▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երգչուհի դառնալու համար ոչ մի ծանոթ չենք խառնել». Մարտա Կիրակոսյան

Մարտա  Կիրակոսյանին հանդիսատեսը  ճանաչում է մանկուց, նա  այն   երեխաներից  էր,  ում  մասին  կարելի էր  ասել,  որ   մեծանում է  հանդիսատեսի  աչքի  առաջ:                    

Եվ  երբ  թվում էր,  որ երաժշտության  մեջ դեռ  շատ  նվաճումներ է  ունենալու,  Մարտան  սկսեց լռել:

ASEKOSE.am-ի թղթակիցը  փորձել  է պարզել`  որտե՞ղ  էր  Մարտան ,  ինչու՞  էր  լռում, և  ո՞ր  առաջարկի  շնորհիվ է  կրկին  վերադարձել: 

Փոքրուց հանդես էիր գալիս «Արևիկ» մանկական անսամբլում, հետագայում նաև  «Դո -Ռե -Մի» ստուդիայում: Ինչպե ՞ս է սկսվել դեպի երաժշտություն տանող ճանապարհը:

- Սկսել եմ երգել 4 տարեկանից. մայրիկս ինձ տարավ «Արևիկ» անսամբլ, որտեղ ինձ լսեցին և ասացին, որ շատ լավ տվյալներ ունեմ, բայց չեն կարող ինձ ընդունել, քանի որ իրենց մոտ ընդունելությունը 6 տարեկանից է: Սակայն, մի քանի օր անց, զանգահարեցին և հայտնեցին, որ բացառության կարգով ինձ կընդունեն, չնայած ոչ մի ծանոթ չենք խառնել (ծիծաղում է): Իսկ արդեն 6 տարեկանում սկսեցի հաճախել «Դո-ռե-մի»: Ի դեպ, ինձ այդտեղ ուղղորդեց Ռադիկ Գաբրիելյանը, ով շատ մեծ դեր է ունեցել իմ երգարվեստում: Նա ինձ սովորեցրեց Տաթևիկ Հովհաննիսյանի և Արթուր Գրիգորյանի «Ձյուն» երգը. հենց այդ երգով ընդունվեցի «Դո-ռե-մի» ու մասնակցեցի համանուն մրցույթին: Հետագայում` Նադեժդա Սարգսյանի ղեկավարությամբ մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների:

«Հայեր» համույթի ամենակրտսեր անդամն էիր, ինչպե ՞ս էին քեզ ընդգրկել այդ խմբում:

- Մինչև այդ Նադեժդա Սարգսյանի հետ վարել եմ «Դո-ռե-մի»-ն, որից հետո նոր ընդգրկվել եմ «Հայեր» համույթ:

Հարկ է նշել,  որ  հետագայում «Հայեր» համույթի աղջիկների և Նադեժդա Սարգսյանի ջրերը մեկ առվով չհոսեցին: Իսկ դու ի՞նչ հիշողություններ ունես այդ տարիներից և ներկայումս ինչպիսի՞ հարաբերություններ ունես Նադեժդա Սարգսյանի հետ:

- Ես առաջինն եմ հեռացել խմբից, այդ ժամանակ աղջիկները դեռ խմբում էին: Ինչ վերաբերվում է իմ և Նադեժդա Սարգսյանի հարաբերություններին, պետք է ասեմ, որ միշտ շատ շնորհակալ և երախտապարտ եմ նրան իմ առաջին հաջողությունների համար: Եվ հարկ եմ համարում նշել, որ Նադյան եղել է ոչ միայն լավ ուսուցիչ, այլև շատ լավ ընկեր. շատ սիրում ու հարգում եմ նրան:

Երգի պետական թատրոնի 5-րդ սերնդի ներկայացուցիչ ես, ի՞նչ է տվել քեզ Արթուր Գրիգորիչի դպրոցը, ի՞նչ խորհուրդներ ես ստացել հայկական շոու-բիզնեսի կնքահորից:

- Երգի պետական թատրոն ընդունվել եմ 10 տարեկանում: Թատրոնի մեծ սերնդի հետ «Սերունդներ» ներկայացումով մեկնել եմ ԱՄՆ, որից հետո ինձ մոտ սկսվեց անցումային շրջան, այդ ժամանակ չէր կարելի երգել: Դադրեցրեցի երգելս` հետագայում կրկին վերադառնալու նպատակով: Վերադարձա արդեն հասուն տարիքում և Արթուր Գրիգորյանի օգնությամբ սկսեցի ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել կարիերայիս: Նա ինձ սովորեցրել է պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորել դեպի բեմն ու երգարվեստը առհասարակ: Արթուր Գրիգորիչն ինձ շատ է օգնել, որպեսզի ես հասկանամ` ինչ եմ ուզում: Նրա շնորհիվ ես միշտ պահպանել եմ իմ անհատականությունը, սկզբունքները և ոճը. պարտական և շնորհակալ եմ նրան:

Սակայն խորհուդներ ստանալուց բացի Երգի պետական թատրոնում հանդիպել էիր երգիչ Արամ Մուսայելյանին, ի՞նչ կասես ձեր հարաբերությունների մասին:

Արամի հետ ծանոթ ենք եղել դեռ վաղ հասակից: Երկուսս էլ երգում էինք «Դո-ռե-մի»-ում: Ինչ վերաբերվում է իմ և Արամի հարաբերություններին` չեմ սիրում անձնականը մասսայականացնել:

Թվում է, թե երբեք չես հեռացել երաժշտությունից, սակայն լռությունդ ակնհայտ էր: Այն պատճառ ունե՞ր:

- Լռությունս կապված էր նրա հետ, որ չկար ոչ մի նախագիծ կամ առաջարկ, որն իմ մեջ մասնակցելու ցանկություն կառաջացներ:

Մեկ անգամ ասել ես, որ քեզ հետագայում պատկերացնում ես ջազ և սոուլ երգերի կատարող, ինչպե՞ս նաև նշել ես, որ Հայաստանում կա մարդկանց խումբ, որը լսում է այդ տեսակ երաժշտություն: Ըստ քեզ կկարողանա՞ս մասսայականություն ստանալ այդ ոճերում հանդես գալով:

- Ես դեռ դպրոցից երգել եմ ջազ և սուլ ոճերում, չնայած` ինձ հաճելի է երգել ցանկացած ոճում, բացի 6/8-ից: Դա չի նշանակում, որ չեմ ընդունում կամ չեմ պարում հավքույթներին այդ երաժշտության ներքո, պարզապես, ինչ վերաբերվում է երգելուն, իմ ոճը չէ: Ես միայն կարող եմ ասել, որ իմ ոճը երբեք չեմ կորցնի և ինչպես եղել եմ հավատարիմ, մինչև վերջ էլ կլինեմ: Ես գիտեմ, որ Հայաստանում հաստատ կա մի խումբ, ով լսում և գնահատում է այն երաժշտությունը, որը ես զգում եմ, երգում և կերգեմ: Իսկ ամենակարևորը, ես նախ երգում եմ ինքս ինձ համար և հաճույք եմ ստանում իմ սիրած երաժշտությունը կատարելուց:

 Ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ «Սիրո կամուրջ»  մյուզիքլի պրեմիերան,  առաջարկն ընդունելիս չէիր վախենու՞մ, չէ՞ որ  այստեղ պետք է գործի դնես ինչպես երաժշտական, այնպես  էլ դերասանական վարպետությունը:

- Սիրո կամուրջ մյուզիքլն ինձ համար կարելի է ասել եղավ, ինչ որ չափով, վերածնունդ… Ես սպասում էի այնպիսի առաջարկի, որտեղ կկարողանամ հանդիսատեսին բազմակողմանի ներկայանալ: Մյուզիքլում ոչ միայն երգել եմ, այլ նաև պարել և հնարավորություն ունեցել դրսևորելու դերասանական ունակություններս:

Պրեմիերայից հետո ի՞նչ զգացողություններ ես ունեցել, արդյոք մյուզիքլ ասվածը խորթ չէ  մեր հանդիսատեսին:

- Պրեմիերայից հետո, երբ վարագույրները փակվեցին, չեմ կարող բացատրել ինչ եմ ապրել և ինչ զգացողություններ կային իմ մեջ: Հասկացա, թե որքան էի կարոտել բեմը և հանդիսատեսին: Իհարկե, դեռ շատ աշխատանք պետք է տանեմ ավելի պրոֆեսիոնալ դառնալու համար, բայց ես շատ գոհ էի և շատ բավարարված այն աշխատանքից, որն արեցի երկար դադարից հետո: Իսկ իմ լավ զգացողությունները նաև հանդիսատեսի ջերմ վերաբերմունքի արդյունք էր: Կարծում եմ`«Արթ Թիմ» և «Շարմ հոլդինգ» ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծված այս մյուզիքլը հաջողված է, և այդ հաջողությունը շարունակական կլինի` Վահան Բադալյանի և այն մեծ թիմի գլխավորությամբ, ովքեր աշխատում են մեզ հետ: Նաև չեմ կարող չնշել բոլոր այն դերասան-պարողներին ու դերասան-երգիչներին, ովքեր իրենց մեծ դերն ունեն մյուզիքլում:

Լուսանկարը` «Շարմ հոլդինգի»

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more