▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես հասկանում եմ՝ խաբված լինելը մարդկային է, սակայն խաբված մնալը դառնում է կործանարար»

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի գրառումը․

«Ե՛վ ներքին, և՛ արտաքին լսարանի համար, կարծում եմ, միանշանակ պարզ է, որ «Հայաստան» դաշինքը, խմբակցությունն այսօր մեկ օրակարգ ունեն՝ պայքարել Արցախի, Հայաստանի անվտանգությունը, անկախությունը, արժանապատիվ հեղինակությունն ու երբեմնի մարտական, հաղթանակած ոգին վերականգնելու համար:
Այդ պատճառով հարկ եմ համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարելու վերաբերյալ որոշ պաշտոնյաների հռետորական հարցադրումներին:
- Նախ, ի գիտություն հանրությանը, որին հերթական անգամ փորձում են մոլորեցնել՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելով, պետք է հայտնեմ, որ դեռևս մարտ ամսին առաջինը հենց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են հանդես եկել այդ նիստը գումարելու գրավոր նախաձեռնությամբ՝ հասցեագրված Ալեն Սիմոնյանին՝ որպես ՀՀ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի:
- Մեր դաշինքը, լինելով չափազանց ուշադիր և նրբանկատ հատկապես Արցախին վերաբերող հարցերի նկատմամբ, մինչ այսօր մասնակցել է միջազգային կառույցներում մեր գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումների և հնարավոր լծակներն օգտագործել՝ փաստացի ներկայացնելով ու դատապարտելով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կատարված հանցագործությունները, բարձրաձայնելով հայ գերիների վերադարձը սահմանող համաձայնությունները չկատարելու վերաբերյալ: Մենք հիմնավորել ենք հայ ժողովրդի՝ իր նախնիների դարավոր բնօրրանում ապրելու կամքն ու դիրքորոշումը, Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման տարածաշրջանային նշանակությունը: Եվ այդ տրամանաբությամբ շարունակելու ենք համագործակցել բոլոր ռազմավարական դաշնակիցների, բարոյական ու գիտակից ուժերի հետ:
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որ տեղի է ունեցել օրեր առաջ, և որին անձամբ ներկա եմ եղել ու լիովի՛ն տիրապետում եմ անհրաժեշտ ինֆորմացիային, մենք նշել ենք, որ հանուն Արցախի փրկության մենք պատրաստ ենք մասնակցել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին:
- Մյուս կողմից, ի՛նչ նշանակություն ունի՝ մենք կմասնակցենք այդ նիստին, թե ոչ: Խորհրդարանում իշխող մեծամասնության պարտականությո՛ւնն է այն հավուր պատշաճի կազմակերպելն ու անցկացնելը. և չեմ թաքցնի՝ այն համոզմունք ունեմ, որ նրանք զերծ են մնալու իրենց իրական «տերերին» բարկացնելու գայթակղությունից, և նրանց գործողությունները սահմանափակվելու են միայն խոսելով, ինչպես միշտ՝ սուտը կիրառելով որպես հիմնական և, ցավալիորեն, մեր հասարակության ստվար զանգվածի վրա ազդող զենք:
- Ամփոփելով խոսքս՝ որպես օբյեկտիվ պատասխան «իրավիճակին տիրապետելու» մասին սուբյեկտիվ գնահատականին՝ ներկայացնում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գրությունների պատճենները՝ դրանց կցելով նաև ԱԺ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մեջ պահպանվող և գրության «ճակատագիրը» ներկայացնող 2 արտատպում՝ հատուկ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրելով այդ գրությունները հետ վերադարձնելու, այն է՝ մերժելու մեկնաբանություններին. գրում եմ մեկնաբանություն, որովհետև գրավոր հիմնավորում՝ այդ նիստի գումարումը չանցկացնելու վերաբերյալ, մինչ օրս չենք ստացել. միայն աշխատակցի բանավոր բացատրությունն ունենք, ըստ որի, մեր նշած ժամկետում նիստի գումարումը չէր կարող տեղի ունենալ Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր մեկնելու պատճառով:
Մենք համաձայնել էինք, որպեսզի երբ նա վերադառնա, նիստի օր նշանակի խորհրդարանական մեծամասնությունը: Սակայն Ալեն Սիմոնյանը վերադարձավ արտերկրից, հետո էլի մեկնեց, և պատկերացնո՞ւմ եք, միայն 5 ամիս անց, երբ նորից խոսվեց այդ մասին, հանդես եկավ հռետորական հարցադրումով և խոցելի մեկնաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության իշխանությունն այսօր ի՛նքը չի տիրապետում իրավիճակին կամ տիրապետում և լռում է:
Տեսեք՝ ինչ է կատարվում Արցախում` Լաչինի միջանցքում, Աղավնոյում, Բերձորում, Հայաստանի սահմաններին. մեկը կա՞ պատասխատանատու մարմիններից, որ դուրս գա ժողովրդի առաջ և մի հոդաբաշխ խոսք ասի՝ փարատելով սեփական ժողովրդի անհանգստություններն ու կասկածը:
ՀԳ
Սիրելի՛ հայրենակիցներ,
թույլ մի՛ տվեք ձեզ խաբել հերթական և ո՛չ վերջին անգամ:
Ես հասկանում եմ՝ խաբված լինելը մարդկային է,
սակայն խաբված մնալը դառնում է կործանարար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more