▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Նարինե Դովլաթյանը պայքար է սկսել ծխելու և ծխողների դեմ

Մինչ Ռիհաննան ծխախոտը ձեռքին ու սեքսուալ դիրքերով լուսանկարվում է, հայ երգչուհի Նարինե Դովլաթյանը ոչ միայն բարձրաձայնում է իր չծխելու մասին, այլեւ անցել է վիրտուալ պայքարի եւ սոցիալական ցանցերի իր էջերում տեղադրում է հակածխախոտային լուսանկարներ, գրում է Բրավո.am-ը:

22-ամյա երգչուհին ասում է, որ ծխախոտի հոտը տանել չի կարողանում, իր ընկերախմբում հաճախ փոքրամասնություն է կազմում, նույնիսկ միակ չծխողն է լինում. «Մեր ընտանիքում միայն հայրս է ծխում: Նա Ռուսաստանում է ապրում, երբ այստեղ է լինում, պատշգամբում է ծխում, շատ եմ ասում, որ հրաժարվի այդ սովորությունից, բայց՝ դեռ անօգուտ: Ծխողն էլի ծխելու է, բայց պասիվ ծխողների առողջությունը պետք չէ վնասել, մանավանդ, եթե երեխաներ կան, կարելի է առանձնանալ»:

Նարինեի խոսքով՝ երբ ժամանցի վայրերում չծխողների համար առանձին սրահ չի լինում, դուրս է գալիս տվյալ վայրից.«Պատահել է, որ մեկ օրվա մեջ մի քանի տեղից դուրս եմ եկել ու անպայման ասել եմ՝ որն է պատճառը, որ տեղյակ լինեն, թե հաճախորդներն ինչու չեն մնում: Իսկ երբ նկարահանումների ժամանակ են ծխում, պատուհան եմ բացում. որքան իրենք ունեն ծխելու իրավունք, այնքան էլ ես՝ ծխից չխեղդվելու: Նկատել եմ՝ շատ երգիչ-երգչուհիներ ծխում են, որ իրենց ձայնը խռպոտանա ու թավ ձայնով երգեն, բայց անդուր է, որովհետեւ բնական չէ, այլ «բքելու» արդյունք է»:

Նա ընդգծել է, որ շատ է ուզում՝ կանայք չծխեն, հատկապես՝ ապագա մայրերը. «Կան աղջիկներ, որ թաքցնում են, շատերն էլ չեն թաքցնում, մտածում են, թե ազատ են, բայց դա ազատության խնդիր չէ: Որոշներն իրոք կախվածություն ունեն, բայց շատ աղջիկներ ուզում են ծխելով թիթիզանալ, ծիծաղելի է նման ցուցադրական պահվածքը: Շատ տհաճ է, երբ աղջկա վրայից ծխախոտի վատ հոտ է գալիս: Գոնե հղի ժամանակ չծխեն ու իրենց ապագա փոքրիկների առողջությանը չվնասեն…»:

Նարինե Դովլաթյանը հավելել է, որ չի սահմանափակվելու միայն լուսանկարներ տեղադրելով, քայլեր է ձեռնարկում իր ասելիքը տեղ հասցնելու համար, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնի, իսկ մինչ այդ պատրաստվում է նոր երգեր ձայնագրել ու բենդի հետ ակումբային համերգով հանդես գալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more