▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրորդ համապետական հանրահավաքին մնացել է երկու օր.«Ժողովուրդ»

Եվ այսպես` ոչ իշխանական եռյակի հրավիրած երկրորդ համապետական հանրահավաքին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե որն է այն միասնական օրակարգը, որով եռյակը ներկայանալու է հանրությանը: Երեկվա նիստից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, թե եռյակում այս պահին փորձում են մշակել «իշխանափոխության միասնական ճանապարհային քարտեզ»: Չքննարկելով անգամ այդ քարտեզի բուն էությունն ու դրա իրագործման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցը՝ չենք կարող չընդգծել, որ, մեղմ ասած, լուրջ չէ առանց հստակ մշակված եւ որոշված քայլերի իշխանափոխության համար պայքար սկսելը: Այն դեպքում, երբ միասնական օրակարգի ձեւավորման համար եռյակը լիուլի ժամանակ ուներ:

Եթե եռյակի (այն ժամանակ քառյակ էր) մտադրություններն իրապես լուրջ էին, ապա դեռ հայտնի 12 կետերի առաջադրման օրվանից ոչ իշխանական ուժերը պետք է քննարկած-մշակած լինեին իրենց հետագա քայլերի բոլոր տարբերակները: Մինչդեռ կառավարությանը տրված ժամկետի ավարտին հետեւած մարզային հավաքներից հետո անգամ եռյակը չկարողացավ հանգել մեկ միասնական դիրքորոշման եւ այն հնչեցնել հոկտեմբերի10-ի հանրահավաքում:

Այնպիսի տպավորություն է, որ եռյակում որոշումները կայացվում են` ելնելով իրենց  առաջնորդների այդ օրվա տրամադրություններից կամ տեսած երազից: Ընդ որում,  հատկապես հոկտեմբերի10-ի հանրահավաքում հարթակին կանգնածների անկազմակերպ պահվածքը, Րաֆֆի Հովհաննիսյանի անավարտ մնացած ելույթն ու մյուս առաջնորդների հետ քննարկման անհաջող փորձը, Գագիկ Ծառուկյանի` հաջորդ հանրահավաքում խոսելու խոստումը եւ Տեր-Պետրոսյանի` իր ընդդիմախոսներին (այդ թվում եւ` Րաֆֆուն) «սաստելու» ոճը որեւէ տեղ չթողեցին` համոզելու, թե եռյակն իր միասնական օրակարգը չի հրապարակում` ժամանակից շուտ խաղաքարտերը չբացելու համար: Բոլորի համար պարզապես ակնհայտ դարձավ, որ հարթակին կանգնած երեք ուժերի միջեւ տարակարծություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները: 

Ինչեւէ, հաջորդ հանրահավաքին մնացել է ընդամենը երկու օր, եւ եթե մինչ այդ եռյակը չկարողանա կայացնել միասնական եւ հստակ որոշում իշխանափոխության իրականացման քայլերի շուրջ, ապա հոկտեմբերի 24-ին այլեւս դժվար կլինի խուսափել հանրության հիասթափությունից, եւ է՛լ առավել դժվար կլինի պատկերացնել պայքարի հետագա   ընթացքը: Ինչպես նույն Ռուբիկ Հակոբյանն է երեկ նկատել` «Ժողովուրդն այլեւս չի սպասում խոսքերի հանրահավաքի, ժողովուրդը հստակ գործողություններ է ակնկալում»:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more