
Հաղորդավար, Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանն, անդրադառնալով «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերում ներառվելու մասին որոշ երգիչների գրառումներին, նկատել է թե միայն Հայաստանում է, երբ տաղանդավոր ու ակտիվ են, երգեր եւ ալբոմներ ունեն, բայց առաջադրվելու դեպքում բողոքում են:
«Ակտիվ չես, երգեր չես ձայնագրում, տեսահոլովակներ չես նկարահանում, նստած սպասում ես՝ երբ տաղանդդ կգնահատվի: Չեն առաջադրում, բողոքում ես:
Հույս ունեմ, որ բոլոր տաղանդավոր երգչուհիներն այս տարի գոնե ակտիվ կլինեն, որ հաջորդ տարի իսկապես ամենահետաքրքիր անվանակարգը կրկին «Տարվա լավագույն երգչուհի»-ն լինի:
Շատ անվանակարգերի հետ համամիտ չեմ, բայց այդ ամենը զարգացնել է պետք, ոչ թե մերժել:
Եղեք օրինակ, մոտիվացրեք, որ մի բան փոխվի փոփ երգարվեստում:
Անորակը գրավել է շոուբիզնեսը, գոնե դուք ձեր որակյալ երգերով մի մերժեք»,- նշել է նա:
«Խազեր» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2024 թվականին և անցկացվում է ամենամյա ձևաչափով։ Մրցանակաբաշխության անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգի՝ խազերի անունից։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է 17 անվանակարգերով՝ ընդգրկելով ինչպես ժանրային (ռոք, ջազ, դասական, ազգային), այնպես էլ կատարողական, կոմպոզիտորական, հնչյունային և տեսահոլովակայնին անվանակարգեր։ Մրցանակակիրները որոշվում են Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի շուրջ 200 անդամների գաղտնի քվեարկությամբ, որն իրականացվում է հատուկ մշակված համակարգի միջոցով։
Նշենք, որ գրառումներին անդրադարձել է նաև Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիան՝ նշելով, որ անվանակարգերը կազմվում են ինչպես արտիստների սեփական դիմումների համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկության:
«Երկրպագուների 100-ից ավելի ձայներ հավաքելու պարագայում, արտիստները, խմբերն ու նախագծերն ինքնաբերաբար դառնում են մասնակից: Դա խոսում է տվյալ արտիստի ստեղծագործական ակտիվության եւ երկրպագուների համակրանքի մասին: Ակադեմիայի առաքելությունն է ստեղծել մրցունակ դաշտ, որտեղ կգնահատվեն լավագույն արտիստները՝ միեւնույն ժամանակ ոգեւորելով նրանց ներկայացնել նոր ստեղծագործություններ ու նախագծեր»,- նշված է հայտարարությունում:


