▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ սիրտը խոցում են, խոցվում է օրգանիզմը. Երևանը սրտի անբավարարություն ունի

Երկրում և հատկապես մայրաքաղաքում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների, քաղաքացիական պայքարի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ:

-Այսօր ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մեր երկրում տիրող  իրավիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է` բոլոր առումներով: Արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ, անարդարություն` բոլոր դրսևորումներով և իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներ: Դուք ևս անմասն չեք այդ պայքարից: Որպես պայքարի անմիջական մասնակից և մտահոգ քաղաքացի` ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր մեր երկրում տիրող իրավիճակը:

-Նախ շնորհակալ եմ, որ ակտիվիստ չանվանեցիք: Դա իմ չսիրած բառն է: Ես նախընտրում  եմ սրտացավ քաղաքացի արտահայտությունը: Այո, ես այսօր շատ մտահոգված եմ իմ երկրով, հատկապես` մայրաքաղաքով, քանի որ Երևանը սիրտն է: Իսկ եթե սիրտը խոցում են,  խոցվում է ամբողջ օրգանիզմը: Երևանն այսօր  սրտի անբավարար աշխատանքի խնդիր ունի: Չնայած գիտեմ,  որ ավելի ծանր վիճակում  են մեր մարզերը: Վերջերս պատահաբար մի գյուղ այցելեցի, որն, ի դեպ, Երևանին շատ մոտ է: Խոսքս Հացավանի մասին է: Հրաշալի  գյուղ, որտեղ ես չգտա մի բնակիչ, ում կարող էի  հարց տալ: Չգտա եկեղեցի, մշակույթի տուն, ոչինչ չգտա,  ոչ մի պայման չկա, որ գյուղացին մնա գյուղում: Իրականում այդքան դժվար չէ մշակույթի տուն ունենալը, որևէ միջոցառուջմ, լուսավոր որևէ  բան կազմակերպելը: Այս պահին, սակայն, կուզենայի խոսել մայրաքաղաքի մասին, որը բարձիթողի վիճակում է` ամեն առումով:

Խոսքը, նախևառաջ, ապօրինի շինարարության մասին է` ոչ միայն Կենտրոնում, այլև Երևանի տարբեր մասերում: Աչքից հեռու ինչ ուզում, անում են` հատկապես Արաբկիրի շրջանում: Ու ամենացավալին այն է, որ զգում եմ անպատժելիության մթնոլորտի, ամենաթողության , վերևներից  մատ թափ չտալու առկայությունը, որն աճելու միտում ունի: Ապօրինի շինարարություններն այնքան շատ են, որ Երևանում ապօրինության տեղ չի մնացել: Հատկապես  վերջին տասնամյակներում ինչ կառուցեցին, բոլորը տգեղ են` բացառությամբ մի քանի շինություների` Օդանավակայնը, Կասկադը, սակայն դրանք էլ դրսի ներդրումներ  են, իսկ ներսում ոչ մի շինարարություն չի արվել, շատացել են միայն  առանձնատները: Այգիները ևս ահավոր վիճակում են: Ես ապրում եմ Հաղթանակի այգու հարևանությամբ, որն արդեն, կարելի ասել, գոյություն չունի: Բոլոր այգիներն այսօր այդ վիճակում են: Դրանք ապրում են միայն այն դեպքում, երբ տեր ունեն:

Ժամանակին  Երևանում յուրաքանչյուր թաղամաս ունեցել է իր շուկան, իր այգին, ժամանցի կենտրոնը: Այսօր այն, ինչ պիտի շուկայում վաճառվեր, դրսում է վաճառվում և հակառակը: Շուկաների համար նախատեսված տարածքներում մեքենա են վաճառում: Այսօր ես ցավ եմ ապրում` այս ամենը տեսնելով:

-Այսօր կան մարդիկ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար` ընդ որում` տարբեր  ճակատներով:  Ըստ Ձեզ` ու՞ր է տանում այս պայքարը: Ի՞նչ արդյունք եք ակնկալում:

-Պետք է  նշեմ, որ մեր  հասարակությունը շատ պասիվ է պայքարի մեջ: Իմանալով, որ ճիշտ բանի համար են պայքարում, այնուամենայնիվ, գերադասում են չխառնվել: Թե վախի մթնոլորտն է պատճառը, թե փաստը, որ աշխատում են և չեն ուզում երևալ, թե միգուցե այլ հանգամանքներ էլ կան, որ խանգարում են մարդկանց դուրս գալ և իրենց խոսքն ասել:

 Իսկ մեր ակտիվ քաղաքացիներին շատ սիրում և գնահատում եմ: Նրանք կանգնած են ժողովրդի կողքին: Եթե այս աղմուկը չլիներ, Փակ շուկայի դիմացի ֆասադն էլ չէր լինի, այլ նրա տեղում կանգնած կլիներ հերթական «Երևան Սիթին»:

-Հաղթելու նախադեպեր, այնուամենայնիվ,  ունենք` Մաշտոցի պուրակ, տրանսպորտի թանկացման դեմ պայքար...

-Ուղեվարձի թանկացման դեմ պայքարի հաղթանակի օրը ես ճանաչեցի մեր երիտասարդներին, ովքեր շատ  ազնիվ են, շատ նոր, ճիշտ: Ես իրենց շատ սիրում եմ: Ուժի ճնշման տակ տեղի ունեցավ այդ ամենը: Նույն էր նաև Մաշտոցի պուրակում: Մեր երիտսարդները չեն կոտրվում, չեն կոտրվելու: Եթե պայքարը նույն ընդգրկվածությամբ լինի, միանշանակ, հաղթական ավարտ կունենա:  

- Ի՞նչ փուլում է «Տոնուսի» գործը:

-Եթե լինում է պայքար, արդյունքը չի ուշանում:  Չեն կարող այդքան մարդկանց թողնել  անպատասխան ու անտուն:  Մարդկանց ճակատագրի, նյարդերի, ընտանիքների հետ են խաղում: Վերջապես խոսքը գումարների մասին է, որ մեծ դժվարությամբ են կուտակվել: Մարդիկ հավատացել են, որ ապրում են մի երկրում, որտեղ կարելի է վճարել և ունենալ: Այս պահին դատական գործընթացներ են տեղի ունենում: Չի կարելի 6-7տարի մարդկանց խաղացնել մատների վրա և պատասխանատվություն չկրել: Մեղավորները պիտի պատժվեն:

Ես հուսով եմ, որ մեր  ղեկավարները կհասկանան, որ այսպես շարունկել չի կարելի: Եթե ինչ-որ հարցի շուրջ աղմուկ է բարձրացել, պետք է խիստ ուշադրություն դարձնել ու հետևողական լինել: Ազատամարտիկներ են հավաքվում, զոհվածների ծնողներ, սակայն անտեսվում են: Հետևողական պիտի լինեն, ոչ թե մտածեն` մի բան ասենք,  գնան տուն: Չի կարող այսպես շարունակվել: Սա կհանգեցնի սոցիալական բունտի: 

-Քաղաքացիական ակտիվության առումով ի՞նչ է փոխվել մեր հասարակության մեջ վերջին տարիների ընթացքում:

- Անշուշտ, ինչ-որ բան փոխվել է: Ինչ-որ բան արթնացել է ժողովրդի մեջ` հատկապես երիտասարդների: Իսկ երբ արթնանում են, քնել չկա: Հիմա շատ ավելի խիզախ են պայքարում մեր երիտասարդները: Ինձ թվում է` դեռ այս ակտիվ պայքարողների շնորհիվ շատ հաղթանակների ենք հասնելու:

-Ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպքերից հետո պասիվություն կամ վախի մթնոլորտ նկատե՞լ եք:

- Այդ եղանակով չեն կարող պայքարը ճնշել: Ինչ-որ մի պահ` միգուցե մի քանի օր սառեցնեն, սակայն դրանով չեն վախեցնի: Ավելին` պայքարն ավելի մեծ թափ կստանա: Շատ սխալ է ակտիվիստների հետ վերաբերվելու եղանակն ընդհանրապես` թե օրինապահ մարմինների, թե այն հրահրողների կողմից, որոնց մենք գիտենք: Այսօրվա ղեկավարներն այնքան հասուն չեն, որ ակտիվիստների հետ նստեն կլոր սեղանի շուրջ: Եթե իրենք ճիշտ լինեին, չէին խուսափի, չէին վախենա: Կքննարկեին բոլորին հուզող հարցերը և ընդհանուր հայտատարարի կգային: Իսկ մեր պատկան մարմինները վախենում են երես առ երես հանդիպել: Ամեն ինչ թողնում են ուժային կառույցների վրա: Սակայն նույն ոստիկանների աչքերից երևում է,  որ ամեն ինչ չուզելով են անում: Արդեն ոստիկանները ճանաչում են, թե ակտիվիստներին, թե հրահրված կամ վաճառված մարդկանց: Բոլորս տեսել ենք, լաց լինելու բան է, որ մեր տարիքով կանանց, որոնց մայր ենք անվանում, այն վիճակին են հասցրել, որ կարող են առանց հասկանալու ինչ-որ լոզունգներ կրկնել:

-Ճանաչված մարդկանց դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի: Տրանսպորտի հարցում տեսանք, որ ճանաչված մարդկանց օրինակն իսկապես վարակիչ էր:

-Միայն վատ բաներ չէ, որ տեղի են ունենում մեր քաղաքում: Ես լավի կողմնակից եմ և նկատում եմ նաև լավը: Սակայն երբ նկատում եմ վատը, բարձրաձայնոմ եմ նաև վատի մասին: Եթե լավը կա,  մենք լավի կողմը կլինենք: Բայց, ցավոք, այսօր վատն ավելի շատ է:  Կուզենայի անդրադառնալ, հին Երևանի մակետին: Շատ վրդովված եմ, որ այդպիսի մտահղացում պետք է իրականացվի Արամի փողոցի վրա: Դա մի խայտառակ շինություն է լինելու:  Ընդհանուր մի շենք, որտեղ մրջնաբների պես ներկայացված են լինելու հին Երևանի շինություններ: Ես կարծում եմ, երբ ինչ-որ լավ գործի օրինակ կա, պետք է իրականացնողից անպայման խորհուրդ հարցնել: Ամոթ բան չէ հարցնելն ու հաշվի նստելը, ինչը չարեց Նարեկ Սարգսյանը և արդյունքում ունենք այսպիսի ցաքուցրիվ քաղաք:

Պետք է նաև հասարակության հետ հաշվի նստել, քննարկել:  Ես չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարելի է կտրված լինել հասրակությունից, ընդհանուր հայտարարի չգալ բողոքողի հետ: Չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարելի է փակ պատուհանի հետևից նայել ներքև: Մարդը տանջվում է, ասելիք ունի, վիրավորված է, բողոքելու տեղ ունի…պետք է հաշվի առնել, հետողական լինել: Ինչու՞ են անարձագանք թողնում: Ինչու՞ վերևի օղակներում չի լսվում բողոքը:

Ինչու՞ է այսօր Տիգրան Առաքելյանն անզատության մեջ: Հրաշալի, պայծառ երիտասարդ է Տիգրանը: Ինչպե՞ս կարելի է նրան անազատության մեջ պահել: Այնքան փակելու մարդիկ կան, այնքան վտանագավոր ու տգետ  մարդիկ կան, որ ազատության մեջ են: Տիգրանն ու իր ընկերներն ազնիվ մարդիկ են` շատ նվիրված են երկրին: Իրենց կարելի էր ընդգրկել ինչ-որ ծրագրերի մեջ: Խոսքս վերաբերում է նաև  բանապահպաններին: Նրանց ևս  կարելի է ընդգրկել տարբեր ծրագրերի մեջ, ոչ թե դռները փակել: Մեր ամենալուրջ խնդիրն այն է, որ ղեկավարները հասարակությունից կտրված են:

-Չենք կարող շրջանցել մշակույթի ոլորտը, որտեղ ևս խնդիրները շատ են…

-Այն երաժշտությունը, որ այսօր է մատուցվում, այն ելևէջները, որ լսում ենք, տպավորություն են ստեղծում, թե  որևէ  հետամնաց արաբական երկրում ենք ապրում: Կարելի է գոնե հետ նայել: Չնայած շատերը քննադատում են անցյալը, սակայն պետք է հետադարձ հայացք ձգել և տեսնել ինչ գոհարներ ենք ունեցել: Իսկ այսօրվա իրական արվեստը հեռուստատեսությամբ չի ներկայացվում: Մեր պրոֆեսիոնալներն  ամբողջ աշխարհին են զարմացնում իրենց  ելույթներով: Ջազային ու դասական ասպարեզներում ունենք հրաշալի երաժիշտեր, որոնց մասին չենք լսում, որովհետև ժամանկ չկա, սերիալներ կամ հիմար համերգներ  են ցուցադրվում: Ժամերով եթերը տրամադրում ինչ-որ մեկի համերգի, ով շատերին չի հետաքրքում, սակայն թանկ համերգ է: Չեմ մեղադրում  այն երգիչներին, ովքեր այլ ճաշակ ունեն: Բայց միայն մի օրինակ եմ ուզում բերել. մի երգիչ հարսանիքից այնքան գումար է վաստակում, ինչքան ստանում է ամբողջ տարին Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը:

 

Հարցազրույցը` Հասմիկ Գյոզալյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more