▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Գրիգորիչի որդին «լավ է անում». «Ժողովուրդ»

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց 2014 թվականի գործունեությունը: Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած կոնֆլիկտին, «Դվին» հյուրանոցի ճակատագրին, ինչպես նաեւ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքի հարցին:

 

Արման Սահակյանը նշեց, որ 2014 թվականի ընթացքում իրենք շարունակել են իրականացնել Կառավարության որդեգրած քաղաքականությունը եւ դրական բնորոշեց անցյալ տարին: Սակայն նա չցանկացավ նշել, թե կատարված բարեփոխումներն ինչի արդյունք են, եւ արդյոք դա նշանակում է, որ իր նախորդը լավ չէր աշխատում: «Բազմաթիվ բարեփոխումներ նշեցի, հիմնականում խոսքը գույքի արդյունավետ կառավարմանն էր վերաբերում: Մենք ամենօրյա օպերատիվ աշխատանքների շնորհիվ ենք կարողացել հասնել այս արդյունքներին»,- վստահեցրեց նա:

Անդրադառնալով «Դվին» հյուրանոցի հարցին՝ նա հավաստիացրեց, որ մինչեւ այս տարվա փետրվարի 15-ը հյուրանոցի նոր սեփականատերը պետք է հաշվետվություն ներկայացնի: Չնշելով, թե ով է «Դվին»-ի ներկայիս սեփականատերը, Ա. Սահակյանը սակայն հերքեց, որ նա թուրք է:

«Նախորդ պայմանագրում, որը կնքված էր սեփականատերերի հետ, իրավական հիմքերը թույլ էին: Այժմ փոփոխվել է, մինչեւ փետրվարի 15-ը կներկայացնեն՝ ինչ աշխատանքներ են կատարվել, մինչեւ 1 ամիս ժամկետում էլ մենք կներկայացնենք հանրությանը»,- ասաց Ա. Սահակյանը: Հիշեցնենք, որ «Դվին» հյուրանոցի նոր գնորդի հետ 2013-ին կնքվել է պայմանագիր մինչեւ 2016 թվականը 16 մլն դոլարի ներդրումներ իրականացնելու վերաբերյալ՝ հակառակ դեպքում նախատեսելով բավականին մեծ տուգանքներ: Մի բան, որը բացակայում էր նախորդ պայմանագրում: Համաձայն նախատեսված ժամանակացույցի՝ 2013թ. պետք է կատարվեր 850 հազար դոլարին համարժեք ներդրում, 2014-ին՝ 3 մլն 970 հազար դոլար, 2015-ին՝  8 մլն 780 հազար դոլար:

Լրագրողներն Արման Սահակյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու է պետական գույքը, օրինակ՝ Մարզահամերգային համալիրը կամ «Միկա» մարզադաշտը, պարտքի դիմաց տրվում գերատեսչություններին, այլ ոչ թե հենց պետական գույքի կառավարման վարչությանը: Առաջինի դեպքում, հիշեցնենք, այն տրվել է պաշտպանության նախարարությանը, իսկ, ահա, «Միկա» մարզադաշտն էլ  հանձնվել է ֆինանսների նախարարությանը, որպեսզի վերջինիս աշխատակիցները կարողանան ժամանակ առ ժամանակ սպորտով զբաղվել: Արման Սահակյանը պատասխանեց, որ նախարարությունը եւս պետական կառավարչական մարմին է. «Սա նույն բանն է, որ ասենք, թե ինչու է այս դպրոցը կամ համալսարանը կառավարում գիտության եւ կրթության նախարարությունը: Մարզահամերգային համալիրը, որպես գույք, ինչպես մնացած բոլոր պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, ի վերջո, հանձնվելու են Հայաստանի Հանրապետությանը: Թե այդ պահին պաշտպանության թե ֆինանսների նախարարության ենթակայության տակ է, դա այլ հարց է: Նույն հիմնարկներն են, այնպես, ինչպես բոլոր գերատեսչություններն ունեն իրենց հիմնարկները», - նշեց նա:

Պատասխանելով Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքի վերաբերյալ հարցին՝ Ա. Սահակյանը նշեց, թե այն անհատույց վարձակալման իրավունքով տրված է ռուսական կողմին: Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ այդ տարածքի հետ կապված բոլոր լիազորությունները պատկանում են հենց ռուսական կողմին:

Պետական գույքի կառավարման վարչության պետը խոսեց նաեւ նոյեմբերի վերջին Կառավարության նիստում տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժել էր Արման Սահակյանի ներկայացրած նախագիծն ու այն հանել օրակարգից: Հիշեցնենք, որ Ա. Սահակյանի ներկայացրած նախագծով առաջարկվում էր «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երեւան քաղաքի Կիեւյան 2-րդ նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քառ. մետր մակերեսով շենք-շինություններն օտարել դասական աճուրդով: Սակայն Կառավարության նիստում վարչապետը բավականին կոպիտ ձեւով ի ցույց էր դրել իր զայրույթն առ այն, որ գույքն օտարելու պատճառով բնակիչները պետք է դրսում հայտնվեին:

Անդրադառնալով այդ դեպքին՝ Ա. Սահակյանը նշեց, որ խոսքը ոչ թե բնակեցված շենքի մասին է եղել, այլ սեփական տան, որտեղ ապրում են ընտանիքի 5 անդամներ: «Բնականաբար, այդ խնդիրը պետք է լուծում ստանա, որովհետեւ կա դատական վճիռ: Նրանք վարկ էին վերցրել՝ գույքը գրավ դնելով: Այն ժամանակ բանկեր պայթեցին, եւ այդ լիազորությունն անցել է ֆինանսների նախարարությանը»,- նշեց Ա. Սահակյանն ու ընդգծեց, որ հարցը պետք է լուծում ստանա, քանի որ դատարանի վճիռն ամեն ինչից վեր է: Դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ մասին հենց Կառավարության  նիստի օրը չի ասել վարչապետին, Ա. Սահակյանը պատասխանեց. «Լավ արեցի»:

Նշենք, որ սա վարչապետի եւ Արման Սահակյանի միջեւ լարված հարաբերությունների դրսեւորման միակ դեպքը չէ: Կառավարության նիստերի ժամանակ վարչապետը հաճախ է այս կամ այն հարցի շուրջ նկատողություն անում Արման Սահակյանին եւ այդ կերպ փորձում ցույց տալ, թե ով է գլխավորը: Վարչապետին ետ չի պահում այն, որ Ա. Սահակյանն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին է: Այդուհանդերձ, Արման Սահակյանը վստահեցրեց, թե Հովիկ Աբրահամյանի հետ որեւէ կոնֆլիկտ չկա, եւ նշեց, որ վերջինիս հարգում է որպես գործադիրի ղեկավար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more