▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

FourFourTwo. Մխիթարյանի ողբերգական ճամփորդությունը դեպի վեր. football365.am

Արարատ լեռը ստվեր է նետում Երևանի` Հայաստանի մայրաքաղաքի և Հենրիխ Մխիթարյանի ծննդավայրի վրա: Նրբագեղ փլեյմեյքերը, որն այժմ կրում է Դորտմունդի «Բորուսիայի» 10 համարի մարզաշապիկը, մեկ այլ ստվերից պետք է փախչեր իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում, և նա արեց դա լուռ վճռականությամբ: «Ես սիրահարվեցի խաղին հայրիկիս շնորհիվ,- ասում է նա FourFourTwo-ին:- Ֆուտբոլն իմ արյան մեջ է, և ես ցանկանում էի նրա նման խաղացող դառնալ»:

Նրա հայրը Համլետ Մխիթարյանն էր` հայկական ֆուտբոլի ողբերգական արքայազնը: Նա պիոներ էր. 1980-ականների վերջի Երևանի «Արարատի» հարձակվողը դարձավ առաջին խորհրդային խաղացողներից մեկը, որն օգտվեց «Պերեստրոյկայի» ընձեռած հնարավորությունից և տեղափոխվեց արտասահման:

1989-ին նա ժամանեց ֆրանսիական ցածր դիվիզիոններում խաղացող «ԱՍՕԱ Վալանս»: Անմիջապես տպավորություն գործելով և՛ դաշտում, և՛ դաշտից դուրս, նա իր երիտասարդ ընտանիքին` ներառյալ ինն ամսական Հենրիխին, կանչեց իր մոտ` հարավային Ֆրանսիա: Նրանք տեսան, թե ինչպես Համլետը օգնեց «Վալանսին» բարձրանալ երկրորդ դիվիզիոն, և նվաճեց իր թիմակիցների ու երկրպագուների սրտերը: Դա երջանիկ ժամանակաշրջան էր, և Հենրիխը մինչ օրս սահուն խոսում է ֆրանսերեն:

Սակայն Մխիթարյանների աշխարհը փշրվեց, երբ մի օր Համլետը վատ զգաց մարզման ժամանակ: Բժիշկներն ախտորոշեցին ուղեղի ուռուցք: Վիրահատությունը չկարողացավ կանգնեցնել դրա հարձակումը արտաքնապես առողջ մարդու վրա: Շուտով նա կնոջ ու երկու երեխաների (Հենրիխը քույր ունի) հետ վերադառնում էր Երևան, որպեսզի կարողանար, ինչպես ասել էր մոտ ընկերներին, տանը մեռնել:

Երբ 1996-ին նա հանձնվեց հիվանդությանը, ընդամենը 33 տարեկան էր: Նրա որդին յոթ տարեկան էր: Արդյո՞ք նա անգամ մեկ վայրկյան կասկածում էր, որ կհետևի հոր կարիերայի ընտրությանը: «Ոչ,- ասում է նա,- Բոլորովին»:

Սակայն դա չէր կարող հեշտ լինել: Ֆրանսիան փոխարինելով ավիրված, հետխորհրդային Հայաստանի հետ, խաղալ սովորելով տեղական ակումբում, որը մարզադպրոցը հոր անունն էր կրում նրան նմանվելու այրող ցանկությամբ` երիտասարդ Հենրիխն իրեն հսկայական ճնշման տակ էր դնում: Երբեմն դա չափազանց շատ էր դառնում:

«Երբ խաղից հետո լաց լինելով էի տուն գալիս, որովհետև պարտվել էինք, կամ վատ էի խաղացել, մայրիկս ասում էր` ամեն ինչ լավ է, դու պատրավոր չես ֆուտբոլ խաղալ, եթե չես ցանկանում, ոչ ոք չի պատրաստվում ստիպել քեզ ֆուտբոլիստ դառնալ, և դու կարող ես անել այն, ինչ ցանկանում ես,- հիշում է նա:- Բայց ես պնդում էի: Եվ մայրիկս ոգևորում էր, որ շարունակեմ աշխատել»: Այսօր նա այնպիսի խաղացող է դարձել, որ հոր հին ընկերները Վալանսից չեն կարողանում հավատալ իրենց աչքերին. սիրելի հայրիկի կրկնօրինակն է:

Սակայն նա անցյալի մասին մտածողներից չէ: Փոխարենը ցանկանում է հասնել նոր բարձունքների (ասում է, որ բոլորովին գոհ չէ մինչ օրս գրանցած իր նվաճումներով) և ընդունել այն, ինչ կյանքն իրեն կառաջարկի: 2010-2013-ը, որպես Դոնեցկի «Շախտյորի» խաղացող, նա ժամանակ էր գտնում գնալ թատրոն և կինո, ինչպես նաև սկսել էր տնտեսագիտություն ուսումնասիրել: Նա համեստ է, քաղցած և մտադրված բաց չթողնելու հնարավորությունները: «Ես պարզ մարդ եմ,- ասում է նա:- Ես որևէ մոլորություն չունեմ, թե աստղ եմ: Սովորում եմ, որովհետև կարծում եմ` կարևոր է ողջ կյանքումդ շարունակել սովորել. այն պահին, երբ դադարում ես, կարող ես մեռնել»:

Դա վերաբերում է նաև խաղադաշտին: Անցած մրցաշրջանում Մխիթարյանն առաջին անգամ փորձեց Դորտմունդի «Բորուսիայի» շարունակ ճնշում գործադրող մեքենան` որպես մրցակից Չեմպիոնների լիգայում: «Ինձ համար «Դորտմունդն» ամենաբարդ մրցակիցներից էր»,- ասում է նա:

Չկարողանալով իրեն այդքան տարածությունը գտնել` նա քիչ բան կարող էր անել, որպեսզի խուսափեր երկու խաղերի արդյունքում 5-2 հաշվով պարտությունից: Մխիթարյանն ասում է, որ «Դորտմունդը» կատարյալ թիմ էր` լավ խաղացողներով և տպավորիչ մարզչով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more