▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում

Լուրեր․com-ը գրում է․ Հայկական ֆուտբոլում քաղաքականությունը սկսել է դրսևորումներ ստանալ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը չի կարողանում քողարկել իր առանձնահատուկ բացասական զեղումները «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, սակայն անհասկանալի են նաև մոտեցումները «Նոա» ակումբի հանդեպ:

Առաջինը Փաշինյանի հիմնական մրցակիցը համարվող «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանինն է, երկրորդը պատկանում է նրա համար ընդունելի գործարար Վարդգես Վարդանյանին: Դժվար է հավանաբար կողմորոշվել քաղաքական շահերի ու անձնական համակրանքի միջև։

Մի դեպքում նա պետք է չմոռանա քաղաքական կոնյուկտուրային դեմ գնացող Սամվել Կարապետյանի թիմին, որտեղից էլ թերևս վերջին շրջանում սկսվել են «Արարատ-Արմենիայի» զրկանքները: Սա ֆուտբոլասերների կարծիքն է, որոնք ուշի ուշով հետևում են հայկական ակումբային ֆուտբոլին ու մրցաշրջանի ընթացքից որոշակի դատողություններ են անում: ՀՖՖ նախագահը, առհասարակ, որդեգրել է այսպես ասած՝ ընտրյալ ակումբներին պաշտպանելու քաղաքականություն:

«Արարատ-Արմենիան» բազմիցս բողոքել է ՀՖՖ-ի քայլերից՝ խաղերի նշանակումից մինչև սպասարկող անձնակազմ։ Սամվել Կարապետյանին պատկանող ակումբին նույնիսկ դուրս են հանել Ավանի ֆուտբոլի ակադեմիայից։

Այժմ նրանք տնային հանդիպումներն անցկացնում են Աբովյանի մարզադաշտում։ ՀՖՖ-ն Fastex Պրեմիեր լիգայի խաղացանկում գրեթե միշտ փոփոխություններ է անում՝ ու այնպես, որ զուգադիպությամբ դրանք համըկնում են «Նոայի» պահանջներին: Այ հենց այստեղ էլ սկսում է մյուս խնդիրը. նա, չնայած «Նոայի» և ֆեդերացիայի միջև սրված հարաբերություններին, երբ իրեն նույնիսկ չեն հրավիրում «Նոա» ակադեմիայի բացմանը, հասկանում է, որ չի կարող դեմ գնալ իր թիմակիցների սիրելի ակումբին։ Մասնավորապես Վարդգես Վարդանյանի հետ շատ մոտ են ու «Նոայի» յուրաքանչյուր իրադարձությանը ներկա են Սիսակ Գաբրիելյանն ու Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։ Վերջիններս ներկա էին «Նոա» մարզաբազայի բացմանը և բազմիցս Վարդանյանի հետ մեկնել են ակումբի խաղերին՝ օրինակ եղել են Լոնդոնում՝ «Չելսիի» հետ մրցավեճին։ Ակումբային արտագնա խաղերին մեկնելու փաստը Սիսակ Գաբրիելյանը նույնիսկ չի հերքել։ Fastex Պրեմիեր լիգայի ամեն տուրում խաղացանկն այնպիսի դասավորություն է ստանում, որ շահեկան է դառնում միայն «Նոային»: Փոխարենը, որպես կանոն, տուժում է, «Արարատ-Արմենիան»», քանի որ այս ակումբի համար դասավորությունն անհարմար է լինում: «Արարատ-Արմենիայի» երկրպագուները վերջերս նույնիսկ վրդովվեցին՝ պաշտոնական հաղորդագրությամբ խնդրելով փոխել խաղերի ժամերը։ Բացի այդ, բարդ խնդիրներ են առաջանում նաև մրցավարների հետ: «Նոան» վերջերս բողոքել էր «Փյունիկի» դեմ խաղի մրցավարական որոշումից, ինչից հետո ՀՖՖ-ն գործի անցավ՝ «Նոայի» հաջորդ խաղին հրավիրվելով արտասահմանցի մրցավար։ «Արարատ-Արմենիայի» խաղերի համար նման ծախսերն, իհարկե, անարդարացի կլինեին։

Ուշագրավ է, որ ՀՖՖ-ն «Նոայի»՝ նույնիսկ «Փյունիկի» հետ հետաձգված խաղի համար շռայլել և արտասահմանցի մրցավարներ հրավիրել։ Առհասարակ ՀՖՖ-ն, կարծես, կատարում է «Նոայի» բոլոր քմահաճույքները՝ ընդհուպ մինչև Ավանի ակադեմիայում մարզումային դաշտ տրամադրելը։

ՀՖՖ-ից փորձեցինք ճշտել արտասահմանցի մրցավարներին նշանակելու տրամաբանությունը, կառույցից պատասխանեցին, որ նման որոշումը պայմանավորված է առաջնության թեժ վերջնամասով, բացի այդ՝ միջազգային պրակտիկայում ևս հաճախ կարևոր խաղերին հրավիրում են արտասահմանցի մրցավարների։ Վերջին իրադարձությունների վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև «Արարատ-Արմենիայից», բայց Սամվել Կարապետյանի ակումբից ոչ մի հարցի մասին մեկնաբանություն չտվեցին։

Ֆուտբոլասերների բոլոր հիմնավորումներն, իհարկե, անզեն աչքով էլ պարզ են դառնում, սակայն զարմանալին այն է, որ ֆեդերացիան մշտապես խոսում է հավասար պայմանների մասին, ՀՖՖ նախագահը երբևէ չի անդրադառնում նման մանրուքների, իսկ ֆուտբոլասերները բացի վերլուծելուց ու քննարկելուց, ոչինչ չեն կարող անել։

info@asekose.am/095519696
Հասարակություն more