▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխայի մահվան բոթից առաջ եւ հետո ուժեղացված հսկողություն սկսեցին իրականացնել.«Ժողովուրդ»

Երեկ մինչ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզային ոստիկանությունում խորհրդակցություն էր անցկացնում, ժամը 16-00-ի սահմաններում Գյումրի շտապեցին ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանումներ, իսկ ավելի ուշ՝ ժամը 17:02-ի սահմաններում, պաշտոնապես հայտարարվեց, որ  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը:

Նշենք, որ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 12-ին  Գյումրիում սպանված 6 ընտանիքի անդամներից 7-րդ էր, որին 7 օր հիվանդանոցում մնալուց, երկու վիրահատության ենթարկվելուց հետո չհաջողվեց փրկել: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի փոխանցմամբ՝ երեխայի մոտ մի քանի անգամ գրանցվել է սրտի կանգ, իրենք անընդհատ փորձել են վերակենդանացնել, բայց մի քանի փորձից հետո երեխան մահացել է. «Երեխան գերադասեց միանալ ծնողներին»:

Երեխայի մահվան բոթից առաջ եւ հետո ոստիկանությունը ուժեղացված հսկողություն սկսեց իրականացնել Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի, 8-րդ զինվորական թաղամասի եւ ռուսական ռազմաբազայի հարող տարածքում, ըստ էության կանխատեսելով, թե երեխայի մահվան լուրը կարող է գյումրեցիներին կրկին ոտքի կանգնեցնել, ու այս անգամ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փոխարեն գյումրեցիները թույլ չտան ՀՀ ոստիկանապետին վերադառնալ մայրաքաղաք:

Սակայն ոստիկանությունը լրացուցիչ ստորաբաժանումների կենտրոնացումը բացատրել էր հետեւյալ կերպ, թե վերջիններս փոխարինում են նախորդ ստորաբաժանումների աշխատանքին, եւ որեւէ արտառոց բան չկա:

6-ամսական Սերյոժայի մահվանից րոպեներ հետո մի խումբ քաղաքացիներ շտապել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ փոքրիկին հրաժեշտ տալու: Իսկ Ավետիսյանների տան մոտ եւ Ազատության հրապարակում մի շարք քաղաքացիներ մոմավառություն էին անցկացնում: Չնայած սկզբում ոստիկանները թույլ չէին տվել Ազատության հրապարակում սրտացավ քաղաքացիներին ակցիան իրականացնել, սակայն ավելի ուշ մոմավառությունը իրականացվեց:

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցական ուղերձն էին հղել Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի քաղաքապետը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ: Փոքրիկի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին: Ըստ գյումրեցիների՝ փոքրիկի հուղարկավորությունը ոչ միայն սգո, այլ նաեւ անարդարության դեմ բողոքի հզոր երթի է վերածվելու:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more