին, երբ Ադրբեջանում սպասում են ինչպես՝ ռուսական, այնպես էլ՝ արևմտյան պատվիրակություններին, որոնք Բաքու են այցելում Ալիևին համոզելու համար, որ ընտրի իրենց առաջարկածը: 


Հասկանալի է՝ Ալիևը պոչ է խաղացնելու այնքան, մինչև կամ Ռուսաստանը, կամ Արևմուտքը վճարեն իր ցանկացած գինը, որը, նույնքան հասկանալի է, կարող է լինել առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղը: 

 

Ու եթե սրան էլ գումարենք այն, թե ինչպիսի արագությամբ են ռուսական շատ որոշակի լրատվամիջոցներ տարածում հայ-ադրբեջանական սահմանին մարտական բախումների մասին ապատեղեկատվությունը, ու որքան քնքշորեն են ներկայացնում հայկական որոշակի շրջանակներից հնչող հայտարարությունները, թե՝ ուր որ է, հայկական զինված ուժերը լուրջ հարված են հասցնելու հակառակորդին, պատկերն ավելի ամբողջական կդառնա: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում բազմաթիվ պատճառներով հայ-ադրբեջանական ճակատում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին: Իսկ եթե որևէ բան ձեռնտու է Ռուսաստանին, կարող է «աջակցել» դրա իրականացմանը: Ունա՞կ է արդյոք Հայաստանի իշխանությունը դիմադրելու պատերազմ սկսելու ռուսական պարտադրանքին: Այդ հարցի պատասխանը ստանալու համար ևս մեկ անգամ ընթերցեք և դիտեք Խաչատուրովի հայտարարությունները: Պատասխանը, դժբախտաբար, բացասական է: Իսկ եթե դա այդպես է՝ ավելի ազնիվ ու ավելի բարոյական չէ՞ արդյոք Ռուսաստանին տալ այն, ինչ ցանկանում է: Առանց պատերազմի: Առանց երիտասարդ զոհերի: Եթե Հայաստանը հրաժարվել է անկախության ու պետականության համար պայքարից, մի՞թե կարող է գտնվել որևէ հիմնավորում, որը կստիպի պատերազմել, որպեսզի «պարտությունը» բարոյապես ավելի ընդունելի լինի: Պետությունը կորցնելուց հետո կարելի է պահպանել գոնե երիտասարդների կյանքը, ովքեր մտածում են, թե ծառայում են հանուն Հայաստանի Հանրապետության»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more